ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 հունվարի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21 (1) հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուսաստանյան ռազմական խորհրդականներին և մասնագետներին Հայաստանի Հանրապետություն գործուղելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թ. սեպտեմբերի 14-ին` Երևանում, որի նպատակը պաշտպանության բնագավառում համաձայնեցված քաղաքականության իրականացումը և Կողմերի միջև անվտանգության ապահովման գործում փոխգործակցությունն է:
2. Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են.
- Հայկական կողմի խնդրանքով Հայաստանի Հանրապետություն գործուղել ռուսաստանյան ռազմական խորհրդականների և մասնագետների,
- ապահովել ռուսաստանյան ռազմական խորհրդականների և մասնագետների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների անվտանգությունը,
- առանձին կնքվող պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ազատել ռուսաստանյան ռազմական խորհրդականներին և մասնագետներին եկամտահարկից, իսկ նրանց ընտանիքների անդամներին` ներմուծման, արտահանման հարկերից, մաքսային տուրքերից և այլ պարտադիր վճարներից,
- ապահովել ռուսաստանյան ռազմական խորհրդականների և մասնագետների` Հայաստանի Հանրապետություն գործուղվելու և աշխատանքի պայմանների, համաձայնագրի կատարման հետ կապված գրագրության ու տեղեկատվության գաղտնիությունը,
- ապահովել պետական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության պաշտպանության միատեսակ մակարդակ` չտրամադրելով այդպիսի տեղեկատվություն երրորդ կողմին` առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության:
3. Կողմերը հստակեցրել են նաև համաձայնագրի մեկնաբանման և կատարման հետ կապված հարցերի լուծման, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, կատարման ժամկետի երկարաձգման և դադարման կարգը:
4. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Կողմերի միջև ապահովում են համաձայնեցված և բարիդրացիական քաղաքականության իրականացում ռազմական բնագավառում, ուղղված չեն երրորդ պետությունների կամ անձի իրավունքների ու ազատությունների դեմ, բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածի դրույթներից և համապատասխանում են Հայաստանի Հանրապետության, որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության, սահմանադրաիրավական հիմնական սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուսաստանյան ռազմական խորհրդականներին և մասնագետներին Հայաստանի Հանրապետություն գործուղելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|