ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 սեպտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկի համաձայնագրում (Պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկի համաձայնագիրը (Պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագիր) ստորագրվել է 2004 թվականի հուլիսի 30-ին` Երևանում, որի նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է` փորձնական նախաձեռնությունների իրականացման, կառավարման համակարգում որոշումների կատարման և քաղաքականության իրականացման թափանցիկության բարելավման միջոցով:
2. Վերոհիշյալ նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը (վարկատու) նախատեսում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը (վարկառու) տրամադրել 6.800.000 փոխառության հատուկ իրավունքներին հավասար, տարբեր արտարժույթներով արտահայտված գումար, որի դիմաց վարկատուին ենթակա են վճարման կատարման ենթակա և սպասարկման վճարներ` այն պայմաններով և ժամկետներում, որպիսիք նախատեսված են համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.04 և 2.05 բաժիններում:
Վարկի փակման ժամկետն ըստ համաձայնագրի` սահմանված է 2009 թվականի մարտի 31-ը, իսկ մարմանը` 2044 թվականի մայիսի 1-ը:
3. Ըստ համաձայնագրի` պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագրի իրականացումը, կնքվելիք փոխըմբռնման հուշագրերին համապատասխան, պետք է նաև համաֆինանսավորվի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության կողմից տրվող դրամաշնորհներով` 680.000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի չափով:
4. Համաձայնագրի անբաժան մասն են կազմում. Միջազգային զարգացման ընկերակցության կողմից 1985 թվականի հունվարի 1-ին (1999 թվականի հոկտեմբերի 6-ի փոփոխություններով հանդերձ) ընդունված «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները», ինչպես նաև թվով 5 հավելվածներ, որոնցում մանրամասնված են վարկային համաձայնագրերի կատարման ընթացակարգերը, վարկի միջոցներն ըստ ծրագրի բնագավառների ծախսման, կատարվող գնումների, ծրագրի կատարման ղեկավարման և վերահսկման ընթացակարգերը, ինչպես նաև ծրագրի նկարագիրը:
5. Պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագրի ֆինանսավորումը, ըստ համաձայնագրի 2-րդ հավելվածի, նախատեսվում է իրականացնել մինչև 2008 թվականի սեպտեմբերի 30-ը, և ընդգրկում է հետևյալ բնագավառները.
- քաղաքացիական ծառայության կառավարման ամրապնդում, որի շրջանակներում նախատեսվում է Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի տեստավորում և ատեստավորում, այդ խորհրդի համար սարքավորումների ձեռքբերում, խորհրդատվական ծառայությունների մատուցում, ինչպես նաև Պետական կառավարման ակադեմիայի գործառնական կարողությունների ամրապնդում,
- պետական կառավարման բնագավառում էլեկտրոնային գնումների համակարգի ներդրում, այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, Պետական գնումների գործակալությունում տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի մշակում և սարքավորումներով հագեցում,
- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի գործառնական կարողությունների ամրապնդում, այդ նպատակով հաշվեքննական չափորոշիչների մշակման և հաշվեքննական գործունեության կատարելագործման ուղղությամբ խորհրդատվական ծառայությունների մատուցում, գրասենյակային սարքավորումների ձեռքբերում,
- գործադիր իշխանության հանրապետական մարմինների, այդ թվում` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Նախագահի աշխատակազմի գործառնական կարողությունների բարելավման նպատակով խորհրդատվական ծառայությունների և տեխնիկական աջակցության մատուցում, գրասենյակային ու այլ սարքավորումների ձեռքբերում, կադրերի վերապատրաստում,
- տեղական ինքնակառավարման գործառույթի զարգացում, այդ նպատակով միջհամայնքային միավորումների ստեղծման ու գործունեության հայեցակարգային և իրավական մոտեցման մշակում, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների վերապատրաստում, համայնքներում էլեկտրոնային ծառայությունների և կառավարման տեղեկատվական համակարգի ձևավորում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի աշխատակազմին տեխնիկական աջակցության և խորհրդատվական ծառայության մատուցում,
- ծրագրով նախատեսվում է նաև առանձին նախարարությունների ինտերնետային էջերի կատարելագործման ու տեղեկատվական ծառայությունների համար միջոցների հատկացում:
Վարկային համաձայնագրում ներկայացված ծրագրային նպատակները շատ ընդհանուր են և մի շարք ուղղություններով բյուջետային ու վարկային հատկացումների հստակեցման անհրաժեշտություն է առաջանում:
6. Ծրագրի իրականացման վերոհիշյալ բնագավառներում վարկային միջոցները, ըստ համաձայնագրի 1-ին հավելվածի, նախատեսվում է ծախսել.
- ապրանքներ ձեռք բերելու նպատակով` 4.780.000 ՓՀԻ չափով գումար,
- խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով` 1.550.000 ՓՀԻ չափով գումար,
- ուսուցման և ուսումնական այցելությունների նպատակով` 105.000 ՓՀԻ չափով գումար,
- գործառնական ընթացիկ ծախսերի նպատակով` 365.000 ՓՀԻ չափով գումար:
7. Համաձայնագրի 4-րդ հավելվածին համապատասխան ծրագրի իրականացման ընդհանուր ղեկավարումը պետք է իրականացվի ՀՀ վարչապետի 1999 թ. սեպտեմբերի 3-ի թիվ 544 որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի և վերջինիս հաշվետու` աշխատանքային խմբերի կողմից:
8. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- վարկի դիմաց Ընկերակցությանը վճարել կատարման ենթակա վճար` վարկի չառհանված գումարի ոչ ավելի, քան տարեկան 1 տոկոսի կեսը, ինչպես նաև սպասարկման վճար` հաշվարկված վարկի հիմնական գումարից առհանված և չվճարված գումարի տարեկան 1 տոկոսի երեք քառորդ չափով` այն կարգով և ժամկետներում, որպիսիք սահմանված են համաձայնագրի 2 հոդվածի 2.04, 2.05 և 2.06 բաժիններում,
- վարկի հիմնական գումարը մարել կիսամյակային մուծումներով` այն պայմաններով ու ժամկետներում, որպիսիք սահմանված են համաձայնագրի 2 հոդվածի 2.07 բաժնում,
- ծրագիրն իրականացնել համաձայնագրին համապատասխան, պատշաճ, ջանասիրությամբ և արդյունավետությամբ` պահպանելով վարչական և տեխնիկական համապատասխան պահանջները,
- անհրաժեշտության դեպքում սեղմ ժամկետներում տրամադրել միջոցներ, ծառայություններ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այլ ռեսուրսներ,
- Ընկերակցության համար ընդունելի առևտրային որևէ բանկում բացել ծրագրի հաշիվ` 60.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարից ոչ պակաս հաշվեկշռով` ծրագրի իրականացման տեղական այլ գործընկերների գործունեությունը ֆինանսավորելու նպատակով,
- Ընկերակցության հետ համաձայնեցված ժամկետում վերջինիս ներկայացնել Ընկերակցության հետ քննարկված ծրագրի ապագա գործողության պլան,
- վարել ծրագրի ֆինանսական կառավարման համակարգ, համաձայնագրի 4 հոդվածի 4.01 բաժնում սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել հաշվետվություններ, ինչպես նաև ֆինանսական հաշվետվություն` 4.02 բաժնում սահմանված կարգով ու ժամկետներում:
9. Ըստ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից ներկայացված տեղեկանքի` սույն համաձայնագրի ստորագրման համար հիմք է հանդիսացել ՀՀ Նախագահի համաձայնությունը:
Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված մի շարք վարկերը և դրամաշնորհները պարունակում են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին ուղղված բաղադրիչներ, այդ թվում պետական բյուջեով նախատեսված միջոցներից զատ տեխնիկական և խորհրդատվական ծառայությունների համար վարկային ու դրամաշնորհային միջոցներ են հատկացվել քննության առարկա ծրագրում ներառված նախարարություններին ու գերատեսչություններին:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 77 հոդվածի պահանջների և ՀՀ միջազգային պարտավորությունների հետևողական կատարման համար անհրաժեշտ է համաձայնագրի վավերացման փուլում հատուկ ուշադրություն դարձնել նախկինում համանման նպատակների համար հատկացված բյուջետային, դրամաշնորհային, վարկային միջոցների տրամադրման, օգտագործման և նոր հատկացումների անհրաժեշտության համադրման խնդրին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի հուլիսի 30-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկի համաձայնագրում (Պետական կառավարման համակարգի արդիականացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|