ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1976 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՌԱԿՈՂՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
5 նոյեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. նախագահող` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1976 թվականի հունիսի 21-ին Ժնևում ընդունված` Աշխատանքի միջազգային նորմերի կատարմանն աջակցելու համար եռակողմ խորհրդակցությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1976 թ. հունիսի 21-ին` Ժնևում: Կոնվենցիայի նպատակն է աշխատանքի միջազգային նորմերի կիրառմանն աջակցելու համար եռակողմ մեխանիզմի ստեղծումը:
Կոնվենցիան հիմնվում է «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին» 1948 թ. կոնվենցիայի, «Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին» 1949 թ. կոնվենցիայի և «Արդյունաբերական ու ազգային մակարդակներով խորհրդակցությունների մասին» 1960 թ. կոնվենցիայի վրա:
2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են կիրառել այնպիսի ընթացակարգեր, որոնք կապահովեն կառավարության, գործատուների և աշխատավորների միջև արդյունավետ խորհրդակցություններ` Աշխատանքի միջազգային կազմակերպության գործունեությանը վերաբերող` կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված հարցերով: Գործատուները և աշխատավորները պետք է հավասարապես ներկայացված լինեն այն մարմիններում, որոնց միջոցով իրականացվում են այդ խորհրդակցությունները:
Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի վարչական ապահովման համար պատասխանատվությունը կրում է Պայմանավորվող կողմի իրավասու մարմինը: Իրավասու մարմինը, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է զեկույց` կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի իրականացման վերաբերյալ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1976 թ. հունիսի 21-ին Ժնևում ընդունված` Աշխատանքի միջազգային նորմերի կատարմանն աջակցելու համար եռակողմ խորհրդակցությունների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող | Գ. Հարությունյան |
|