ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
27 հունվարի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Հ. Քոչինյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1996 թվականի մարտի 25-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Քոչինյանի գրավոր բացատրությունը, համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի մարտի 25-ին Երևանում: Համաձայնագրի նպատակն է նպաստել առևտրական և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը` հեշտացնելով և կարգավորելով ուղևորների ու բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումները երկու երկրների միջև:
Ըստ համաձայնագրի Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլատրել իրագործելու ուղևորների ու բեռների կանոնավոր և ոչ կանոնավոր ուղիղ ու տարանցիկ փոխադրումներ Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև, ինչպես նաև փոխադրումներ երրորդ երկրներից կամ դեպի երրորդ երկրներ` ուղևորատար կամ բեռնատար տրանսպորտային միջոցներով, որոնք գրանցված են երկու երկրներից մեկի տարածքում:
Համաձայնագրով սահմանվում են փոխադրումների իրագործման մեխանիզմն ու պայմանները:
Պայմանավորվող կողմերի տրանսպորտային միջոցները, որոնք կատարում են փոխադրումներ սույն համաձայնագրի դրույթներին համապատասխան, փոխադարձաբար ազատվում են բոլոր հարկերից, վճարումներից և այլ հարկվող մուծումներից:
Համաձայնագրի իրագործման ընթացքում ծագած վիճահարույց հարցերը լուծելու նպատակով ստեղծվում է համատեղ հանձնաժողով:
Համաձայնագրով նախատեսված են նաև դրանում փոփոխություններ կատարելու կարգը, ինչպես նաև ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1996 թվականի մարտի 25-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
