ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 1993 թվականի N 490
քաղ. Երևան
ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պետական ֆինանսական ռեսուրսների և պետական այլ գույքի պահպանման ու օգտագործման օրինականության վերահսկողության բնագավառում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև վերահսկիչ-վերստուգիչ աշխատանքների բարելավման համար անհրաժեշտ պայմանների ապահովման նպատակով, մինչև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության հաստատումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վերահսկիչ-վերստուգիչ գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահել հետևյալ իրավասությունները`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
բ) բյուջեի կազմման ու կատարման, արտաբյուջետային միջոցների ձևավորման և ծախսման ուղղությամբ պետական կառավարման հանրապետական ու տեղական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.
գ) բանկային հիմնարկներում բյուջեի դրամարկղային կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
դ) բյուջեի եկամուտների կատարման վերլուծական և վերահսկողական աշխատանքների իրականացում.
ե) պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների կողմից հանրապետական (տեղական) բյուջեից, պետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից ձեռնարկություններին, անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից, տրամադրված ամեն տեսակի հատկացումների, վարկերի, փոխատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ վերահսկողության իրականացում, ինչպես նաև սահմանված կարգով և դեպքերում պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների և վերստուգումների կատարում.
զ) նախաքննության և դատական մարմինների որոշումներով համապատասխան ստուգումների ու վերստուգումների կատարում.
է) նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների վերստուգիչ ծառայությունների գործունեության կոորդինացման ու այդ ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում:
2. Վերահսկիչ-վերստուգիչ աշխատանքների իրականացման և իրավապահ մարմինների հետ համագործակցված աշխատանքի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման ծառայության տեղական մարմինների աշխատողների թվաքանակն ավելացնել 18 միավորով:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների համապատասխան ծառայությունների կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով հայտնաբերված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի օգտին գանձված եկամուտների 5 տոկոսը, իսկ պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների, ինչպես նաև նրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների օգտին վերականգնված միջոցների 10 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (նրա տեղական մարմինների) արտաբյուջետային միջոցների ընթացիկ հաշվին` ֆինանսական համակարգի տեխնիկական հագեցվածության ապահովման, կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման, առավել աչքի ընկնող աշխատողների խրախուսման նպատակով օգտագործելու համար:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել`
ա) վերահսկողության-վերստուգման ծառայության կառուցվածքը և կանոնադրությունը.
բ) վերահսկիչ-վերստուգիչ աշխատանքների կարգավորմանն ուղղված հրահանգներ և մեթոդական ցուցումներ:
Հայաստանի Հանրապետության ՓՈԽվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |