«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 1999 թվականի N 706
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» N 91 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում անշարժ գույքի կադաստրային տարածքների և ենթատարածքների ծածկագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն` ընդունման և պետական գրանցման համար».
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգում`
1-ին կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.
«2. Անշարժ գույքի կադաստրային ծածկագիրն իրենից ներկայացնում է ազգային դասակարգիչ և ձևակերպում է տեխնիկատնտեսական ու սոցիալական տեղեկատվության դասակարգման և կոդավորման միասնական համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան.
Այդ կապակցությամբ կարգի 2-րդ և 3-րդ կետերը համարել համապատասխանաբար 3-րդ և 4-րդ կետեր.
4-րդ կետի`
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) թվերի առաջին խումբը կադաստրային տարածքի` մարզի ծածկագիրն է` կազմված երկնիշ տառային կոդից, ըստ ISO 3166-2 («Կոդեր, երկրների և նրանց միջազգային ստանդարտի»): Մեքենայական մշակման ժամանակ տառային կոդը փոխարինվում է թվային կոդով».
«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) թվերի երրորդ խումբը կադաստրային թաղամասի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից, և սկսվում է 001-ից».
«ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) թվերի չորրորդ խումբը հողամասի ծածկագիրն է` կազմված եռանիշ թվից և սկսվում է 001-ից:
Հողամասին ամրակայված շենքերին, շինություններին տրվում են առանձին կադաստրային ծածկագրեր` կազմված եռանիշ թվից, որոնք սկսվում են 001-ից: Շենքերի, շինությունների մաս հանդիսացող անշարժ գույքի առանձին միավորներին (բնակելի և ոչ բնակելի տարածքներին) տրվում է եռանիշ թվից բաղկացած ծածկագիր, որն սկսվում է 001-ից».
«զ» և «է» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Սարգսյան |