ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
24 հուլիսի 2014 թ. |
N 1-ՊՊ |
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկի 2-րդ կետը բացառություն է նախատեսում այն տրանսպորտային միջոցների համար, որոնք պետական գրանցման ենթակա չեն: Մասնավորապես, պետական գրանցման ենթակա չեն՝ մրցարշավային տրանսպորտային միջոցները, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս` փակ տարածքներում շահագործվող տրանսպորտային միջոցները, առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ ինքնաշեն) տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանությունում գրանցված, հաշվառված և գրանցումից, հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները (միայն սեփականության իրավունքի մասով):
Ի թիվս տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման այլ նպատակների, հասարակական կարգի, հասարակական անվտանգության պահպանության, հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման և ոստիկանությանը վերապահված այլ խնդիրներն իրականացնելու նպատակով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ոստիկանությանն օրենսդրությամբ իրավունք է վերապահված իր իրավասության սահմաններում իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական հաշվառում /«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ/: Պետական հաշվառումը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է, որի արդյունքում տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր և (կամ) հաշվառման համարանիշ (բացառությամբ «տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում հաշվառման վկայագիր և համարանիշեր չեն տրվում), իսկ տրանսպորտային միջոցի պետական հաշվառումն իրականացվում է միայն տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա, որն իրենից նեկայացնում է տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցում: ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման 1-ին հավելվածը, սահմանելով պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, բացառություն է նախատեսել այն տրանսպորտային միջոցների համար, որոնք պետական գրանցման ենթակա չեն:
Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությանը, ապա դրա անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի ստուգմամբ՝ շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երթևեկության անվտանգությանը սպառնացող փոփոխությունների կատարումը կանխելու, երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին և կահավորանքին համապատասխանեցնելու նպատակով:
Նկատի ունենալով, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի դրույթների համադրությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է առաջացրել՝ կապված Հայաստանի Հանրապետությունում գրանցման ոչ ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման հետ, և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պաշտոնապես պարզաբանում է.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության՝ անկախ դրանց պետական գրանցման ենթակա լինելու կամ չլինելու հանգամանքից:
Գեներալ-լեյտենանտ |
Վ. Գասպարյան |