Համաձայնեցված է | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ |
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ | ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ |
ՆԱԽԱԳԱՀ | |
_______________Վ. Գաբրիելյան | _____________Գ. Խաչատրյան |
25 փետրվարի 2011 թ. N 10 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԳՈՐԾԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ «ՀԱՏՈՒԿ ՍՆՆԴԻ» ԾԱԽՍԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30.09.1997թ., ՀՕ-155) 10-րդ հոդվածի և 16-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, ՀՀ ԿԱ ՀՊԾ 02.04.2004թ. N 1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 5.1 կետի և 5.6 կետի «ա» ենթակետի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին` օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար ՀՀ կառավարության սահմանած չափը չգերազանցող ծախսերը:
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի (27.12.1997թ., ՀՕ-183) 9-րդ հոդվածի «բ» կետի համաձայն հարկվող եկամուտը որոշելիս հարկ վճարողի համախառն եկամուտը նվազեցվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում փոխհատուցման վճարները (բացառությամբ` աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների): ՀՀ ՊԵՆ 16.04.2001թ. N 02/456 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի 12.2 կետի համաձայն փոխհատուցման վճարներ են համարվում աշխատանքային պարտականությունները կատարելու համար գործատուների կողմից իրենց աշխատողներին ՀՀ oրենսդրությամբ սահմանված դեպքերում և չափերով տրվող փոխհատուցումները (մասնավորապես` հատուկ սնունդը), ընդ որում` ՀՀ oրենսդրությամբ սահմանված դեպքերում հատուկ սննդի գծով աշխատողներին եկամուտներ վճարելու դեպքում համախառն եկամտից նվազեցվում են միայն բնամթերային (ոչ դրամական) ձևով տրամադրված եկամուտները: Նույն օրենքի 6-րդ հոդվածի և հրահանգի 7-րդ կետի համաձայն բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները համախառն եկամտում հաշվի են առնվում (այդ թվում` նաև հարկային գործակալի կողմից եկամտահարկը պահելու /գանձելու/ դեպքում) պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում ազատ (շուկայական) գներով` ՀՀ կառավարության սահմանած կարգով: Այս կարգը սահմանված է ՀՀ կառավարության 19.04.2007թ. «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու, ինչպես նաև բնամթերային (ոչ դրամական) եկամուտը կամ գույքը ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագրում արտացոլելու կարգը հաստատելու և հայտարարատուների անձնական գործերի պահպանման ժամկետները սահմանելու մասին» N 555-Ն որոշմամբ:
ՀՀ կառավարության 27.11.1998թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն չափեր սահմանելու մասին» N 753 որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ կետի «զ» ենթակետի և 3-րդ կետի «ե» ենթակետի համաձայն հատուկ սննդի համար կատարված ծախս է համարվում աշխատանքի առանձնահատկությամբ պայմանավորված հնարավոր վնասակար հետևանքները կանխարգելելու նպատակով աշխատողներին տրվող սննդի գծով հարկ վճարողի կատարած ծախսերը: Ընդ որում` հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկ վճարողի համախառն եկամտից կարող են նվազեցվել հատուկ սննդի համար կատարված ծախսերը` յուրաքանչյուր աշխատողին աշխատանքի և դրան հավասարեցված պարտականությունների համար վճարված եկամուտների (այսուհետ` աշխատավարձ) 20%-ը չգերազանցող գումարի (բայց ոչ ավելի, քան 200,0 հազ. դրամի չափով): ՀՀ կառավարության 29.06.2006թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 753 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1023-Ն որոշմամբ սահմանվել է, որ Որոշմամբ հաստատված չափերի սահմաններում փոխհատուցման վճարները հանդիսանում են նաև նվազեցվող եկամուտներ` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «բ» ենթակետի իմաստով:
ՀՀ ԳԽ-ի կողմից 16.06.1972թ. ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքի (ուժը կորցրել է 21.06.2005թ.) 170-րդ հոդվածի համաձայն վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում բանվորներին ու ծառայողներին սահմանված կարգով անվճար տրվում են կաթ և այլ համարժեք սննդամթերքներ, իսկ առանձնապես վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում սահմանված նորմաներով անվճար տրվում է բուժպրոֆիլակտիկ սնունդ: ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ նոր աշխատանքային օրենսգրքով (09.11.2004թ., ՀՕ-124-Ն) վնասակար կամ առանձնապես վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում ընդգրկված աշխատողներին անվճար հատուկ սնունդ տրամադրելու դրույթներ սահմանված չեն:
Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Նույնիսկ ՀՀ նոր աշխատանքային օրենսգրքով «հատուկ սնունդ» հասկացությունը նախատեսված չլինելու դեպքում, հատուկ սննդի հետ կապված ծախսերը, որոնք չեն գերազանցի Որոշմամբ սահմանված առավելագույն թույլատրելի չափերը (նորմաները), ենթակա են նվազեցման համախառն եկամտից ինչպես գործատուի տարեկան հարկվող շահույթը (եկամուտը) որոշելիս` որպես ծախս (համախառն եկամտի ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում), այնպես էլ հարկային գործակալի կողմից իրենց վարձու աշխատողների ամսական հարկվող եկամուտը որոշելիս` որպես նվազեցվող եկամուտ:
2. Որոշմամբ հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարների համար սահմանված չափերը (նորմաները) հանդիսանում են տարեկան չափեր (նորմաներ) և յուրաքանչյուր վարձու աշխատողի համար հաշվարկվում են հաշվետու տարվա սկզբից աճող հանրագումարով: Ընդ որում`
ա) եթե որևէ ամսում վարձու աշխատողին հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարները գերազանցել են աշխատավարձի 20%-ը, սակայն տարվա սկզբից աճող հանրագումարով հաշվարկված հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարները չեն գերազանցել աշխատավարձերի հանրագումարի 20%-ը և 200,0,0 հազ. դրամը, ապա վարձու աշխատողին հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարները ենթակա են նվազեցման համախառն եկամտից վարձու աշխատողի համար (որպես նվազեցվող եկամուտ).
բ) եթե որևէ ամսում վարձու աշխատողին` տարվա սկզղբից աճող հանրագումարով հաշվարկված հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարների հանրագումարը գերազանցել է 200,0 հազ. դրամը, ապա այդ չափը գերազանցող մասով վարձու աշխատողի հատուկ սննդի գծով տվյալ ամսում տրվող փոխհատուցման վճարները ենթակա չեն նվազեցման համախառն եկամտից` և գործատուի մոտ (ծախս չեն), և վարձու աշխատողի համար (նվազեցվող եկամուտ չեն): Այնուհետև` ընթացիկ տարվա հաջորդ ամիսներին այդ վարձու աշխատողին հատուկ սննդի գծով տրվող փոխհատուցման վճարները ևս ենթակա չեն նվազեցման համախառն եկամտից` և գործատուի մոտ (ծախս չեն), և վարձու աշխատողի համար (նվազեցվող եկամուտ չեն).
գ) եթե որևէ ամսում վարձու աշխատողին` տարվա սկզբից աճող հանրագումարով հաշվարկված հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարների հանրագումարը գերազանցել են այդ վարձու աշխատողի աշխատավարձերի հանրագումարի 20%-ը (սակայն չի գերազանցել 200,0 հազ. դրամը), ապա այդ չափը գերազանցող մասով վարձու աշխատողի հատուկ սննդի գծով տվյալ ամսում տրվող փոխհատուցման վճարները ենթակա չեն նվազեցման համախառն եկամտից վարձու աշխատողի համար (նվազեցվող եկամուտ չեն): Ընդ որում` եթե ընթացիկ տարվա հաջորդ ամիսներին այդ վարձու աշխատողին` տարվա սկզբից աճող հանրագումարով հաշվարկված հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարների հանրագումարը չի գերազանցում վարձու աշխատողի աշխատավարձերի հանրագումարի 20%-ը և 200,0 հազ. դրամը, ապա ընթացիկ տարվա նախորդ ամիսներին վարձու աշխատողին տրվող հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարները ենթակա են նվազեցման համախառն եկամտից վարձու աշխատողի համար (որպես նվազեցվող եկամուտ)` այս դեպքում գործատուն (հարկային գործակալը) օրենքով սահմանված կարգով ներկայացնում է «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի» ճշտված հաշվարկ այն ամիսների համար, որոնց համար վարձու աշխատողին տրված հատուկ սննդի փոխհատուցման վճարները նվազեցվող եկամուտ չեն համարվել.
դ) եթե ընթացիկ տարվա արդյունքներով վարձու աշխատողին` տարվա սկզբից աճող հանրագումարով հաշվարկված հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարների հանրագումարը չի գերազանցել այդ վարձու աշխատողի աշխատավարձերի հանրագումարի 20%-ը և 200,0 հազ. դրամը, ապա վարձու աշխատողին հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարները ենթակա են նվազեցման համախառն եկամտից գործատուի մոտ:
3. Որոշման դրույթները վերաբերում են ՀՀ նոր աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված` ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակում (ցանկում), ինչպես նաև առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների ցուցակում (ցանկում) նշված աշխատանքներում ընդգրկված աշխատողներին (այս ցանկերը սահմանված են ՀՀ կառավարության 11.12.2003թ. «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 1907-Ն և 02.12.2010թ. «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշումներով):
4. Վարձու աշխատողներին որպես «հատուկ սնունդ» տրված սննդատեսակները պետք է ուղղակիորեն կապված լինեն սույն պաշտոնական պարզաբանման 3-րդ կետում նշված ցուցակներում (ցանկերում) ընդգրկված աշխատանքների կատարումն ապահովելու հետ և դրանց մասով գործատուն պետք է վարի առանձնացված հաշվառում: Այն դեպքերում, երբ գործատուի կողմից հատուկ սննդի գծով կատարված ծախսերը անհատականացված չեն ըստ վարձու աշխատողների (օրինակ` հատուկ սննդի համար վարձու աշխատողներին հատուկ սննդի կտրոնների բաժանման միջոցով) կամ չեն հավաստվում վարձու աշխատողների ստորագրությամբ, ապա հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարները համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն:
5. Հատուկ սնունդը կազմակերպելու (ձեռքբերում, պատրաստում, սպասարկում) համար գործատուի կողմից կատարված այլ ծախսերը գործատուի համախառն եկամտից նվազեցվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հատուկ սննդի գծով փոխհատուցման վճարները համախառն եկամտից նվազեցնելու ժամանակաշրջանին համապատասխան: Այն դեպքերում, երբ գործատուի կողմից աշխատողներին տրվում են հատուկ սնունդ և հատուկ սննդից տարբերվող այլ սնունդ, ապա հատուկ սնունդը կազմակերպելու համար գործատուի կողմից կատարված այլ ծախսերը, որոնք հնարավոր չէ տարանջատել ըստ հատուկ սննդի և հատուկ սննդից տարբերվող այլ սննդի, հաշվարկվում են հատուկ սննդի և հատուկ սննդից տարբերվող այլ սննդի կազմակերպելու համար կատարված այլ ծախսերում դրանց տեսակարար կշռից ելնելով: