«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2002 թվականի N 1625-Ն
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` 3-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Պ Ա Ր Տ Ա Դ Ի Ր Ն Ո Ր Մ Ե Ր
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության` շենքը կրող կառուցվածքների, շենքի միջհարկային ծածկերի (առաստաղներ, հատակներ), նկուղների, ձեղնահարկի, տեխնիկական հարկերի, տանիքի, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների, վերելակների, վերելակային ու այլ հորերի, մեխանիկական, էլեկտրական և այլ սարքավորումների ու տարածքների պահպանմանը ներկայացվող քաղաքաշինական, սանիտարական հակահրդեհային ու կոմունալ սպասարկման պահանջների ապահովմանն ուղղված պարտադիր նորմերը ներառում են այնպիսի նվազագույն ծավալի պարտադիր իրականացման ենթակա կազմակերպական և տեխնիկական համալիր միջոցառումներ ու աշխատանքներ, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
2. Պարտադիր իրականացման են ենթակա հետևյալ միջոցառումները և աշխատանքները`
ա) կենցաղային և կոշտ թափոնների հեռացում՝ առնվազն երեք օրը մեկ անգամ.
բ) ընդհանուր օգտագործման տարածքների աղբամուղի ու աղբահավաք խցերի դիզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում՝ առնվազն երեք ամիսը մեկ անգամ.
գ) ընդհանուր օգտագործման և շենքի շինության սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող տարածքների սանիտարական մաքրում՝ առնվազն երկու օրը մեկ անգամ.
դ) ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում՝ առնվազն տարին մեկ անգամ.
ե) վերանորոգման աշխատանքների իրականացում, որոնց չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
Վերանորոգման աշխատանքների իրականացման ժամկետները որոշվում են շենքի ընդհանուր օգտագործման գույքի տեխնիկական վիճակի տեսողական զննման, անհրաժեշտության դեպքերում` մասնագիտական կազմակերպությունների կողմից տրված եզրակացությունների հիման վրա:
Ընդ որում, վթարային բնույթի այն վնասվածքներն ու անսարքությունները, որոնք կարող են ուղղակի վտանգ ներկայացնել, անհապաղ պետք է վերացվեն: Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատվի տվյալ բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից.
զ) բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ:
Ավելի քան 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացվում է սույն որոշումն ուժի մտնելուց հետո 3 տարվա ընթացքում:
Նոր կառուցվող, ինչպես նաև մինչև 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացվում է դրանց 10 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |