ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 1992 թվականի N 594
քաղ. Երևան
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԴ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության երկաթգծի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության և տրանսպորտի իրավապահ մարմինների աշխատանքը համարել անբավարար:
2. Հայաստանի Հանրապետության երկաթգծին`
ա) սահմանամերձ Այրում կայարանում կազմակերպել հանրապետություն մուտք գործող բեռնատար գնացքների կազմում եղած վագոնների տեխնիկական և առևտրական վիճակի ստուգումներ և սահմանված կարգով փաստաթղթավորել հայտնաբերված խախտումները: Մինչև 1992 թվականի դեկտեմբերի 1-ը ավարտել նշված կայարանում գնացքների հատուկ զննման կետի ստեղծման աշխատանքները.
բ) երկաթգծի ռազմականացված հրաձգային ջոկատների միջոցով իրականացնել հանրապետության տարածքով անցնող բոլոր բեռնատար գնացքների ուղեկցումը.
գ) անհապաղ միջոցներ ձեռնարկել երկաթգծի կայարաններում և առանձին օբյեկտներում, որոնցում պահեստավորվում են ժողովրդատնտեսական ապրանքներ, բեռների պահպանությունն ապահովելու համար, այդ նպատակով լուծել անհրաժեշտ լուսավորության, ազդանշանային համակարգի անցկացման, դրանց պատնեշման և անցագրային կարգի պահպանման հարցերը, ինչպես նաև համապատասխան պայմաններ ստեղծել թունելների և կամուրջների պահպանությունն իրականացնող զինվորական անձնակազմի համար:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչությանը` անհապաղ միջոցներ ձեռնարկել հանրապետության «Զվարթնոց», «Էրեբունի», «Շիրակ» օդանավակայաններում թռիչքների անվտանգության ներքին ռեժիմային տարածքի պահպանության, անցագրային կարգի պահպանման, ինչպես նաև իրավախախտումներին նպաստող պայմանների ու պատճառների վերացման համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության վրա դրված` «Զվարթնոց», «Էրեբունի», «Շիրակ» օդանավակայաններում արտաքին ռեժիմային գոտու պահպանության ապահովման պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վրա:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի ներքին գործերի վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տրանսպորտի ներքին գործերի գլխավոր վարչության, որի կառուցվածքում ստեղծել երկաթուղային և օդային տրանսպորտի ներքին գործերի վարչություններ և նրանց վրա դնել երկաթուղային ու օդային տրանսպորտի օբյեկտներում իրավախախտումների կանխարգելման և բացահայտման պարտականությունները:
6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` երկաթուղու հատուկ նշանակության արհեստական շինությունները (թունելներ և կամուրջներ) հանցավոր ոտնձգություններից զերծ պահելու նպատակով 1993 թվականի հունվարի 15-ից նշված շինությունները վերցնել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ի ներքին զորքերի հատուկ ստորաբաժանումների ուժերի պահպանության տակ:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ` Հայաստանի Հանրապետության ՆԳՆ-ի տրանսպորտի ներքին գործերի գլխավոր վարչությանը հատկացվող լրացուցիչ հաստիքների պահպանման և ներքին զորքերի հատուկ ստորաբաժանմանը նյութական միջոցներով ապահովելու համար:
8. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` անհապաղ իրականացնել օպերատիվ միջոցառումներ երկաթուղային տրանսպորտի երթևեկության և օդանավակայաններում թռիչքների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ:
9. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության տասներորդ բաժնի վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |