ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
_____________Գ. Խաչատրյան
|
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՇԵՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի երրորդ մասի «զ» ենթակետի դրույթների տարընթերցումը բացառելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի մարտի 2-ի «2009 թվականից ավելացված արժեքի հարկի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» N 2 պաշտոնական պարզաբանման 1.6-րդ կետում նշվածի` պաշտոնապես պարզաբանում ենք.
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում այն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին, և (կամ) որի կողմից նախորդ օրացուցային տարում առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման (բացառությամբ ներմուծման) համար կատարման ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողի:
Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» ենթակետի դրույթների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի մարտի 2-ի N 2 պաշտոնական պարզաբանման 1.6-րդ կետի կիրառման առումով`
1) ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դիմաց պետական բյուջեից վճարվող գումարները (եկամուտները) չեն դիտվում որպես մեկ հարկ վճարողից ստացման ենթակա գումարներ,
2) որպես առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանք է դիտվում ավտոմեքենաների գազալցման (գազալիցքավորման) կայանների կողմից ձեռք բերվող գազը: