ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 1994 թվականի N 190
քաղ. Երևան
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գյումրի քաղաքի պատմական միջուկի պետական պահպանության տակ գտնվող ժողովրդական ճարտարապետության հուշարձանների պահպանումը, վերականգնումը և օգտագործումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Ընդունել պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության հետ, և վերջինիս հաշվեկշռից «Կումայրի» պետական պատմամշակութային արգելոց-թանգարանը և հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոցն իր հիմնական միջոցներով ու կառույցներով հանձնել Գյումրիի քաղխորհրդի գործկոմի հաշվեկշռին` պահպանելով «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի համար Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1980 թվականի օգոստոսի 5-ի «Լենինական քաղաքում «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարան ստեղծելու մասին» N 463 որոշմամբ հաստատված կարգավիճակը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությանը և պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված թանգարանի և արվեստանոցի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմին` ապահովել Գյումրիի հուշարձանների վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը տեղական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1994 թվականի հանրապետական բյուջեում կատարել սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հուլիսի 14-ի «Հանրապետությունում պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության, վերականգնման և օգտագործման գործի հետագա բարելավման միջոցառումների մասին» N 380 որոշման 8-րդ կետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |