ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 1991 թվականի N 263
քաղ. Երևան
ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» օրենքով սահմանված կոլտնտեսությունների անդամների, խորհտնտեսությունների ու գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների աշխատողների արտոնություններից օգտվում են այն անձինք, որոնք մինչև 1990 թվականի դեկտեմբերի 20-ը ընդունվել են կոլտնտեսային, խորհտնտեսային ու գյուղացիական այլ տնտեսության անդամ և շարունակում են աշխատել այնտեղ:
2. Սահմանել, որ կոլտնտեսությունների անդամներին, խորհտնտեսությունների ու գյուղացիական այլ ձեռնարկությունների աշխատողներին հավասարեցված անձինք են համարվում կոլտնտեսությունների անդամները, խորհտնտեսությունների ու գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների այն աշխատողները, որոնք`
ա) ազատվել են անդամությունից կան աշխատանքից ծերության կամ հաշմանդամության պատճառով.
բ) գտնվում են ժամկետավոր զինվորական ծառայության մեջ.
գ) ընտրվել են խորհրդային, հասարակական, արհմիութենական ընտրովի պաշտոններում, շարունակում են աշխատել այնտեղ և մշտական գրանցում ունեն տվյալ բնակավայրում.
դ) արտադրությունից կտրված սովորում են ուսումնական հաստատություններում.
ե) ազատվել են անդամությունից կամ աշխատանքից երկրապահ ջոկատներում ծառայելու համար և գտնվում են ծառայության մեջ.
զ) ազատվել են անդամությունից կամ աշխատանքից աղետի գոտու վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար և շարունակում են աշխատել այնտեղ.
է) ազատվել են աշխատանքից հաստիքների կրճատման պատճառով, բայց շարունակում են բնակվել տվյալ բնակավայրում:
3. Նշված արտոնությունները տարածվում են նաև կոլտնտեսությունների այն անդամների, խորհտնտեսությունների ու գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների այն աշխատողների ընտանիքի անդամների վրա, որոնք կենսաթոշակ են ստանում կերակրողին կորցնելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |