ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
7 հունվարի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ստորագրված` Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիան ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1999 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 54/109 բանաձևով` Նյու Յորքում: Այն ուժի մեջ է մտել 2002 թ. ապրիլի 10-ին:
Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2001 թ. նոյեմբերի 15-ին` Նյու Յորքում:
Կոնվենցիան հիմնվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի` ահաբեկչությունը դատապարտող մի շարք բանաձևերի, այդ թվում 1994 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 49/60 բանաձևի վրա, որով ընդունվել է «Միջազգային ահաբեկչության բացառման միջոցների մասին» հռչակագիրը:
Կոնվենցիան, հաշվի առնելով, որ ահաբեկչության ծավալն ու լրջությունը պայմանավորված են ահաբեկչության ֆինանսավորմամբ, նպատակ ունի ընդլայնել միջազգային համագործակցությունը` ահաբեկչության ֆինանսավորումը կանխարգելելու և դրան հակազդելու գործում:
2. Քննության առարկա կոնվենցիայի անբաժանելի մասն է կազմում հավելվածը, որում թվարկված են ահաբեկչական հանցագործությունները սահմանող միջազգային իրավական փաստաթղթերը, որոնց կիրառման ոլորտի ֆինանսավորման վրա տարածվում է սույն կոնվենցիան:
Կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմը:
Պայմանավորվող պետությունները պարտավորվում են իրենց ներպետական օրենսդրությամբ որպես հանցագործություն ճանաչել կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված արարքները, դրանց կատարման փորձը, հանցակցությունն այդ արարքներին, ինչպես նաև սահմանել այդ հանցագործություններին համարժեք պատժամիջոցներ:
Պայմանավորվող պետությունները, իրենց ներպետական օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ կոնվենցիայով նախատեսված հանցագործություններից ստացված եկամուտները բռնագրավելու համար: Բռնագրավված միջոցներն ուղղվելու են այդ հանցագործությունից տուժած անձանց փոխհատուցմանը:
Քննության առարկա կոնվենցիայով Պայմանավորվող կողմերն ստանձնում են նաև Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների քննության, քրեական կամ հանձնման վարույթների կապակցությամբ միմյանց իրավական օգնություն տրամադրելու պարտավորություն:
3. Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունները, որպես հանձնման հանգեցնող հանցագործություններ, ընդգրկված են համարվում մինչև սույն կոնվենցիայի ուժի մեջ մտնելը Պայմանավորվող կողմերի միջև կնքված հանձնման մասին պայմանագրերում և պետք է ներառվեն նաև հետագայում կնքվելիք պայմանագրերում: Այն դեպքում, երբ Մասնակից պետությունը հանձնումն իրականացնում է համաձայնագրի առկայության պայմանով և մեկ այլ Մասնակից պետությունից, որի հետ նա հանձնման մասին համաձայնագիր չունի, ստանում է հանձնման վերաբերյալ խնդրանք, իր հայեցողությամբ կարող է սույն կոնվենցիան դիտել որպես իրավական հիմք` Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ հանձնում իրականացնելու համար:
Հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության նպատակով 2-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից ոչ մեկը չի կարող դիտվել որպես քաղաքական կամ քաղաքական հանցագործության հետ կապ ունեցող հանցագործություն, կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործություն: Հետևաբար, այդ հանցագործությունների վերաբերյալ գործերով հանձնման կամ փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը չի կարող մերժվել միայն այն հիմքով, որ դա կապված է քաղաքական հանցագործության հետ կապ չունեցող կամ քաղաքական շարժառիթներով կատարված հանցագործության հետ:
4. Կոնվենցիայի համաձայն` Պայմանավորվող պետությունները պարտավորվում են նաև համագործակցել ահաբեկչության ֆինանսավորումը կանխարգելելու գործում: Կոնվենցիան նախատեսում է այդ հանցագործության կանխարգելմանն ուղղված համագործակցության հիմնական ձևերը:
Կոնվենցիան նաև երաշխավորում է դրանով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց իրավունքների պաշտպանությունը` մարդու իրավունքների միջազգային իրավանորմերին համապատասխան:
5. Կոնվենցիան համահունչ է ՀՀ Սահմանադրության 1, 4 և 9 հոդվածներում ամրագրված` պետության ինքնիշխանության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության և արտաքին քաղաքականության սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1999 թ. դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ստորագրված` Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|