ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՍՊԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
9 մարտի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի ապրիլի 28-ին Դուշանբեում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2003 թ. ապրիլի 28-ին` Դուշանբեում: Համաձայնագրի նպատակն է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղային ցանցի հիմնական երկաթուղային ուղղությունների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծումը:
2. Համաձայնագրի կնքման իրավական հիմքը Հայաստանի Հանրապետության վավերացրած` Հավաքական անվտանգության մասին 1992 թ. մայիսի 15-ի պայմանագիրն է, այն լրացնող մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը:
3. Ըստ համաձայնագրի` երկաթուղիների տեխնիկական պատսպարումը խաղաղ և պատերազմական ժամանակներում իրականացվող ճարտարագիտական, տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիր է, որն ուղղված է երկաթուղիների շահագործվող ցանցի օբյեկտների, շինությունների ու սարքավորումների, վերականգնողական և շահագործող ուժերի ու միջոցների բազմակողմանի նախապատրաստմանը:
4. Համաձայնագիրը սահմանում է Կողմերի երկաթուղային զորքերի զորամասերի և հատուկ կազմավորումների որոշակի պարտավորություններ, որոնք ուղղված են ընդունող Կողմի ինքնիշխանության և օրենքների նկատմամբ հարգանքն ապահովելուն և երաշխիքներ են ստեղծում ընդունող պետության բնական պաշարների, մշակութային և պատմական արժեքների պահպանության, բնապահպանական անվտանգության ապահովման համար:
5. Կողմերն իրենց գործողություններն իրականացնելու են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղային ցանցի հիմնական երկաթուղային ուղղությունների տեխնիկական պատսպարման միասնական պլանի հիման վրա, որը պետք է հաստատի հիշյալ Կազմակերպության հավաքական անվտանգության խորհուրդը:
6. Ահաբեկչական զինված կազմավորումների վերացման, արտաքին ռազմական ագրեսիայի դիմագրավման և Համաձայնագրով նախատեսված այլ դեպքերում Կողմերը համաձայնում են միմյանց չներկայացնել իրենց քաղաքացիների մահվան, մարմնական վնասվածքի կամ նրանց անշարժ գույքին, բնական պաշարներին, մշակութային և պատմական արժեքներին պատճառված վնասի կապակցությամբ փոխհատուցման պահանջ:
7. Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են, մասնավորապես`
- մինչև 2005 թ. ստեղծել Կազմակերպության անդամ պետությունների երկաթուղային ցանցի հիմնական երկաթուղային ուղղությունների տեխնիկական պատսպարման միասնական համակարգ,
- անհատույց կազմակերպել մյուս Կողմի երկաթուղային զորքերի զորամասերի և հատուկ կազմավորումների ընդունման, տեղակայման, տեղափոխման և անհրաժեշտ օբյեկտներով ապահովելու հետ կապված միջոցառումները, ապահովել նրանց կոմունալ-կենցաղային անհատույց սպասարկումը,
- մաքսատուրքերից ազատել մյուս Կողմի երկաթուղային զորքերի զորամասերի և հատուկ կազմավորումների կողմից Հանրապետության տարածք ներմուծվող սպառազինությունը, հատուկ տեխնիկան, նյութատեխնիկական միջոցները և շինարարավերականգնողական նյութերը,
- հարկումից ազատել երկաթուղային զորքերի միավորման հրամանատարությանը և հատուկ կազմավորումների ղեկավարությանը մատուցվող ծառայությունները:
8. Համաձայնագիրը համահունչ է ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածում ամրագրված` կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքին և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (հոդվ. 9) կոչված է ապահովել պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. ապրիլի 28-ին Դուշանբեում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների երկաթուղիների տեխնիկական պատսպարման միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
