«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1998 թվականի N 335
քաղ. Երևան
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում 1998 թվականի պետական պատվերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` արտադրանքի (աշխատանքների` ծառայությունների) գնումների միջոցով:
2. Սահմանել, որ տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտի պետական պատվեր տեղադրող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունն է:
3. Հաստատել տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում պետական պատվերի տեղադրման կարգը (կցվում է):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը`
ա) տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում 1998 թվականի պետական պատվերի տեղադրման թեմատիկ պլանները կազմելու համար 5-օրյա ժամկետում հաստատել համապատասխան խորհուրդների ու մրցութային հանձնաժողովների կազմերը և մրցույթների կազմակերպման ու անցկացման կանոնակարգը.
բ) 20-օրյա ժամկետում հաստատել տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում 1998 թվականի պետական պատվերի տեղադրման թեմատիկ պլանները.
գ) 20-օրյա ժամկետում հաստատել 1998 թվականի պետական պատվերի շրջանակներում իրականացվող տեղեկատվական և գրահրատարակչական, արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գները, օրինակելի պայմանագրի, աշխատանքների ծավալների հաշվառման, հաշվետվության և ընդունման-հանձնման ակտի ձևերը դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը (այսուհետև` պատվիրատու) ապահովում է պետական պատվերի շրջանակներում նախատեսված հեռուստահաղորդումների ու ծրագրերի, ռադիոհաղորդումների, ֆոնդային ձայնագրումների, տեղեկատվության ձեռքբերման, գրահրատարակչական և հեռուստաֆիլմերի արտադրության հետ կապված աշխատանքների կատարումը:
2. Տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում պետական պատվերի տեղադրման թեմատիկ պլանները կազմում և հաստատում է պատվիրատուն` ելնելով պետության և հասարակության համար առաջնահերթ ու կարևոր խնդիրներից, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած ուղղություններից, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) առաջարկությունները և հայտերը:
3. Տեղեկատվության և գրահրատարակչության ոլորտում պետական պատվերը տեղաբաշխվում է մրցույթով:
4. Պատվիրատուն մրցույթում հաղթած կատարողների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագիր:
5. Պատվիրատուն պայմանագրում նշված աշխատանքների կատարման նպատակով կատարողին ապահովում է կանխավճարով` նախատեսված աշխատանքների ընդհանուր արժեքի մինչև 30 տոկոսի չափով:
6. Կատարողը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը պատվիրատուին ներկայացնում է հաշվետվություն, որի հիման վրա կազմում և հաստատվում է փաստացի կատարված աշխատանքների ընդունման-հանձնման ակտ:
7. Պատվիրատուն յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի համապատասխան բաժանմունք է ուղարկում ընդունման-հանձնման ակտի պատճենը` կատարողի կողմից փաստացի կատարված աշխատանքների վճարման համար:
8. Պատվիրատուն, ամփոփելով եռամսյակի ընթացքում պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքերի ծավալները, հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` վերջինիս կողմից սահմանված կարգով, ժամկետներում և հաստատված ձևերին համապատասխան: