ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 դեկտեմբերի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին 2000 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրը Կողմերի միջև ստորագրվել է 2000 թվականի հոկտեմբերի 20-ին` Մոսկվայում: Համաձայնագրի նպատակն է նպաստել երկու երկրների տնտեսական ինտեգրացման հետագա խորացմանը, տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հավասար հնարավորություններ և բարեխիղճ մրցակցության պայմաններ:
2. Համաձայնագիրը սահմանում է մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքից արտահանվող և մյուս Պայմանավորվող պետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների արտահանման և ներմուծման ժամանակ դրանց անուղղակի հարկերով` ավելացված արժեքի հարկով և ակցիզային հարկով, հարկելու կարգը:
Ապրանքների արտահանման ժամանակ, Կողմերի օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան, դրանք անուղղակի հարկերով հարկվում են զրոյական դրույքաչափով, իսկ ներմուծվող ապրանքներն անուղղակի հարկերով հարկվում են նշանակման երկրում` վերջինիս ազգային օրենսդրությանը համապատասխան:
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2 կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են որոշակի ապրանքներ ներմուծող կամ արտադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածին համապատասխան զրոյական դրույքաչափով հարկումը, ըստ էության, նշանակում է ապրանքների ու ծառայությունների արտահանման նկատմամբ արտահանող երկրի տարածքում ավելացված արժեքի հարկով չհարկել: Հետևաբար, անուղղակի հարկերի` ըստ նշանակման երկրի գանձման սկզբունքի սահմանումը և քննության առարկա համաձայնագրի դրույթների կիրառումը Հայաստանի Հանրապետության հարկային դաշտում սկզբունքային փոփոխություններ չեն առաջացնում:
3. Մինչև համապատասխան առանձին արձանագրության ընդունումը, սույն համաձայնագրով կարգավորվում է նաև ծառայությունների մատուցման հարկման գործընթացը:
4. Կողմերը պարտավորվում են ապրանքների տեղափոխման, հաշվառման իրականացման և տեղեկատվության փոխանակման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով օգտագործել Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության Ապրանքային անվանացանկը, որի մասին նշվում է նաև քննության առարկա համաձայնագրի նախաբանում հիշատակված և ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999 թվականի դեկտեմբերի 28-ին վավերացված` Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում:
5. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարկային հարաբերությունների ոլորտի կարգավորմանն է ուղղված 1997 թ. դեկտեմբերի 26-ին վավերացված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասին 1996 թ. դեկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը: Վերջինս, նպատակ ունենալով բացառել Պայմանավորվող պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, տարածվում է միայն ուղղակի հարկերի, այն է` շահութահարկի, եկամտահարկի, գույքահարկի և հողի հարկի վրա:
Քննության առարկա համաձայնագրով սահմանված` Պայմանավորվող պետությունների տարածք միմյանց հարկատուների կողմից ներմուծվող ապրանքներից անուղղակի հարկերի գանձման սկզբունքները պայմաններ են ստեղծում անուղղակի հարկերով կրկնակի հարկումը բացառելու համար: Սրանով հարկային դաշտում բոլոր հարկատուների համար ապահովվում են տնտեսական գործունեության հավասար պայմաններ, ինչը նպաստում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8 հոդվածում ամրագրված ազատ տնտեսական մրցակցությանը և հավասար իրավական պաշտպանությանը:
6. Համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերի իրավունքը կիրառելու անհրաժեշտ միջոցներ ներքին արտադրողների և ազգային շուկայի շահերի պաշտպանության համար` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան (հոդված 7), ինչը բխում է ՀՀ Սահմանադրության 1 հոդվածում ամրագրված` պետության ինքնիշխանության սկզբունքից:
7. ՀՀ Սահմանադրության 46 հոդվածն ամրագրում է յուրաքանչյուր անձի հարկեր, տուրքեր վճարելու պարտականությունը` օրենքով սահմանված չափով և կարգով: ՀՀ Սահմանադրության 6 հոդվածի համաձայն միջազգային պայմանագրերը կազմում են Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը և քննության առարկա համաձայնագրով հարկման սկզբունքների սահմանումը չի հակասում Սահմանադրության նախորդ հոդվածի պահանջներին:
8. Համաձայնագիրը, երկու Պայմանավորվող պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար սահմանելով անուղղակի հարկերի գանձման միևնույն պայմաններն ու սկզբունքները, ապահովում է ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով սահմանված` արտաքին քաղաքականության իրականացման փոխշահավետության սկզբունքի իրացումը:
9. Համաձայնագրով նախատեսված է դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու, գործողության հնգամյա ժամկետը երկարաձգելու, համաձայնագրի կիրառման ու մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները լուծելու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին 2000 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
