ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 1995 թվականի N 352
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերը գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպելու և այդ մուրհակների շրջանառությունը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպման կարգը (կցվում է):
2. Գանձապետական հասարակ մուրհակների թողարկման, տրման, հաշվառման և մարման աշխատանքների իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀՀ հանրապետական բյուջեի պարտքերի գանձապետական հասարակ մուրհակներով ձԵՎակերպման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հանդեպ Հայաստանի Հանրապետության Հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով (այսուհետև` մուրհակներ) ձևակերպման, ինչպես նաև մուրհակների թողարկման, տրման, շրջանառության, հաշվառման և մարման կարգը:
II. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Մուրհակների թողարկման, տրման, հաշվառման և մուրհակներով հանրապետական բյուջեի պարտքերի մարման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կառավարության անունից իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
3. Թողարկված մուրհակների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի հանրապետական բյուջեի պարտքերի գումարը: Մուրհակները թողարկվում են 1000000 դրամից ոչ պակաս անվանական արժեքով` մուրհակում նշված ժամկետով:
4. Մուրհակները (նմուշը կցվում է) թողարկողի կողմից տրվում են առաջին մուրհակատերերին` Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` վերջիններիս հանդեպ բյուջեի պարտքերի դիմաց:
5. Մուրհակը թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մուրհակի տրման փաստն ամրագրվում է հատուկ գրանցամատյանում, որում նշվում է յուրաքանչյուր մուրհակատիրոջ (պարտատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), նրան տրված մուրհակների քանակը, արժեքը, տրման ամսաթիվը և մարման ժամկետը:
III. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
6. Առաջին մուրհակատերերը մուրհակները փոխանցում են բյուջեից վճարվելիք պարտքերի գծով պարտատեր ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին:
7. Մուրհակատերը (բացառությամբ առաջին մուրհակատիրոջ) մուրհակները կարող է`
ա) վաճառել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ցանկացած ֆիզիկական անձի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և բանկի.
բ) փոխանցել պարտատերերին` պարտքերը մարելու նպատակով.
գ) օգտագործել որպես գրավի առարկա:
(փոփ. 25.04.96 N 125 որոշում)
8. Մուրհակների փոխանցումը վավերացվում է մուրհակի շրջերեսի փոխանցագրին (ինդոսամենտին) համապատասխան:
9. Մուրհակը ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին փոխանցելու դեպքում փոխանցագիրը վավերացվում է նրանց կողմից, իսկ ֆիզիկական անձանց փոխանցելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով:
10. Մուրհակի շրջերեսին փոխանցագրի լրացման համար տեղ չլինելու դեպքում գրառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կնքված լրացուցիչ թերթիկի (ալլոնժի) վրա, որը համարվում է մուրհակի բաղկացուցիչ մասը:
11. Մուրհակի յուրաքանչյուր սեփականատեր օգտվում է մուրհակի սեփականատիրոջ բոլոր իրավունքներից:
12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխավորում է վճարումների կատարումը մուրհակատիրոջ կողմից մուրհակը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված ժամկետում, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու դեպքում և դրա խախտման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ժամկետում սույն կարգի 20-րդ կետով սահմանված կարգով մուրհակատիրոջ կողմից ներկայացված մուրհակը չմարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարտավորվում է նրան վճարել տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար մուրհակի անվանական արժեքի 0,25 տոկոսի չափով:
(խմբ. 25.04.96 N 125 որոշում)
IV. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐՈՎ
13. Մուրհակներով հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումն իրականացվում է մուրհակում նշված ժամկետի ընթացքում` փոխադարձ պարտքերի հաշվանցման կարգով հետգնման միջոցով, ընդ որում, չպետք է խախտվեն առանձին հարկատեսակների համար սահմանված վճարումների ժամկետները:
14. Մուրհակներով հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումն իրականացնելու նպատակով մուրհակատերը դիմում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության տարածքային մարմիններին` վճարումների մասին տեղեկանք ստանալու համար: Հարկային մարմինը դիմումի ստացման պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է տեղեկանք, որում նշվում է հարկերի և այլ պարտադիր վճարումների գծով ապառքի և առաջիկա մուծումների գումարի չափը:
15. Մուրհակատերը տեղեկանքը` կից գրությամբ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որով պատրաստակամություն է հայտնում իր տրամադրության տակ գտնվող մուրհակներով կատարել հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումը:
16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունից տեղեկանքն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգելով մուրհակների իսկությունը, ինչպես նաև համեմատելով մուրհակում նշված գումարը վճարման ենթակա հարկերի գումարի հետ, մուրհակատիրոջ հետ կազմում է մուրհակը մարելու մասին փոխադարձ ակտ և վերջինիս հիման վրա նույն ժամկետում մուրհակատիրոջը տալիս հանրապետական բյուջեի պարտքերի մարման գումարի վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան մարմին ներկայացնելու համար: Հարկերի գծով հաշվանցումը կատարվում է միայն մուրհակում նշված գումարի սահմաններում:
17. Եթե մուրհակատիրոջ ներկայացրած տեղեկանքում նշված գումարը գերազանցում է մուրհակում նշված գումարը, ապա ակտը կազմվում է վերջինիս չափով, և մուրհակը համարվում է մարված:
18. Եթե մուրհակում նշված գումարը գերազանցում է տեղեկանքում նշված գումարը, ապա հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարման գծով հաշվանցումը կարող է կատարվել մուրհակատիրոջ ցանկությամբ` նշված գերազանցումը ձևակերպելով որպես հարկերի վճարման գծով կանխավճար:
V. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄՈՒՐՀԱԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ
19. Մուրհակների հաշվապահական հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատած հրահանգներով:
VI. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
20. Մուրհակները` թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարվում են անվանական արժեքով, մարման ժամկետից ոչ շուտ (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի):
Մուրհակատերը մուրհակի մարման համար սահմանված ժամկետից ոչ շուտ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գրություն (կցելով մուրհակը), որում նշվում են մուրհակատիրոջն սպասարկող բանկի անվանումը և բանկային հաշվի համարը:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մուրհակի փոխանցագրում նշված վերջին մուրհակատիրոջ կողմից մուրհակի մարման վերաբերյալ գրության ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 5 բանկային օրվա ընթացքում նրա բանկային հաշվին է փոխանցում մուրհակի անվանական արժեքին հավասար գումար:
(խմբ. 25.04.96 N 125 որոշում)
21. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարման հանձնարարագիրը բանկ ներկայացվելու օրը համարվում է մուրհակի մարման օր:
22. Մուրհակով տոկոսներ ու այլ եկամուտներ չեն վճարվում, և դրա մարումը կատարվում է անվանական արժեքով:
23. Մուրհակը կորցնելու դեպքում նորը չի տրվում. այն ճանաչվում է անվավեր և ենթակա չէ վերադարձման:
(լրաց. 25.04.96 N 125 որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ
ՄՈՒՐՀԱԿ
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ`
(մուրհակատու)
ք. Երևան, Մելիք-Ադամյան 1
ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
2.1. Մուրհակատերը կարող է օգտագործել սույն մուրհակը հետևյալ ձևով` փոխանցել պարտատերերին պարտքերը մարելու նպատակով, վաճառել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ցանկացած ֆիզիկական անձանց, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և բանկերին, օգտագործել որպես գրավի առարկա:
2.2. Մուրհակատուն ընդունում է մուրհակատիրոջ և հաջորդ փոխանցողների կողմից կատարված ցանկացած փոխանցագիր:
2.3. Մուրհակով տոկոսներ չեն վճարվում:
ՀՀ ֆինանսների նախարար` |
_______________________ |
ՓՈԽԱՆՑԱԳՐԵՐ
ՄՈՒՐՀԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ
Հաստատում եմ սույն մուրհակով նախատեսված
բոլոր պարտավորությունների կատարումը
Վերջին մուրհակատեր |
ստորագրություն, (կնիք) և ամսաթիվ |
Մուրհակատու |
ստորագրություն, ամսաթիվ |
* իրավաբանական անձանց համար կնքվում է իրավաբանական անձի կնիքով, ֆիզիկական անձանց համար ստորագրությունը վավերացվում նոտարական կարգով: