«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
23 մայիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 1996 թվականի N 157
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 477 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում Հայխնայբանկի բաժանմունքների կողմից որպես վճարման միջոց ընդունված սեփականաշնորհման սերտիֆիկատների մարման և ինվեստիցիոն հիմնադրամների բաժնետոմսերը սեփականաշնորհման սերտիֆիկատներով փոխանակման գործընթացը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 6-ի N 477 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները որպես վճարման միջոց ընդունման, դրանց փոխանակման, մարման և շրջանառությունից դուրսբերման կարգում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`
ա) կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ինվեստիցիոն հիմնադրամներ (ֆոնդերի) բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում այդ բաժնետոմսերի դիմաց սեփականաշնորհման սերտիֆիկատները վճարվում են (մուծվում են) տվյալ ինվեստիցիոն հիմնադրամի պահառուի կողմից բացված կուտակման հաշվին: Այս դեպքում սեփականաշնորհման սերտիֆիկատները չեն համարվում սեփականաշնորհման համար օգտագործված».
բ) կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Սեփականաշնորհման ծրագրով նախատեսված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերել ցանկացողները Հայխնայբանկի բաժանմունք են հանձնում սեփականաշնորհման սերտիֆիկատները` դրանց դիմաց ստանալով անդորրագիր, որտեղ նշված է «Մուծված է սեփականաշնորհման սերտիֆիկատներով»: Այդ անդորրագրի հիման վրա նրանք ձեռք են բերում բաժնետոմսեր».
գ) կարգի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհվող ձեռնարկության բաժնետոմսերի դիմաց վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատները պահվում են Հայխնայբանկի բաժանմունքներում` ըստ ձեռնարկությունների և մարվում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում ձեռնարկության գրանցումից հետո, որի մասին Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը գրավոր տեղեկացնում է Հայխնայբանկին:
Տեղաբաշխումը չկայանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն այդ մասին տեղեկացնում է Հայխնայբանկին և վերջինիս տեղաբաշխման ավարտից 15 օր անց իրականացնում է տվյալ ձեռնարկության բաժնետոմսերի դիմաց վճարված սեփականաշնորհման սերտիֆիկատների վերադարձումը դրանց սեփականատերերին».
դ) կարգի 12-րդ և 18-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունն» և «Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 23-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |