«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2003 թվականի N 888-Ն
ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ, ՄՇՏԱՊԵՍ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 15-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հատուկ պահպանվող ջրային համակարգերն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և պահպանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ, ՄՇՏԱՊԵՍ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են (հաշվի առնելով ջրային համակարգի՝ մարդկային կյանքին վտանգ սպառնացող, դրա ազդեցության տակ գտնվող միջավայրի անվտանգության գործոնները) հատուկ պահպանվող ջրային համակարգերը կամ դրանցում ներառված առանձին հիդրոտեխնիկական կառուցվածքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և պահպանելու գործընթացները:
2. Հիդրոտեխնիկական կառուցվածքի օգտագործման ընթացքում և օգտագործումից հանելու, ինչպես նաև գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքերում դրանք օգտագործող կազմակերպությունը կազմում է անվտանգության հայտարարագիր:
Հայտարարագրի բովանդակությունը և մշակման կարգը, ըստ հիդրոտեխնիկական կառուցվածքի կարևորության և առանձնահատկությունների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հիդրոտեխնիկական կառուցվածքի սեփականատերը հիդրոտեխնիկական կառուցվածքն ամբողջությամբ կամ մասնակիորեն, մշտապես կամ ժամանակավորապես շրջանառությունից դուրս բերելու որոշում ընդունելուց առաջ`
ա) համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և զննման կարգի, ստեղծում է մասնագիտական հանձնաժողով` պարտադիր ներգրավելով հիդրոտեխնիկական կառուցվածքի սեփականատիրոջ լիազոր ներկայացուցիչներին, նախագծող կազմակերպության ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, հիդրոտեխնիկական կառուցվածքի տեխնիկական վիճակի կամ առաջացած բնապահպանական խնդիրների ուսումնասիրությունների կամ դրա շահագործման տնտեսական նպատակահարմարության վերլուծության իրականացման նպատակով.
բ) հիդրոտեխնիկական կառուցվածքի սեփականատերը հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ինչպես նաև՝ հաշվի առնելով համապատասխան մասնագետների կարծիքը կամ տնտեսական գործունեության աննպատակահարմարության մասին կազմված վերլուծությունը, ընդունում է սույն կարգի 5-րդ կետում նշված որոշումը:
4. Հիդրոտեխնիկական կառուցվածքի սեփականատիրոջ կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովը պարտադիր ներկայացնում է`
ա) իր եզրակացության մեջ`
հիդրոտեխնիկական կառուցվածքի տեխնիկական վիճակի մանրամասն նկարագիրը, հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգությունը չապահովող թերությունների մանրամասն նկարագիրը և դրանց վերացման վերաբերյալ առաջարկությունները,
հիդրոտեխնիկական կառուցվածքի ամբողջական կամ մասնակիորեն վթարի կանխման համար անհրաժեշտ առաջնահերթ միջոցառումները և դրանց իրականացման ժամկետները,
հիդրոտեխնիկական կառուցվածքի վթարի հետևանքով հնարավոր վնասը, այդ թվում՝ կառուցվածքի տիրապետման՝ բնակավայրերի և գյուղատնտեսական հողատեսքերի հեղեղումների ու ջրածածկումների հարցերը,
հիդրոտեխնիկական կառուցվածքի տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելուց հետո այլընտրանքային ջրամատակարարման տարբերակները,
հիդրոտեխնիկական կառուցվածքը տնտեսական գործունեության ոլորտից դուրս բերելու և վերականգնման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը.
բ) իր վերլուծության մեջ`
հիդրոտեխնիկական կառուցվածքի տիրապետման՝ գյուղատնտեսական նպատակով օգտագործվող հողատարածքներում մշակաբույսերի արտադրության և իրացման արդյունավետության խնդիրները,
հիդրոտեխնիկական կառուցվածքի շահագործման և պահպանման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկները,
հիդրոտեխնիկական կառուցվածքի տիրապետման՝ գյուղատնտեսական հողատարածքների արդյունավետ օգտագործման այլընտրանքային հիմնավորված առաջարկությունները:
5. Հիդրոտեխնիկական կառուցվածքի սեփականատերը, ղեկավարվելով հիդրոտեխնիկական կառուցվածքի տեխնիկական շահագործման կանոններով, ինչպես նաև հաշվի առնելով մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը, հիդրոտեխնիկական կառուցվածքի հետագա շահագործման նպատակահարմարության վերաբերյալ որոշում ընդունելուց հետո կազմում է հիդրոտեխնիկական կառուցվածքն օգտագործումից դուրս բերելու տեխնիկական միջոցառումների պլան ու ժամանակացույց և հայտարարագրի հետ միասին սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Նշված պլանը և ժամանակացույցը հաստատում է ջրային համակարգերի կառավարման մարմինը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական կառավարման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պետական կառավարման այլ մարմինների հետ:
6. Հիդրոտեխնիկական կառուցվածքն օգտագործումից դուրս բերելու և պահպանելու պլանով նախատեսված միջոցառումներն իրականացվում են դրա սեփականատիրոջ միջոցների հաշվին:
7. Ժամանակավորապես շրջանառությունից դուրս բերված հիդրոտեխնիկական կառուցվածքի անվտանգության հսկողությունը, դրա պահպանումն ու անվտանգության խնդիրներն ապահովում է հիդրոտեխնիկական կառուցվածքի սեփականատերը, որի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ջրային համակարգերի կառավարման մարմինը:
8. Հիդրոտեխնիկական կառուցվածքը մշտապես տնտեսական գործունեության ոլորտի շրջանառությունից դուրս բերելուց և պահանջվող անվտանգության միջոցառումներ իրականացվելուց հետո դրա սեփականատերը կարող է օրենքով սահմանված կարգով այն օտարել կամ իր հաշվեկշռից դուրս գրել:
9. Տնտեսական գործունեության ոլորտից ժամանակավորապես դուրս բերված հիդրոտեխնիկական կառուցվածքը կարող է տնտեսական գործունեության ոլորտ ընդգրկվել կառուցվածքը շահագործումից դուրս բերելու և դրա անվտանգության հայտարարագրի պահանջների կամ տնտեսական ոլորտից դուրս բերելու այլ պատճառներով պայմանավորված վերականգնման նախագծային միջոցառումների ավարտման աշխատանքներից հետո դրա մասին հիդրոտեխնիկական կառուցվածքի սեփականատիրոջ կողմից համապատասխան ակտը հաստատելուց հետո՝ տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |