ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
27 դեկտեմբերի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիայի Թագավորության կառավարության միջև օդային փոխադրումների մասին 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Մարգարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է Կողմերի միջև օդային հաղորդակցություն հաստատելու և միջազգային օդային տրանսպորտի բնագավառում անվտանգության և ապահովության բարձրագույն մակարդակ ապահովելու նպատակով:
2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- տրամադրել մյուս Պայմանավորվող կողմին հետևյալ իրավունքները`
ա) իր տարածքի վրայով անվայրէջք թռիչք իրականացնելու,
բ) ոչ փոխադրման նպատակներով իր տարածքում վայրէջք կատարելու,
գ) իր տարածքում վայրէջքի իրավունք` հավելվածում նշված երթուղիներով իրականացվող միջազգային փոխադրումների ժամանակ ուղևորներին նստեցնելու և իջեցնելու, ինչպես նաև բեռները և փոստը բեռնելու և բեռնաթափելու նպատակով,
- միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել օդանավերի անօրինական բռնազավթման գործողությունների, ինչպես նաև ավիացիայի անվտանգության դեմ այլ սպառնալիքների կանխման համար,
- ազատել մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններին ներմուծման սահմանափակումներից, մաքսային տուրքերից և այլ պետական, մարզային կամ տեղական տուրքերից և գանձումներից,
- Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերություններին ընձեռել արդար և հավասար հնարավորություն համաձայնագրի հավելվածում սահմանված երթուղիներով հաղորդակցությունների իրագործման համար
- փոխադրումների սակագինը սահմանել` պատշաճորեն հաշվի առնելով բոլոր հարակից գործոնները,
- տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերություններին իր տարածքում նրանց կողմից վաստակած ծախսերի նկատմամբ մուտքերի հավելաճի ազատ փոխանցման իրավունք,
- ազատել այդ ավիաընկերություններին իր տարածքում նրանց կողմից միջազգային օդային հաղորդակցության իրականացումից ստացվող շահույթի կամ եկամտի նկատմամբ հարկման ցանկացած ձևից:
3. Համաձայնագրով սահմանվում են նաև Կողմերի միջև տեղեկատվության փոխանակման, խորհրդակցությունների անցկացման, վեճերի կարգավորման, համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու, դրա գործողությունը դադարեցնելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը և պայմանները:
Համաձայնագիրն ունի հավելված, որում սահմանվում է երթուղիների ժամանակացույցը:
4. Համաձայնագիրը կոչված է նպաստելու Կողմերի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, որը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թվականի հունիսի 7-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիայի Թագավորության կառավարության միջև օդային փոխադրումների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
