ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ՆԻԿՈՍԻԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
14 դեկտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող), Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հուլիսի 5-ին Նիկոսիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2004 թ. հուլիսի 5-ին` Նիկոսիայում:
Համաձայնագրի նպատակն է Կողմերի միջև զարգացնել և ընդլայնել առողջապահական և բժշկագիտական համագործակցությունը:
2. Համաձայնագիրը սահմանում է, մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, դեղաբանության, օֆթալմոլոգիայի, հոգեկան առողջության, ուրոլոգիայի բնագավառները, որոնց շրջանակներում Կողմերը կզարգացնեն և կխորացնեն համագործակցությունը:
3. Համաձայնագրով նախատեսվում է աշխատանքային ծրագրեր կազմելու և դրա իրականացման առաջընթացը պարբերաբար գնահատելու համար ստեղծել աշխատանքային խումբ:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.
- փոխանակել գիտատեխնոլոգիական տեղեկատվություն,
- մասնակցել Կողմերից որևէ մեկի տարածքում կազմակերպվող միջազգային համաժողովներին,
- փոխգործակցել մասնագետների և պատվիրակությունների փոխանակման հարցում,
- համաձայնեցված ծրագրերի շրջանակներում իրականացնել համատեղ հետազոտություններ,
- համաձայնագրից բխող պարտավորությունների կատարման համար սահմանել փոխանակումների քվոտա,
- սուր հիվանդությունների դեպքում իր երկիր այցելած անձանց ցուցաբերել անվճար բժշկական օգնություն,
- սահմանված քվոտայի շրջանակներում ֆինանսավորել մասնագետների փոխանակումը:
5. Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը կնպաստի պետության կողմից բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման` ՀՀ Սահմանադրության (հոդված 34) պահանջի կատարմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թ. հուլիսի 5-ին Նիկոսիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|