Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար _____________ Վ. Գաբրիելյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _____________ Գ. Խաչատրյան 1 մարտի 2012 թ. N 9 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՈՍԿՈՒ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն արժութային արժեքներ համարվող գույքի տեսակներն են` ՀՀ արժույթը (ՀՀ դրամը), ՀՀ արժույթով արտահայտված վճարային արժեթղթերը, օտարերկրյա արժույթը (արտարժույթը), արտարժույթով արտահայտված վճարային արժեթղթերը, բանկային ոսկին և նշված արժութային արժեքներից բխող իրավունքներն ու պարտավորությունները (որոնք ունեն փողային արտահայտություն):
Օտարերկրյա արժույթն (արտարժույթն) է` օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում շրջանառության մեջ գտնվող (նաև շրջանառությունից հանված կամ հանվող, բայց փոխանակման ենթակա օրինական վճարամիջոց հանդիսացող) թղթադրամներն ու մետաղադրամները, բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով և (կամ) միջազգային դրամական միավորներով արտահայտված միջոցները: Բանկային ոսկին` Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայի ասոցիացիայի անդամ հանդիսացող զտարկող (աֆինաժային) կազմակերպություններում արտադրված, ոսկու ձուլակտորներն են, որոնք ունեն անհատական սերտիֆիկատ և որոնց վրա դաջված է զտարկող կազմակերպության անվանիշը, քաշը, հարգը և հերթական սերիական համարը: Ոսկու բանկային ձուլակտորների քաշը կազմում է 350-ից 450 տրոյական ունցիա (10886-13996 գր.), 99.50 -ից ոչ պակաս ոսկու պարունակությամբ և իրենց վրա լրացուցիչ դաջված է արտադրության տարեթիվը:
2. «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն թանկարժեք մետաղներն են` թանկարժեք մետաղներից պատրաստված իր չհանդիսացող ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային խմբի մետաղները (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում և օսմիում)` ցանկացած տեսքով և վիճակում (բնակտոր, զտարկված, ձուլակտոր, հումք, համաձուլվածք, նախապատրաստվածքներ, կիսաֆաբրիկատ, քիմիական միացություն, մետաղադրամ, ջարդոն, թափոն և այլն): Թանկարժեք քարերն են` բնական, անմշակ և մշակված՝ ալմաստը, զմրուխտը, սուտակը, շափյուղան, ալեքսանդրիտը և բնական մարգարիտը: Թանկարժեք մետաղներից պատրաստված իրը` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք և գունավոր մետաղների համաձուլվածքներից նպատակային նշանակության և օգտագործման համար պատրաստված պատրաստի արտադրանքն է, որն իր վրա կարող է ունենալ նաև ոչ թանկարժեք մետաղներից այլ բաղադրատարրեր:
Զտարկված թանկարժեք մետաղներն են` զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված ՀՀ կամ միջազգային ստանդարտներին համապատասխան` թանկարժեք մետաղների ցանկացած չափի ձուլակտորները, մանրագնդիկները, փոշին, որոնք պետք է ունենան հիմնական թանկարժեք մետաղի 99.50 -ից ոչ պակաս պարունակություն: Բանկային ոսկին` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված ոսկի: Ստանդարտացված ձուլակտորներն են` ցանկացած չափի և «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարգերին համապատասխանող թանկարժեք մետաղից պատրաստված ձուլակտորները, որոնք արտադրվել են զտարկող կազմակերպությունում:
Հարգը` չափանիշ է, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղների կշռային պարունակության չափը համաձուլվածքի 1000 կշռային միավորի մեջ: Տրոյական ունցիան` թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր է, որը հավասար է 31.1034807 գրամի:
3. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 08.02.2011թ. «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգը հաստատելու մասին» N 25-Ն որոշմամբ հաստատված «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման» կարգում օգտագործվող «բանկային ոսկի» և «ոսկու ստանդարտացված ձուլակտոր» հասկացությունները կիրառվում են համապատասխանաբար «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքներով սահմանված նշանակությամբ: Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ոսկու համար հայտարարած հաշվարկային գնով և կշռային արտահայտությամբ` արտահայտված գրամներով (0.01 գրամ ճշտությամբ) կամ տրոյական ունցիաներով (0.001 տրոյական ունցիա ճշտությամբ):
Բանկերն ամեն օր վերագնահատում են մետաղական հաշիվներում (այդ թվում` տվյալ բանկի կողմից այլ բանկում բացված մետաղական հաշիվներում) առկա մնացորդային ոսկին` տվյալ օրվա համար ոսկու համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարած հաշվարկային գնով: Բանկում բացված մետաղական հաշիվներում առկա մնացորդային ոսկու վերագնահատման տարբերությունները հարկման նպատակով չեն ներառվում տվյալ բանկի և այդ հաշիվները տնօրինող կազմակերպությունների (ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ) և ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) եկամուտների և (կամ) ծախսերի մեջ (ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 17.05.2011թ. «Բանկերում բացված առարկայազուրկ մետաղական հաշիվներից եկամուտների ճանաչման և այդ եկամուտների հարկման վերաբերյալ» N 22 պաշտոնական պարզաբանում):
4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի, 8-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի «դ» ենթակետի համաձայն հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով (բացառությամբ` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների), իսկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատման արդյունքները օրենքի իմաստով եկամուտ կամ ծախս չեն համարվում:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Բանկերի ակտիվներում հաշվառվող բանկային ոսկու և թանկարժեք մետաղների վերագնահատման արդյունքները (տարբերությունները) հարկման նպատակով չեն ներառվում տվյալ բանկի եկամուտների և (կամ) ծախսերի մեջ: