040.0284.12.04.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2001 թվականի N 284
քաղ. Երևան
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՀԻՎԱՆԴ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգը (կցվում է).
բ) բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործած` մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց պարտավորագրի ձևը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՀԻՎԱՆԴ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ
1. Սույն կարգը կարգավորում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (այսուհետև` ՄԻԱՎ) վարակված կամ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով (այսուհետև` ՁԻԱՀ) հիվանդ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժման նպատակով մուտքը Հայաստանի Հանրապետություն:
2. ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձն իր բնակության տարածքային ՁԻԱՀ-ի կենտրոնի կամ համապատասխան այլ բուժհիմնարկի կողմից տրված, համապատասխան կարգով հաստատված հիվանդությունը հավաստող փաստաթղթերով (փաստաթղթերը ներկայացվելու պահին պետք է լինեն ոչ ավելի, քան 2 շաբաթվա վաղեմության) դիմում է տվյալ պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ` բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը փաստաթղթերը մեկ ամսվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որն իր հերթին դրանք 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` բուժման անհրաժեշտությունը որոշելու նպատակով:
4. Հիվանդին բուժման ընդունելու կամ մերժելու չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ելնելով ՄԻԱՎ-ով վարակված և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բուժման գործում ձեռք բերված փորձից:
5. Բուժման ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հայտնում է հիվանդ օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համաձայնության և ժամանակացույցի մասին` հաշվի առնելով բուժման լիցենզիա ունեցող բուժհիմնարկի հնարավորությունները: Բուժման ընդունումը մերժվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք տեղեկացվում են դրա մասին:
6. Հայաստանի Հանրապետություն ժամանող ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, ստանալով մինչև 90 օր ժամկետով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր, ծանոթանում և ստորագրում են համապատասխան պարտավորագիր: ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք նախօրոք զգուշացվում են, որ բուժումը վճարովի է, ուստի, մինչև մուտքի վիզա ստանալը, այդ անձինք պետք է հաստատեն իրենց վճարունակ լինելը: Բացառության կարգով` ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց բուժումը կարող է կազմակերպվել անվճար, որի նպատակահարմարության վերջնական որոշումն ընդունվում է բուժման լիցենզիա ունեցող բուժհիմնարկի կողմից:
7. ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս անմիջապես պետք է ուղեկցվեն ՁԻԱՀ-ի բուժման լիցենզիա ունեցող բուժհիմնարկ, այնուհետև` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, որտեղ նրանք ենթարկվում են լաբորատոր հետազոտության` համաձայն կողմերի (բուժհիմնարկի և կենտրոնի) միջև կնքվելիք պայմանագրի: ՄԻԱՎ-ով վարակակրության կամ ՁԻԱՀ-ով հիվանդության հաստատման դեպքում նրանց տրվում է ուղեգիր` բուժման համար: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ուղեգիր չունեցող` ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուժման նպատակով չեն կարող հոսպիտալացվել: ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ու բուժումը կազմակերպող բուժհիմնարկի միջև կնքվում է համապատասխան պայմանագիր, որում նշվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև բուժման այն ժամկետը, որը լրանալուց հետո տվյալ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը պարտավոր է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, այլապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է Հայաստանի Հանրապետությունից վարչական վտարման: Բուժման գործընթացը կարող է սկսվել միայն պայմանագրի առկայության դեպքում:
8. ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից մինչև Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը գտնվում են այն բուժհիմնարկի պատասխանատվության ներքո, որտեղ կազմակերպվել է նրանց բուժումը:
9. ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա այն քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր բուժման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում խախտում են սույն կարգի պահանջները պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
10. ՄԻԱՎ-ով վարակված կամ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուժումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում պետք է ենթարկվեն լաբորատոր հետազոտության:
Հաստատված է |
Ձև
Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր
ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԱԾ` ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ ՀԻՎԱՆԴ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ
Ես` _____________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը)
անձնագիր` _________________________________________________________
երկիր` _______________ քաղաքացիություն ________________________________
բնակվող ____________________________________________________ հասցեում,
գրավոր հաստատում եմ, որ ես ծանոթացա`
ա) «Մարդու իմունային անբավարարության վիրուսի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին, ըստ որի ՄԻԱՎ-ով վարակված անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը պարտավոր է պահպանել լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ՄԻԱՎ-ի տարածումը բացառող նախազգուշական միջոցները.
բ) նշված օրենքի 17-րդ հոդվածին, ըստ որի օրենքը խախտող անձինք, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1192-րդ հոդվածին, ըստ որի այլ անձանց ՁԻԱՀ-ով վարակելու ակնհայտ վտանգին ենթարկելը պատժվում է ազատազրկմամբ` մինչև 5 տարի ժամանակով: Իսկ ՁԻԱՀ-ով վարակելն այն անձի կողմից, որը տեղյակ է եղել հիվանդության մասին, պատժվում է ազատազրկմամբ` մինչև 8 տարի ժամանակով.
դ) ՄԻԱՎ-ով վարակված և ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգին, ըստ որի բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից մինչև Հայաստանի Հանրապետությունից հեռանալը նրանք պետք է գտնվեն այն բուժհիմնարկների պատասխանատվության ներքո, որտեղ կազմակերպվելու է բուժումը: Բուժման ժամկետը լրանալուց հետո նրանք պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, այլապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են Հայաստանի Հանրապետությունից վարչական վտարման:
Քաղաքացի _______________________________
(ստորագրությունը) |
Պատասխանատու անձ _____________________
(ստորագրությունը) |
|
___ _____________ 200 թ.