ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 1992 թվականի N 571
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի սեպտեմբերի 1-ի «Հանրապետությունում պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ տարվող պայքարն ուժեղացնելու մասին» հրամանագրի կապակցությամբ և պետական ձեռնարկություններում ու կազմակերպություններում պետական ունեցվածքի հափշտակությունների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների և միավորումների ղեկավարների անձնական պատասխանատվությամբ 1992 թվականի նոյեմբերի 1-30-ը բոլոր պետական ձեռնարկություններում ու կազմակերպություններում անցկացնել պետական ունեցվածքի գույքագրում:
Առանձին հաշվառել այն գույքը, որը 1990-1992 թվականներին օտարվել է ոչ պետական ձեռնարկություններին ու ֆիզիկական անձանց, և այն գույքը, որը ձեռք է բերվել 1992 թվականին:
2. Նշված աշխատանքների պատշաճ հսկողության, ժամանակին իրականացման և արդյունավետության ապահովման նպատակով նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում ստեղծել գույքագրման կենտրոնական հանձնաժողովներ, նրանցում ընդգրկելով նախարարությունների, պետական վարչությունների, հարկային պետական տեսչության, գերատեսչությունների, միավորումների պատասխանատու աշխատողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչների:
3. Պետական ձեռնարկություններում և կազմակերպություններում պետական ունեցվածքի գույքագրման արդյունքներով պակասորդներ և այլ չարաշահումներ հայտնաբերելու դեպքում նյութերը սահմանված կարգով հանձնել իրավապահ մարմիններին:
4. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել նախարարի (պետական վարչության պետի, գերատեսչության ղեկավարի) վրա:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, հարկային պետական տեսչությանը, գերատեսչություններին, միավորումներին` մինչև 1992 թվականի դեկտեմբերի 31-ը գույքագրման անցկացման արդյունքների մասին հաղորդագրություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Առանձին ցուցակով ներկայացնել այն գույքի ցանկը, որը 1990-1992 թվականների ընթացքում օտարվել է ոչ պետական ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին ցույց տալ մեթոդական օգնություն և անհրաժեշտության դեպքում անցկացնել ընտրանքային ստուգումներ գույքագրման ընթացքը վերահսկելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |