ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 1992 թվականի N 548
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության բուժօգնության և բուժսպասարկման որակի բարձրացման, առողջապահության պետական համակարգում կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 1993 թվականի հունվարի 1-ից համակարգի մի քանի պետական առողջապահական հիմնարկներում փորձարարական կարգով իրականացնել կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումներ` այդ առողջապահական հիմնարկների կազմակերպական-իրավական տեսակը և կարգավիճակը համապատասխանեցնելով «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական պետական հիմնարկների այն ցանկը, որոնց վրա տարածվում է սույն որոշման 1-ին կետի գործողությունը (կցվում է):
3. Սահմանել, որ փորձարարական կարգով իրենց գործունեությունն իրականացնող առողջապահական հիմնարկները պետք է վերակազմավորվեն որպես պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկություններ և «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մինչև 1993 թվականի հունվարի 1-ը ստանան համապատասխան կարգավիճակ` ելնելով առողջապահության բնագավառի առանձնահատկություններից:
4. Փորձարարական կարգով իրենց գործունեությունն իրականացնող առողջապահական պետական ձեռնարկությունները սահմանված կարգով շարունակում են իրականացնել բնակչության անվճար բուժօգնությունը և բուժսպասարկումը` համապատասխան ֆինանսավորումը ստանալով պետական բյուջեից, պետական պատվերի սկզբունքով:
5. Սահմանել, որ փորձարարական կարգով իրենց գործունեությունն իրականացնող առողջապահական պետական ձեռնարկությունները պետական պատվերից դուրս կարող են իրականացնել վճարովի բուժօգնություն և այլ բնույթի բժշկական վճարովի ծառայություններ:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մինչև 1993 թվականի հունվարի 1-ը մշակել և, Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների վարչության հետ համաձայնեցնելուց հետո, հաստատել փորձարարական կարգով իրենց գործունեությունն իրականացնող առողջապահական պետական ձեռնարկությունների կանոնադրությունները:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և առողջապահության նախարարությանը` մինչև 1993 թվականի հունվարի 1-ը մշակել և հաստատել փորձարարական կարգով իրենց գործունեությունն իրականացնող ձեռնարկությունների պետական պատվերները:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների վարչությանը`
ա) վերահսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում փորձարարական կարգով կազմակերպական-իրավական և տնտեսական բարեփոխումների իրականացման վրա.
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և առողջապահության նախարարության հետ համատեղ մինչև 1994 թվականի հունվարի 1-ը ամփոփել փորձարարության արդյունքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում կազմակերպական-իրավական և տնտեսական բնույթի բարեփոխումների իրականացման վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգում իրականացվող փորձարարության հիման վրա մշակել և մինչև 1993 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` բյուջետային կազմակերպությունների կազմակերպական-իրավական տեսակը և կարգավիճակը սահմանող օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ուսումնագիտաբուժական համալիր
Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց
Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ