ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԿԻԲԵՌՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԵՎ ՔՍԵՆՈՖՈԲԻԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐԱՐՔՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
4 հոկտեմբերի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2003 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված` Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայի «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական և քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2003 թ. հունվարի 28-ին` Ստրասբուրգում:
Արձանագրության նպատակը 2001 թ. նոյեմբերի 23-ին Բուդապեշտում ստորագրված` Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայի դրույթները համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական և քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման վերաբերյալ դրույթներով լրացնելն է:
Արձանագրությունը դեռևս ուժի մեջ չի մտել:
Արձանագրության 9 հոդվածի 1-ին կետի համաձայն` արձանագրությունը բացվել է ստորագրման Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիան ստորագրած պետությունների համար:
Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունն ստորագրել է 2003 թ. հունվարի 28-ին` Ստրասբուրգում, իսկ Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիան` 2001 թ. նոյեմբերի 23-ին` Բուդապեշտում:
2. Արձանագրությունը սահմանում է «ռասիստական և քսենոֆոբիական նյութ» հասկացության բովանդակությունը, Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայի դրույթները լրացնելուն նպատակաուղղված` կիբեռհանցագործությունների տարատեսակները (համակարգչային համակարգերի միջոցով ռասիստական և քսենոֆոբիական նյութեր տարածելը, ռասիստական և քսենոֆոբիական շարժառիթներով սպառնալը, ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները հերքող, մեղմացնող, դրանց հավանություն տվող կամ արդարացնող նյութեր տարածելը, նշված հանցագործություններին օժանդակելը և աջակցելը), ինչպես նաև նշված արարքներն իրենց ազգային օրենսդրությամբ քրեականացնելու` պետությունների պարտավորությունները:
3. Արձանագրությամբ կողմերը, մասնավորապես, պարտավորվում են ազգային օրենսդրությամբ քրեականացնել արձանագրությամբ սահմանված արարքները, այն է` համակարգչային համակարգերի միջոցով ռասիստական և քսենոֆոբիական նյութեր տարածելը, ռասիստական և քսենոֆոբիական շարժառիթներով սպառնալը, ցեղասպանությունը և մարդկության դեմ հանցագործությունները հերքող, մեղմացնող, դրանց հավանություն տվող կամ արդարացնող նյութեր տարածելը, նշված հանցագործություններին օժանդակելը և աջակցելը:
4. Արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները բխում են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից, և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (4 հոդված) կոչված են ապահովելու կողմերի միջև հարաբերությունների զարգացումը` ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2003 թ. հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված` Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայի «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական և քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|