040.0662.20.07.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2001 թվականի N 662
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և ի կատարումն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը (կցվում է):
|
Ա. Մարգարյան |
|
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում ԵՎ դոկտորանտուրայում ուսուցման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետև` բուհեր), Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների գիտական կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման, ինչպես նաև հայցորդության ձևակերպման կարգը:
2. Ասպիրանտուրան, դոկտորանտուրան և հայցորդությունը հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձևեր են, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետև` ԲՈՀ) Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:
3. Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձ է, որը սովորում է ասպիրանտուրայում՝ տեսական մասնագիտական գիտելիքները խորացնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստելու, իսկ հետազոտողի հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի առկայության դեպքում՝ նաև համապատասխան որակավորման աստիճան ստանալու համար:
4. Դոկտորանտը գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձ է, որն ընդունվել է դոկտորանտուրա` գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստելու համար:
5. Հայցորդը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձ է, որը բուհին կամ կազմակերպությանը կից պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն:
6. Ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդների համակարգի ձևերով գիտական կադրեր պատրաստելու իրավունք ունեն այն բուհերն ու կազմակերպությունները, որոնք ունեն բարձր որակավորմամբ գիտամանկավարժական և գիտական կադրեր, ժամանակակից գիտահետազոտական ու փորձարարական բազա, հեղինակավոր գիտական դպրոցներ, մասնակցում են հանրապետական և միջազգային գիտակրթական ծրագրերի, նախագծերի մշակմանն ու իրականացմանը:
7. Ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր պատրաստելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունները համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետև՝ նախարարություն), իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն՝ կցելով սույն կարգի 2-րդ կետում նշված մասնագիտությունների ցանկը, յուրաքանչյուր մասնագիտությամբ՝ գիտամանկավարժական կադրերի և գիտական աշխատողների կազմը, նրանց գիտական աշխատությունների ցանկը, ինչպես նաև բուհի և կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհրդի որոշումը:
Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր պատրաստելու և այն դադարեցնելու մասին որոշում ընդունվում է փորձաքննության հիման վրա, որը սույն կարգի 6-րդ կետում նշված՝ նախարարության կողմից սահմանված չափանիշներով անցկացվում է նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից։ Ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի բացումը և դրանց գործունեության դադարեցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հրամանով:
Բուհերում, կազմակերպություններում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի գիտամեթոդական ղեկավարությունն ու գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը:
8. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 6 ամիս առաջ նախարարությունը, շահագրգիռ նախարարություններից և գերատեսչություններից ստացած հայտերի հիման վրա, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի տեղերի թիվն ըստ ուսուցման ձևերի (առկա, հեռակա) և ֆինանսավորման (անվճար, վճարովի):
9. Առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունված անձինք զինվորական ծառայությունից ստանում են տարկետում՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
II. Ասպիրանտուրա
10. Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը՝ 4 տարին:
11. Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով՝ միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի, կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ:
Նախկինում ասպիրանտուրան ավարտած կամ ասպիրանտուրայից ազատված անձինք (անհարգելի պատճառով) չեն կարող պետական պատվերով կրկին ընդունվել ասպիրանտուրա։
12. Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմումը տրվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
ա) բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
բ) հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի, հայտնագործությունների և գիտահետազոտական աշխատանքի մասին հաշվետվությունների ցուցակը կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ.
գ) որակավորման քննությունների հանձնման մասին վկայական (եթե դրանք հանձնված են).
դ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
ե) բուհի (կամ ֆակուլտետի) գիտական խորհրդի նիստի արձանագրությունից քաղվածք ասպիրանտուրա ընդունվելու համար երաշխավորության մասին.
զ) քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է):
Ընդունվողն անձնագիրը և բարձրագույն կրթության դիպլոմը ներկայացնում է անձամբ:
13. Ասպիրանտուրա ընդունելությունը կատարվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ասպիրանտուրա ընդունելությունն իրականացնելու համար բուհի կամ կազմակերպության ղեկավարի կողմից ստեղծվում է ընդունող հանձնաժողով՝ բուհի կամ կազմակերպության ղեկավարի (տեղակալի) նախագահությամբ: Ընդունող հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր:
14. Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություններ մասնագիտական առարկայից, օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) և ստուգարք (ինֆորմատիկա և (կամ) համակարգչից օգտվելու հիմունքներ): Մասնագիտական առարկայի քննությունը պետք է նախորդի այլ առարկաների քննություններին:
Քննությունների և ստուգարքի անցկացման կանոնակարգը մշակում և հաստատում է նախարարությունը:
15. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում: Ասպիրանտուրա ընդունելության քննությունների արդյունքներն ուժի մեջ են հաջորդ տարվա ընդունելության քննությունների ընթացքում:
16. Ընդունող հանձնաժողովն ընդունելության քննությունների և մրցույթի արդյունքներով որոշում է ընդունում յուրաքանչյուր դիմողի վերաբերյալ: Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներն իրազեկվում են ընդունող հանձնաժողովի որոշումից հետո 5-օրյա ժամկետում:
17. Ասպիրանտների ընդունումը ձևակերպվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:
18. Առկա ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ` ընդունման օրվանից (եթե աշխատում է՝ աշխատանքից ազատվելու պահից):
19. Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է՝
ա) հանձնի որակավորման քննություններ՝ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան.
բ) ունենա բուհի կամ կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան և առնվազն 36 ժամ մանկավարժական ծանրաբեռնվածություն (բուհում սովորող ասպիրանտը):
Առկա ասպիրանտուրայում ուսանելու ժամանակը մտնում է ասպիրանտների գիտամանկավարժական ստաժի մեջ:
20. Ասպիրանտների ընդունման օրվանից ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում հաստատվում են ատենախոսության թեման և գիտական ղեկավարը՝ համաձայն ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգի:
Գիտական ղեկավար, որպես կանոն, կարող է լինել տվյալ բուհում (կազմակերպությունում) աշխատող գիտությունների դոկտորը կամ նախարարության սահմանած կարգով ԲՈՀ-ի թույլտվության դեպքում՝ գիտությունների թեկնածուն: Յուրաքանչյուր գիտական ղեկավար կարող է միաժամանակ ունենալ 5-ից ոչ ավելի ասպիրանտ և հայցորդ:
21. Հարակից մասնագիտությունների սահմանում գիտական հետազոտություններ կատարելիս կարող է հաստատվել համաղեկավար:
22. Ասպիրանտն ըստ աշխատանքային պլանի ամեն տարի հաշվետվության հիման վրա ատեստավորվում է ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից: Բուհերի համապատասխան ամբիոնում, ֆակուլտետի խորհրդում, կազմակերպությունների գիտական ստորաբաժանումներում, գիտական (գիտատեխնիկական) խորհրդում պարբերաբար լսվում և քննարկվում են ասպիրանտների ու նրանց գիտական ղեկավարների հաշվետվությունները: Ատեստավորում չանցած ասպիրանտը բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով ազատվում է ասպիրանտուրայից:
Ընտրած մասնագիտությամբ գիտական հետազոտություններ կատարելիս ասպիրանտները բուհի և կազմակերպության աշխատողների հետ հավասարապես օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից:
23. Ասպիրանտի տեղափոխումը մեկ բուհից կամ կազմակերպությունից մյուսը, ինչպես նաև առկա ուսուցման ձևից` հեռակա և հակառակը, իրականացվում է բուհերի և կազմակերպությունների ղեկավարների կողմից` ընդունող կազմակերպության միջոցների հաշվին:
Հարգելի պատճառներով մինչև ուսման ժամկետի ավարտն ասպիրանտուրայից ազատված՝ պետպատվերով սովորող ասպիրանտը բուհի կամ կազմակերպության միջոցների հաշվին կարող է վերականգնվել՝ ուսման մնացած ժամկետով:
24. Առկա ուսուցմամբ ասպիրանտներին ուսման ընթացքում տարեկան տրվում է երկամսյա արձակուրդ՝ կրթաթոշակի պահպանմամբ:
25. Բուհերի և կազմակերպությունների ղեկավարները կարող են արտաբյուջետային միջոցների հաշվին սահմանել առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակին հավելավճար: Առկա ուսուցմամբ այն ասպիրանտները, ովքեր կատարում են իրենց պարտականությունները, կարող են աշխատել:
26. Ասպիրանտների գիտական ղեկավարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է բուհերի և կազմակերպությունների կանոնադրություններով սահմանված կարգով (մեկ ասպիրանտի համար տարեկան առնվազն 50 ժամ հաշվարկով): Բուհերի և կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն ասպիրանտների գիտական ղեկավարների համար արտաբյուջետային միջոցների հաշվին սահմանելու աշխատավարձին հավելավճար:
III. Դոկտորանտուրա
27. Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը չպետք է գերազանցի 3 տարին:
Դոկտորանտուրա ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Դոկտորանտուրա ընդունվողները ներկայացնում են տվյալ բուհում կամ կազմակերպությունում գիտական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հիմնարար և (կամ) կիրառական հետազոտությունների ծրագիր (նախագիծ):
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության բուհերի և կազմակերպությունների դոկտորանտուրա են ընդունվում միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա և (կամ) սեփական նախաձեռնությամբ:
28. Դոկտորանտուրա ընդունվելու համար դիմումները տրվում են համապատասխան բուհերի և կազմակերպությունների ղեկավարների անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
ա) գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար՝ նաև ԲՈՀ-ի կողմից տրված համապատասխանեցման վկայագիրը).
բ) դոկտորական ատենախոսության ծավալուն պլանը.
գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափսի).
դ) հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը:
Անձնագիրը և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիրն ընդունվողը ներկայացնում է անձամբ:
29. Բուհի կամ կազմակերպության համապատասխան ամբիոնը կամ բաժինը (սեկտոր, լաբորատորիա) փաստաթղթերի քննարկման հիման վրա ներկայացնում է եզրակացություն: Դրական արդյունքի դեպքում բուհի կամ կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը քննարկում է եզրակացությունը և ընդունում որոշում թեկնածուին դոկտորանտուրա ընդունելու մասին, որը հաստատում է բուհի կամ կազմակերպության ղեկավարը: Երկու և ավելի թեկնածուների դեպքում դոկտորանտի ընտրությունը կատարում է բուհի կամ կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը, որը թեկնածուի ատենախոսության ծավալուն պլանի հիման վրա որոշում է ատենախոսության ավարտման հնարավոր ժամկետը:
30. Դոկտորանտի ընդունումը ձևակերպվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:
31. Դոկտորանտուրայում գտնվելու ժամկետում դոկտորանտը պետք է կատարի անհատական ծրագրով նախատեսված աշխատանքները՝ ավարտի ատենախոսությունը և տվյալ բուհում կամ կազմակերպությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկումը:
Դոկտորանտը կարող է ունենալ գիտական խորհրդատու, որը հաստատվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի կողմից։
32. Դոկտորանտներն անվճար օգտվում են բուհերի և կազմակերպությունների լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, փորձարարական սարքավորումներից, գրադարաններից և այլ ծառայություններից՝ համաձայն բուհերի և կազմակերպությունների կանոնադրությունների:
33. Բուհերի կամ կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդները դոկտորանտների ծրագրին համապատասխան ներկայացված հաշվետվության հիման վրա տարեկան մեկ անգամ ատեստավորում են նրանց: Ատեստավորումը չանցած դոկտորանտն ազատվում է դոկտորանտուրայից:
Մինչև սահմանված ժամկետի ավարտը դոկտորանտուրայից ազատված դոկտորանտը (հարգելի պատճառով) բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով կարող է վերականգնվել՝ ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում:
34. Դոկտորանտներին վճարվում է պետական կրթաթոշակ և ամեն տարի տրամադրվում է երկամսյա արձակուրդ՝ կրթաթոշակի պահպանմամբ: Բուհի կամ կազմակերպության ղեկավարն արտաբյուջետային միջոցների հաշվին կարող է սահմանել դոկտորանտների կրթաթոշակին հավելավճար:
35. Դոկտորանտների գիտական խորհրդատուների աշխատանքի վարձատրությունը կատարվում է բուհի կամ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:
IV. Հայցողների համակարգը (հայցորդություն)
36. Թեկնածուական ատենախոսության վրա ինքնուրույն աշխատող հայցորդներ կարող են լինել բարձրագույն կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձինք:
37. Որակավորման քննություններ հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հայցորդներին հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է:
Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ չեն կարող օգտվել նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից:
38. Հայցորդների կցումը բուհին կամ կազմակերպությանը ձևակերպվում է տվյալ բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:
39. Բուհի կամ կազմակերպության ղեկավարը հայցորդի և նախատեսվող գիտական ղեկավարի հետ հարցազրույցի արդյունքների և համապատասխան ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) եզրակացության հիման վրա՝ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան հրամանագրում է հայցորդին՝ հաստատելով ատենախոսության թեման և գիտական ղեկավարին:
40. Հայցորդները տարեկան մեկ անգամ հաշվետվություն են ներկայացնում, որի հիման վրա ատեստավորվում են բուհի կամ կազմակերպության ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից: Ատեստավորումը չանցած հայցորդները ենթակա են ազատման:
41. Հայցորդները տվյալ բուհում կամ կազմակերպությունում անվճար օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից և գրադարաններից: Բուհի կամ կազմակերպության ղեկավարն աջակցում է նրանց և ատենախոսությունների վրա աշխատելու համար ստեղծում անհրաժեշտ պայմաններ:
42. Հայցորդները բուհում և կազմակերպությունում հանձնում են որակավորման քննություններ՝ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան:
43. Բուհերի կամ կազմակերպությունների ղեկավարներին թույլատրվում է սահմանված կարգով կատարել հայցորդների գիտական ղեկավարների վարձատրությունը (տարեկան առնվազն 30 ժամ):
44. Դոկտորական ատենախոսություն ինքնուրույն պատրաստող գիտությունների թեկնածուների ատենախոսության թեման հաստատվում է ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան: Նրանք անվճար օգտվում են բուհի կամ կազմակերպության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային սենյակներից և գրադարաններից: Նրանց գիտական գործունեությունը որևէ ժամկետով չի սահմանափակվում:
Հայցորդությունը բուհերում կամ կազմակերպություններում իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով, տվյալ բուհի կամ կազմակերպության սահմանած կարգով: