«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2003 թվականի N 286-Ն
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 40-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության նորմերի խախտումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա ՆԿ
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Հիդրոտեխնիկական կառուցվածքների (այսուհետ՝ ՀՏԿ) անվտանգության ապահովման նորմերի խախտումներ են համարվում՝
1. նախագծման փուլում՝
ա) պատվիրատուի հետ չհամաձայնեցված և նորմատիվային փաստաթղթերին չհամապատասխանող ելակետային տվյալների օգտագործումը.
բ) տեխնիկատնտեսապես անարդյունավետ և (կամ) գիտականորեն չհիմնավորված լուծումների կիրառումը.
գ) սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջները չպահպանելը.
դ) ՀՏԿ-ների հիդրավլիկական մոդելավորման հետազոտությունների կամ այդպիսի հետազոտությունների ավելորդության հիմնավորման բացակայությունը.
ե) հետազննական (չափիչ-հսկող սարքերի և դիտակետերի) ցանցի բացակայությունը.
զ) ջրերի վնասակար հնարավոր ներգործության կանխման միջոցառումների բացակայությունը.
է) անկախ մասնագիտական (այդ թվում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության) փորձաքննության բացակայությունը.
ը) օրենքով սահմանված լինելու դեպքում՝ լիցենզիայի բացակայությամբ նախագծային աշխատանքների կատարումը.
2. շինարարության փուլում՝
ա) շինարարության, վերականգնման և վերակառուցման ընթացքում, առանց սահմանված կարգով նախագծողի հետ համաձայնեցման, նախագծային լուծումներից շեղումները.
բ) վերականգնման և վերակառուցման ընթացքում ՀՏԿ-ների նախնական նախագծային լուծումների փոփոխման դեպքում նոր լուծումները նախագծողի հետ չհամաձայնեցնելը և (կամ) համաձայնեցումից հետո դրանցից շեղումները.
գ) չստուգված և (կամ) նախագծով նախատեսված պահանջները չբավարարող շինարարական նյութերի օգտագործումը.
դ) օրենքով սահմանված լինելու դեպքում՝ համապատասխան լիցենզիայի բացակայությամբ շինարարական աշխատանքների կատարումը.
ե) գետերի հուներում և լճերի ափերին ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ չնախատեսված շինարարական աշխատանքների կատարումը.
3. օգտագործման փուլում՝
ա) ջրային համակարգերի օգտագործման թույլտվությամբ նախատեսված պահանջները չկատարելը.
բ) անվտանգության հայտարարագրերով նախատեսված պահանջները չկատարելը.
գ) տեխնիկական մոնիտորինգի, զննման ժամկետների ու կարգի խախտման և (կամ) զննման արդյունքում արձանագրված թերությունների ու ՀՏԿ-ների օգտագործման կանոնների խախտումների վերացման միջոցառումների ծրագիր չկազմելը և (կամ) այն չիրականացնելը.
դ) օգտագործման ընդունման, թողարկման, օգտագործման, կոնսերվացման և (կամ) լուծարման գործընթացներում՝ սահմանված անվտանգության նորմերը և կանոնները խախտելը.
ե) անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելը, երբ մեծացել է բնական կամ տեխնածին երևույթների ազդեցությունը, թուլացել կառուցվածքների ամրությունը և վատացել անջրանցիկությունը.
զ) ՀՏԿ-ներում վթարային իրավիճակի մասին տեղեկություններ չհայտնելը.
է) արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելը.
ը) առանց ՀՏԿ-ներն օգտագործող կազմակերպության համաձայնության՝ ջրամբարներում և այլ ջրային համակարգերում ձկան, այլ կենդանիների որսի կամ բուծման և (կամ) ջրավազաններից, դրանց հուներից ու ափերից այլ կենսառեսուրսների և նյութերի արդյունահանման թույլտվության տրամադրումն ու առանց թույլտվության դրանց իրականացումը.
թ) ՀՏԿ-ներն օգտագործող կազմակերպությունների և (կամ) դրանց ստորաբաժանումների ղեկավարների և (կամ) աշխատողների նշանակման (ընտրության) դեպքում մասնագիտական որակավորման պահանջները չպահպանելը.
ժ) արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության համակարգը պատրաստի վիճակում չպահելը.
ժա) վթարի ռիսկի մեծացման դեպքում տեղեկատվություն չտալը, այն թաքցնելը կամ վտանգի ռիսկի չափն ակնհայտ միտումնավոր կերպով նվազեցնելը կամ ավելացնելը.
ժբ) հիդրոհանգույցներում առանձին կառույցների և (կամ) համակարգերի պարամետրերի՝ սահմանված կարգով չհամաձայնեցված փոփոխությունների կատարումը.
ժգ) հիդրոհանգույցից հոսանքով դեպի վար և վեր, գետի հունի մեջ կամ նրան հարակից տարածքներում ապօրինի շինարարական աշխատանքներ կատարելը և (կամ) այդ տարածքները չնախատեսված տնտեսական կամ այլ նպատակներով օգտագործելը.
ժդ) անօտարելի գոտիների այնպիսի օգտագործումը, որը կարող է խանգարել (խոչընդոտել) ՀՏԿ-ների օգտագործման, վերականգնման և պահպանման խնդիրների իրականացմանը.
ժե) ՀՏԿ-ների անվտանգության ապահովման միջոցառումները ոչ բավարար և ոչ ժամանակին ֆինանսավորելը.
ժզ) ջրերի վնասակար ներգործության կանխարգելման միջոցառումները չիրականացնելը.
ժէ) ջրօգտագործման հաշվառման և դրա մասին հաշվետվությունների բացակայությունը.
ժը) ջրի որակի և քանակի մասին տեղեկատվության բացակայությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |