«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 օգոստոսի 2003 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
23 հուլիսի 2003 թվականի N 986-Ն
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 95-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 46-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորումը` արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:
2. Ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառը կառուցվում և շահագործվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ջրօգտագործման թույլտվության ու հանքավայրերի շահագործման պայմանագրի առկայության դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը համակարգում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ստորերկրյա ջրաղբյուրների պահուստավորման ու պահպանման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, ելնելով տարածքի նախագծից և համապատասխան ինժեներական հետազոտություններից, ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին պետք է կատարի ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառի կառույցի տեսակի, տեղադրման սխեմայի ընտրությունը՝ այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ջրերի որակը և քանակը հսկելու նպատակով դիտողական հորատանցքերով կահավորում է ստորերկրյա պահուստային աղբյուրները:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իր իրավասության սահմաններում յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ պետք է իրականացնի ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրի մանրէաբանական, քիմիական և ֆիզիկական հատկությունների հետազոտություններ՝ արդյունքների մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, իսկ ջրամատակարարման համակարգերը շահագործող կազմակերպությունն արտակարգ իրավիճակներում պետք է իրականացնի արտադրական հսկողություն ջրի որակի նկատմամբ:
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառի կետերում տարեկան առնվազն մեկ անգամ իրականացնում է ռեժիմային դիտարկումներ (ժամանակի ընթացքում ջրի քանակական և որակական ցուցանիշների օրինաչափությունների փոփոխության հանրագումարը) և արդյունքները ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ու ջրօգտագործողներին:
8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն է ներկայացնում տեղեկատվություն ստորերկրյա պահուստային աղբյուրների մասին՝ արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը խմելու ջրով ապահովելու միջոցառումների ծրագրեր մշակելու համար:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արտակարգ իրավիճակներում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացմամբ, ապահովում են ստորերկրյա պահուստային աղբյուրների պահպանությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |