Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
|
___________ Վ. Գաբրիելյան |
___________________Գ. Խաչատրյան |
19 հունվարի 2011 թ. |
1 փետրվարի 2011 թ. N 8 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱՆՀՈՒՍԱԼԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155, այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» ենթակետին համապատասխան հարկ վճարողի եկամուտների թվին են դասվում նաև ՀՀ կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների դեպքում` ՀՀ կառավարության լիազորած մարմնի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները:
Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ՀՀ կառավարության, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների դեպքում` ՀՀ կառավարության լիազորված մարմնի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ սահմանված կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:
Կրեդիտորական պարտքի անհուսալի ճանաչման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 19.12.2002թ. N 2052-Ն որոշմամբ հաստատված «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգով:
Մինչև 01.07.2002թ. կազմակերպությունների (բացառությամբ` բանկերի և ապահովագրական ընկերությունների) կրեդիտորական պարտքերի դուրսգրումը կատարվում էր ՀՀ ֆինանսների նախարարի 29.07.1996թ. N 17-5/49 և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 05.08.1996թ. N 10-Պ5-44 հրամաններով հաստատված «Ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների կրեդիտորական և ավանդադրված (դեպոնենտական) պարտքերի անհուսալի ճանաչման, դրանց դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման» կարգին համապատասխան: Ըստ նշված կարգի կրեդիտորական պարտքը` ձեռնարկությունների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից ժամանակավորապես ներգրավված և համապատասխան իրավաբանական կամ ոչ իրավաբանական անձանց (կրեդիտորներին) վերադարձման ենթակա միջոցներն են: Տվյալ սահմանումից հետևում է, որ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները` մինչև 01.07.2002թ. ընկած ժամանակահատվածում չեն դասվել կրեդիտորական պարտքերի թվին: Աշխատավարձի գծով պարտքերը համարվեցին կրեդիտորական պարտք ՀՀ կառավարության 19.12.2002թ. N 2052-Ն որոշմամբ հաստատված կարգով:
2) «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող 3 տարին լրացնելուց հետո:
Անհուսալի կրեդիտորական պարտքերի գծով հարկային հաշվառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Եթե կազմակերպության կողմից անձնակազմի աշխատավարձի գծով պարտքերը մինչև 01.07.2002թ. դուրս չեն գրվել, ապա ՀՀ կառավարության 19.12.2002թ. N 2052-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այդ պահի դրությամբ կազմակերպության աշխատավարձի գծով առկա պարտքերը նշյալ կարգի կիրառության իմաստով որակվում են որպես կրեդիտորական պարտքեր: Այդ դեպքում, աշխատավարձի գծով առկա պարտքերը պետք է անհուսալի ճանաչվեն առավելագույնը 2003 թվականին:
Վերը նշվածի հետ կապված անհրաժեշտ է հաշվի առնել նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները:
2. Եթե կազմակերպությունների կողմից աշխատավարձի գծով առկա վերոնշյալ կրեդիտորական պարտքերը սահմանված կարգով անհուսալի չեն ճանաչվել և հաշվեկշռից դուրս չեն գրվել` այդ չափով ավելացնելով հաշվետու տարվա հարկվող շահույթը, ապա դրանց մարման գումարները շահութահարկով հարկման նպատակով չպետք է նվազեցվեն համախառն եկամտից «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: