«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2002 թվականի N 729-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 146 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 20-ի «2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 146 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.
«ե) չի թույլատրվում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից` իրենց և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տեղադրող մարմինների միջև կնքված` պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների մասին պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձեռք բերած իրենց պահանջի իրավունքի զիջումն այլ անձանց` առանց պարտապանի համաձայնության».
բ) որոշմամբ հաստատված` 2002 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգից հանել 37-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետին` մեկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետին համապատասխան կատարել լրացում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 20-ի N 146 որոշման 4-րդ կետի «բ» ենթակետի հիման վրա հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի և բուժհաստատությունների միջև կնքվելիք օրինակելի պայմանագրերում:
3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմինների ղեկավարներին` երկշաբաթյա ժամկետում սույն որոշման 1-ին կետին համապատասխան կատարել լրացում իրենց ու բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների միջև կնքված` պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման աշխատանքների մասին պայմանագրերում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|