«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 895
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 35 և 49 հոդվածներին, 158 հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը.
բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34 և 48 հոդվածների 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված եզրակացությունների ձևերը:
4. Սահմանել, որ ապրանքների ծագման երկրի վկայական և հավաստագիր տալու հետ կապված ծախսերի դիմաց գանձվող վճարի չափը որոշում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
5. Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի վկայականի և հավաստագրի տրման ընդհանուր վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության վրա:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը և 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման սերտիֆիկատ տալու մասին» N 452 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |