«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 701-Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու պայմանները, ժամկետները և արարողակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՄ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ
1. Սույնով սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազորված մարմնի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունները (այսուհետ՝ եզրակացություն) վերանայելու կամ չեղյալ հայտարարելու պայմանները, ժամկետները և արարողակարգը։
2. Եզրակացությունը կարող է վերանայվել կամ չեղյալ համարվել, եթե՝
ա) ընդունվել է նոր բնապահպանական օրենսդրություն, կամ դրանում կատարվել են լրացումներ կամ փոփոխություններ.
բ) ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ։
3. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում լիազորված մարմինը 30-օրյա ժամկետում բացահայտում է հանրապետությունում գործող այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ իրականացնող), որոնց նախկինում տրվել է եզրակացություն և որոնց կարող են վերաբերել նշված փոփոխությունները։
4. Լիազորված մարմինն իրականացնողին ծանուցում է նոր պայմաններին իրականացվող գործունեության անհամապատասխանության և նախկինում տրված եզրակացության վերանայման անհրաժեշտության մասին։
5. Իրականացնողը ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում կարող է լիազորված մարմին ներկայացնել գործունեությանն առնչվող փաստաթղթերի փաթեթը և եզրակացությունը՝ վերջինս վերանայելու նպատակով համապատասխան վերլուծություն կատարելու համար։
6. Լիազորված մարմինը 10-օրյա ժամկետում վերլուծում է ներկայացված փաստաթղթերը և եզրակացությունը։
7. Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ սույն հավելվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված պայմաններում գործունեության շարունակման դեպքում շրջակա միջավայրին կարող է հասցվել անդառնալի վնաս, ապա եզրակացությունը չեղյալ է հայտարարվում, և լիազորված մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է իրականացնողին, ազդակիր համայնքին, շահագրգիռ կազմակերպություններին ու հասարակայնությանը։
Իրականացնողը գրությունն ստանալուց հետո պարտավոր է անմիջապես դադարեցնել գործունեությունը՝ օրենքով սահմանված կարգով։
8. Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է գործունեության մեջ կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, իրականացնել առանձին միջոցառումներ կամ ձեռնարկումներ, ապա լիազորված մարմինը գրավոր՝ համապատասխան հիմնավորումներով, իրականացնողին տեղեկացնում է եզրակացության համապատասխան մասով վերանայման անհրաժեշտության մասին։
9. Իրականացնողը կարող է փաստաթղթերում, լիազորված մարմնի պահանջներին համապատասխան, կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, նախատեսել առանձին միջոցառումներ կամ այլ ձեռնարկումներ և եռամսյա ժամկետում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը վերաբերող լրամշակված փաստա-թղթերը՝ համապատասխան փոփոխություններով ու անհրաժեշտ համաձայնություններով, ներկայացնել լիազորված մարմին՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։
10. Եզրակացությունը վերանայվելու կամ չեղյալ հայտարարվելու դեպքում նախկին եզրակացությունը՝ համապատասխան մասով, ուժը կորցրած է ճանաչվում։
11. Լրամշակված փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
12. Վերանայված եզրակացությունն իրականացնողին է տրվում փաստաթղթերն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում, իսկ հասարակական լսումների անցկացման անհրաժեշտության դեպքում՝ 50-օրյա ժամկետում։
13. Նոր եզրակացություն ստանալու համար նախատեսված ծախսերը կատարում է իրականացնողը կամ հայեցակարգը ֆինանսավորողը՝ օրենքով սահմանված կարգով։
14. Եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու հետևանքով իրականացնողի կողմից կրած վնասի փոխհատուցումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։
15. Եզրակացությունը վերանայելու կամ չեղյալ հայտարարելու մասին ընդունված որոշումն իրականացնողի կողմից կարող է բողոքարկվել օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |