ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԹԻՎ 5
22 ապրիլի 2004 թ.
«ՀԱՅ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ» ԲԱՌԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՂ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվական, ՀՕ-186) 20-րդ հոդվածի 31-րդ կետով «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար սահմանված է տարեկան պետական տուրք` բազային տուրքի 600-ապատիկի չափով:
«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 նոյեմբերի 1999 թվական, ՀՕ-20) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, մինչև առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձի պետական գրանցումը իրավաբանական անձի ֆիրմային անվանումը պետք է գրանցվի Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունում, իսկ 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերն ու դրանց թարգմանությունները կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 7-ի «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման և ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգերը հաստատելու մասին» N 289 որոշման 2-րդ կետով սահմանված է, որ իրավաբանական անձինք «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և (կամ) դրանց թարգմանություններն իրենց ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում կարող են օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության (ներկայումս` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության) թույլտվությամբ: Վերջինս տրվում է ֆիրմային անվանման գրանցման հայտի կամ այդպիսի թույլտվություն ստանալու մասին դիմումի հիման վրա, որին կցվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը: Թույլտվություն ստանալուց հետո ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ համապատասխան բառերը և (կամ) դրանց թարգմանությունները յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող են օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված պետական տուրքը նախօրոք վճարելու դեպքում:
«Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց թույլտվության, եթե դա պայմանավորված է տվյալ իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ նրա հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ, կամ եթե նշված բառերը ներառված չեն ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում:
Ստեղծված իրավիճակում տարաբնույթ են ընկալվում նշված իրավական ակտերի դրույթները` իրավաբանական անձանց (առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների) կողմից «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության առումով:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածները (պետական տուրք վճարողներ են համարվում պետական մարմինների լիազորություններով պայմանավորված` պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք) պաշտոնապես պարզաբանում ենք`
Իրավաբանական անձանց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 31-րդ կետով սահմանված` «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու համար տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունն առաջանում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլտվություն ստանալու դեպքում:
![loading...](/static/img/loader.gif)