ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 հունվարի 2015 թ. |
N 3 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընտանեկան ձեռնարկատիրության հարկմանը վերաբերող հարցերը կանոնակարգված են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի II.2-րդ գլխով:
2. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները (պայմանագրային եկամուտ ստացողները), նոտարները, անհատ ձեռնարկատերերը նույն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով: Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ համար սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ է համարվում ձեռնարկատիրական եկամուտը, որը օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունից «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտն է:
Անհատ ձեռնարկատերը սոցիալական վճարը կատարում է հետևյալ չափերով.
1) ձեռնարկատիրական եկամտի նկատմամբ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մասի 1-ին կետով սահմանված չափերով,
2) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով ստացված եկամուտներից՝ ամսական 5 հազար դրամի չափով:
3. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի համաձայն.
1) ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանի Հանրապետությունում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու նույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողին վճարված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով,
2) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված և (կամ) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հարկ վճարողները եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք` առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:
2. Վարձակալության գործարքների մասով կիրառելի են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի II.2-րդ գլխի դրույթները:
3. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվողների կողմից ընտանեկան ձեռնարկատիրության մասով ապրանքների ներմուծման դեպքում կիրառելի են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13.10-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:
4. «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները հաստատագրված վճարները և (կամ) արտոնագրային վճարները հաշվարկում և վճարում են այդ օրենքներով սահմանված կարգով:
2014 թվականի հաշվետու տարվա ընթացքում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվողների կողմից մինչև այդպիսին դառնալը իրականացված գործունեության մասով հարկերը (այդ թվում` որպես հարկային գործակալ հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը) և պարտադիր (նպատակային) վճարները հաշվարկվում (վճարվում) են, իսկ դրանց վերաբերող հաշվարկները ներկայացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
5. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտն իր գործունեությունը, այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված գործունեության տեսակները, պետք է իրականացնի բացառապես ընտանիքի անդամների միջոցով՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ներկայացնելով ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ ներկայացված հայտարարությունում ընտանիքի անդամների կազմում անհատ ձեռնարկատիրոջ տվյալները չեն ներառվում:
6. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամների փոփոխության դեպքում, մինչև փոփոխություն կատարելը, ներկայացվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ նոր հայտարարություն, որտեղ լրացվում է ընտանիքի անդամների նոր ամբողջական կազմը:
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի ընտանիքի անդամների փոփոխության դեպքում՝
1) անհատ ձեռնարկատերը շարունակում է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե վերջինս իր գործունեությունը շարունակում է իրականացնել իր ընտանիքի առնվազն մեկ անդամի (այդ թվում` որպես վարձու աշխատողի) միջոցով.
2) առևտրային կազմակերպությունը շարունակում է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալն ամբողջությամբ շարունակում է պատկանել ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի և եթե կազմակերպությունն իր գործունեությունը շարունակում է իրականացնել բացառապես այդ ընտանիքի մեկից ավելի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատողի) միջոցով:
7. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերը միաժամանակ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով սահմանված արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնելու դեպքում հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով ստացված եկամուտներից վճարում է եկամտային հարկ` ամսական 5 հազար դրամի չափով, ինչպես նաև սոցիալական վճար (վճարող հանդիսանալու դեպքում)` ամսական 5 հազար դրամի չափով, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելով տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ:
Բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատիրոջ համար «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի («Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտ) բացակայությամբ պայմանավորված ընտանեկան ձեռնարկատիրության մասով չի առաջանում նաև սոցիալական վճարի կատարման և տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ ներկայացնելու պարտավորություն:
8. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտն ընտանիքի անդամ հանդիսացող ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված անձանց համար (այդ թվում, երբ վերջիններս «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված գործունեության տեսակների մասով նույնպես հանդիսանում են վարձու աշխատող) որպես հարկային գործակալ վճարվող ցանկացած հարկվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում և վճարում է յուրաքանչյուր անձի համար ամսական 5 հազար դրամի չափով` մինչև եկամուտների հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտից քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտներ ստացող ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ինքնուրույնաբար:
9. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը միաժամանակ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով սահմանված արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներ իրականացնելու դեպքում, հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով որպես հարկային գործակալ կրում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված` եկամտային հարկ վճարելու պարտավորություն:
10. Այն դեպքում, երբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամ հանդիսացող վարձու աշխատողը (պայմանագրային եկամուտ ստացողը) հանդիսանում է սոցիալական վճար կատարող, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող գործատուն պարտավոր է հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկ, որտեղ պետք է արտացոլի միայն այդ աշխատողի «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված միայն սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը (աշխատավարձը, պայմանագրային եկամուտը) և համապատասխան դրույքաչափերով հաշվարկված (պահված) սոցիալական վճարի գումարը (եկամտային հարկի գումարը չի արտացոլվում):
11. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ հաշվետու տարվա որևէ պահին հարկման ընդհանուր կարգին անցնելու դեպքում ընտանեկան ձեռնարկատիրության մասով ստացման ենթակա եկամուտները և այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր կարգով հարկվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս: Այդ դեպքում անհատ ձեռնարկատերը եկամտային հարկը և սոցիալական վճարը (վճարող հանդիսանալու դեպքում) հաշվարկում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտ հանդիսացող հարկվող եկամտից:
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերը հաշվետու տարվա որևէ ամսվա ընթացքում շրջանառության հարկ վճարող համարվելու դեպքում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահը ներառող ամսվան հաջորդող ամսվանից սկսած յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկը կատարում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված չափով:
12. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող գործատուն (հարկային գործակալը) հաշվետու տարվա որևէ ամսվա ընթացքում ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու ամսվա համար ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամ հանդիսացող վարձու աշխատողների (պայմանագրային եկամուտ ստացողների) եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 5000 դրամի չափով, իսկ այդ ամսվան հաջորդող ամսվանից սկսած` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով:
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար` |
Ա. Աֆրիկյան |