«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1997 թվականի N 300
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում հանրային սննդի կազմակերպումը, գյուղատնտեսական արտադրանքի և սպառողական ապրանքների շուկաներում առևտուրը կանոնակարգելու, գյուղատնտեսական արտադրանքի իրացումը բարելավելու, գյուղատնտեսական արտադրանք արտադրողների շահերը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը հաստատել հանրային սննդի կազմակերպման կանոնները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առևտրի կանոնները և սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնները:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից սահմանված ձևով եռամսյակը մեկ անգամ նախարարություն և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել տեղեկատվություն մարզի (Երևան քաղաքի) տարածքում գործող հանրային սննդի ձեռնարկությունների, գյուղատնտեսական արտադրանքի և սպառողական ապրանքների շուկաների մասին:
3. Թույլատրել գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում տեղակայված խանութների և կրպակների միջոցով իրականացնել նաև պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառք` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հաստատած ցանկով:
4. Սահմանել, որ հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի նոր շուկաների ստեղծման թույլտվությունը սահմանված կարգով տալիս են քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ:
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված կանոնների հաստատումից հետո կազմակերպել դրանց լուսաբանումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |