ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1925 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 սեպտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1925 թվականի հունիսի 10-ին Ժնևում ստորագրված` Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1925 թ. հունիսի 10-ին` արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցման վճարում երաշխավորելու նպատակով:
2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են փոխհատուցել արտադրական պատահարի հետևանքով վնասվածք ստացած աշխատողներին կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց` առնվազն կոնվենցիայով նախատեսված պայմաններին հավասար պայմաններով: Կոնվենցիան կողմերին պարտավորեցնում է փոխհատուցման վճարումը երաշխավորել նաև գործատուի անվճարունակության դեպքում:
3. Կոնվենցիան սահմանում է արտադրական պատահարի դեպքում փոխհատուցում ստանալու իրավունքից օգտվող անձանց շրջանակը` միաժամանակ Պայմանավորվող կողմերին թույլ տալով կատարել որոշակի բացառություններ այդ շրջանակից: Կոնվենցիայով արտադրական պատահարից տուժած աշխատողներին տրամադրվում է բժշկական օգնություն, գործատուի կամ ապահովագրական կազմակերպության կողմից անհրաժեշտ պրոթեզավորում, օրթոպեդիկ միջոցներ ստանալու իրավունք:
4. Կոնվենցիան նպաստում է ՀՀ Սահմանադրության 33 հոդվածով նախատեսված յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1925 թ. հունիսի 10-ին Ժնևում ստորագրված` Արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|