ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 1993 թվականի N 505
քաղ. Երևան
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի սեպտեմբերի 1-ի «Դպրոցական երեխա ունեցող առավել անապահով ընտանիքներին պետական օժանդակություն կազմակերպելու մասին» կարգադրության, դպրոցական երեխա ունեցող առավել անապահով ընտանիքներին լրացուցիչ պետական օժանդակություն ցուցաբերելու, այդ ընտանիքների երեխաների դասագրքերի, գրենական պիտույքների և ուսումնական այլ պարագաների ձեռքբերման ծախսերը մասնակիորեն փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) տեղական բյուջեների միջոցների հաշվին, ժողովրդական կրթության մարմինների կողմից ներկայացված ցուցակներին համապատասխան, միայնակ, ծնողազուրկ, երկու և ավելի դպրոցական երեխա ունեցող առավել անապահով ընտանիքներին ցույց տալ միանվագ դրամական օգնություն` յուրաքանչյուր դպրոցական երեխայի հաշվով 2000 ռուբլու չափով:
Գումարների վճարումը կատարել դպրոցների մանկավարժական խորհուրդների և ծնողական կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ:
բ) 10-օրյա ժամկետում տեղական բյուջեների միջոցների հաշվին վճարված գումարների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից երեխաներին փաստացի վճարված գումարների մասին տվյալները ստանալուց հետո, ապահովել գումարների փոխհատուցումը հանրապետական բյուջեից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և լուսավորության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում ամփոփ ցուցակները, ըստ քաղաքների և շրջանների, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` ի կատարումն սույն որոշման, համապատասխան բանկային հիմնարկները կանխիկ դրամով ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |