ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1977 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱն ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 նոյեմբերի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` հետևյալ կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1977 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված` Ահաբեկչության արգելման մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով եվրոպական կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան ստորագրվել է 1977 թ. հունվարի 27-ին` Ստրասբուրգում: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2001 թ. նոյեմբերի 8-ին: Կոնվենցիայի նպատակն է ահաբեկչության արգելմանն աջակցող պետությունների գործողությունների միասնականության ապահովումը, ինչպես նաև նման գործողություններ կատարած անձանց հետապնդման և դատապարտման արդյունավետ միջոցների կիրառումը:
2. Կոնվենցիան սահմանում է, որ ահաբեկչության դեմ պայքարում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հանձնման և փոխադարձ իրավական օգնության վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերը փոփոխվում և լրացվում են:
3. Կոնվենցիայով պետությանը տրված է առանձին դրույթների վերաբերյալ վերապահում կատարելու, հայտարարությամբ հանդես գալու, ինչպես նաև վեճերի արբիտրաժային լուծման հնարավորություն:
4. Կոնվենցիայով Կողմերը պարտավորվում են, մասնավորապես.
- 1-ին հոդվածով սահմանված հանցագործությունները հանձնման նպատակով չհամարել քաղաքական կամ դրան առնչվող հանցագործություններ,
- հանձնման պահանջը մերժելու դեպքում համապատասխան անձի նկատմամբ իրականացնել հետապնդում` ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով,
- 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների առնչությամբ միմյանց աջակցել իրավական օգնության ոլորտում,
- 5-րդ հոդվածով սահմանված հիմքով չկատարել հանձնման և իրավական օգնության վերաբերյալ խնդրանքները:
5. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 4, 9, 15 հոդվածներին համապատասխան կոչված են ապահովելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, պետությունների հետ հաստատելու բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1977 թվականի հունվարի 27-ին Ստրասբուրգում ստորագրված` Ահաբեկչության արգելման մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|