ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՐԵՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 դեկտեմբերի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Ռ. Մարտիրոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային պարենի ծրագրի միջև հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստորագրվել է 2000 թվականի հունիսի 9-ին` Երևանում, որի նպատակը Համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվելիք օգնության պայմանների հստակեցումն է: Այդպիսի օգնության տրամադրում նախատեսված է տնտեսական ու սոցիալական զարգացման ծրագրերին օժանդակելու, բնական աղետների և այլ արտակարգ պայմանների հետևանքով առաջացած պարենի արտակարգ կարիքները բավարարելու անհրաժեշտության դեպքերում:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստանձնել է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- Հայաստանի Հանրապետության տարածքում Համաշխարհային պարենի ծրագրի իրականացման համար տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և հնարավորություններ,
- ապահովել հանրապետության տարածքում ծրագրի իրականացման շրջանակներում ստացված պարենային և ոչ պարենային ապրանքների անվտանգ տեղաշարժի, ինչպես նաև այդ ապրանքների օգտագործումն ըստ նպատակային նշանակության,
- առանց հարկման և խոչընդոտների ապահովել պարենային ծրագրի շրջանակներում անհրաժեշտ սարքավորումների ներկրման հնարավորություն, ինչպես նաև ապահովել հաղորդակցության և գրագրության անձեռնմխելիություն, ընդ որում, Համաշխարհային պարենի ծրագրի, վերջինիս միջոցների, գույքի, ինչպես նաև ծրագիրն իրականացնող պաշտոնյաների ու խորհրդականների նկատմամբ կիրառել Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիության մասին միջազգային կոնվենցիայի դրույթները, ազատել միջազգային պարենային ծրագրի պաշտոնյաներին կամ համապատասխան ծառայություններ մատուցող այլ անձանց իրավական այնպիսի պարտականությունների կատարումից, որպիսիք կարող են խոչընդոտել համաձայնագրով իրականացվող գործառնությունների իրականացմանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաձայնագրով ստանձնված վերոհիշյալ պարտավորություններն իրենց բնույթով բխում են ՀՀ Սահմանադրության 4, 31 և 33 հոդվածների պահանջներից, ինչպես նաև Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին 1966 թվականին ՄԱԿ-ի շրջանակներում կնքված միջազգային դաշնագրի (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թ. հունիսի 9-ին) դրույթներից, քանի որ կոչված են ապահովելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան` նաև արտակարգ իրավիճակներում յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովելով նյութական ու սոցիալական պաշտպանվածության երաշխիքներ:
4. Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ` Համաշխարհային պարենի ծրագրի գրասենյակ հիմնելու, դրա կարգավիճակի, պարենային ծրագրի իրականացումը վերահսկելու, այդ ծրագիրը դադարեցնելու պայմանների, առաջացած վեճերի լուծման ընթացակարգի, համաձայնագրի ուժի մեջ մտնելու և գործողության դադարեցման վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային պարենի ծրագրի միջև 2000 թվականի հունիսի 9-ին Երևանում ստորագրված հիմնական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
