ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 1994 թվականի N 511
քաղ. Երևան
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հանրապետության լուսավորության համակարգի աշխատողների սոցիալ-տնտեսական ծանր վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ գյուղական վայրերի կրթօջախներում աշխատել ցանկացող մանկավարժները, ինչպես նաև պետական ձեռնարկություններում և հիմնարկներում աշխատող, մանկավարժական կրթություն չունեցող բարձրորակ մասնագետները պայմանագիր են կնքում պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմների ժողկրթբաժինների հետ, որով երաշխավորվում է նրանց աշխատատեղի և վաստակի 2/3-ի պահպանումը, ինչպես նաև անվճար կացարանով ապահովումը:
Աշխատանքային պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարով, իսկ անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս մեկ ուսումնական տարով:
2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` գյուղական վայրեր աշխատանքի գործուղված մանկավարժներին, նրանց ցանկությամբ, վարձակալական հիմունքներով, արտամրցութային կարգով տրամադրել հողամասեր:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հետ համատեղ լուծել 1994 թվականի չորրորդ եռամսյակում հանրակրթական, օժանդակ և գիշերօթիկ դպրոցների աշխատողներին ամսական փաստացի աշխատավարձի չափով միանվագ օգնություն հատկացնելու հարցը:
4. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` կենտրոնացված ռեսուրսներից հանրապետության հանրակրթական դպրոցների յուրաքանչյուր աշխատողի հաշվով եռամսյակը մեկ անգամ անվճար հատկացնել 1 կգ շաքարավազ և 0,5 կգ յուղ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության էներգետկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ քննության առնել և միջոցներ ձեռնարկել ուսուցիչներին 1994/95 թվականի ձմռան ժամանակաշրջանում լրացուցիչ վառելանյութ հատկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |