«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունվարի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
|
1 դեկտեմբերի 2009 թ. |
թիվ 362-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ը հաստատելու մասին թիվ 241-Ն որոշմամբ հաստատված «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ում՝ (այսուհետ՝ Կանոնակարգ 17) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 17-ի 6-րդ կետը լրացնել նոր «ը» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«ը) փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանք, որում նշված փոստային հասցեով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության գործունեության լիցենզիան:»:
2) Կանոնակարգ 17-ի 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«24. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում է պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիաների գրանցամատյան, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.
ա) Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը,
բ) Գրանցման համարը,
գ) Լիցենզիայի համարը,
դ) Լիցենզիան տրամադրելու մասին խորհրդի որոշման ամսաթիվը և համարը,
ե) Լիցենզիայի տրման ամսաթիվը,
զ) Գտնվելու վայրը,
է) Գործունեության իրականացման վայրը,
ը) Գործունեության տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա,
թ) Տեղեկություններ մասնաճյուղի (ներկայացուցչության) անվանման, գտնվելու վայրի, հաշվառման վկայականի համարի, հաշվառման համարի, գործունեության դադարեցման մասին,
ժ) Տեղեկություններ տրամադրված կոդի և այդ կոդի անվավեր ճանաչման հիմքերի մասին,
ժա) Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման և գործողության դադարեցման մասին:
Գրանցամատյանի ձևը սահմանվում է՝ համաձայն հավելված 9-ի:»։
3) Կանոնակարգ 17-ի 57-րդ կետի ա) ենթակետում «65-րդ կետով» բառերը փոխարինել «69-րդ կետով» բառերով:
4) Կանոնակարգ 17-ի 12-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Գ լ ու խ 12
Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների թեկնածուների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը
58. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարներ են հանդիսանում գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը (այսուհետ` ղեկավար):
58.1 Ղեկավարների թեկնածուների (այսուհետ՝ թեկնածուներ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է գրավոր քննության (այսուհետ՝ քննություն) միջոցով, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Թեստավորման ծառայության կողմից (այսուհետ` թեստավորման ծառայություն) կամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ այլ կազմակերպության կողմից:
58.2 Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ քննություններն այլ կազմակերպությունների կողմից անցկացվելու դեպքում քննության թեստերի կազմման, դրանցում փոփոխությունների և լրացումների կատարման, քննություններին մասնակցելու համար թեկնածուների հերթագրման, փաստաթղթերի ընդունման, քննությունների անցկացման, քննության արդյունքների ամփոփման, բողոքարկման, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգը սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից՝ համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ:
59. Թեկնածուները քննությանը մասնակցելու համար պետք է նախապես հերթագրվեն: Թեկնածուները կարող են հերթագրվել ինտերնետային կայքի համապատասխան էջում տվյալներ մուտքագրելով կամ հեռախոսով:
1) Հերթագրվելու նպատակով յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում են քննության ստույգ օրեր, որի մասին տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` մինչև տվյալ եռամսյակի առաջին ամսվան նախորդող ամսվա 10-ը:
2) Թեկնածուները Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում տեղադրված հեռախոսահամարով կարող են հերթագրվել ցանկացած օր և ցանկացած ժամի` թողնելով համապատասխան հաղորդագրություն` ստորև նշված տեղեկությունների վերաբերյալ.
ա. անուն, ազգանուն,
բ. որակավորման տեսակ,
գ. քննությանը մասնակցելու ամիս, օր, ժամ ըստ հրապարակված ցանկի (ցանկության դեպքում),
դ. հեռախոսահամար:
3) Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով հերթագրվելու դեպքում թեկնածուները, բացի սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տվյալներից, պետք է հայտնեն նաև անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի և էլեկտրոնային փոստի (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկատվություն:
4) Թեկնածուի կողմից նշված օրը և (կամ) ժամին քննության անցկացման անհնարինության դեպքում կամ թեկնածուի կողմից քննությանը մասնակցելու օր և (կամ) ժամ չնշելու դեպքում թեստավորման ծառայության աշխատակիցը թեկնածուի` Կենտրոնական բանկում հերթագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է նրան քննության անցկացման հնարավոր առաջիկա օրվա և (կամ) ժամի մասին:
60. Թեկնածուները քննությանը մասնակցում են՝ քննության օրը ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
ա) անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և դրա պատճենը,
բ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:
61. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով` թեստային եղանակով:
1) Թեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից և որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա:
2) Թեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա չեն հրապարակման:
3) Թեստերը կազմվում են՝ ստուգելու թեկնածուի իմացությունը Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզավորման, գործունեության, գործունեության կարգավորման ու վերահսկողության, հաշվապահական հաշվառման, հարկային օրենսդրության, ընդհանուր տնտեսագիտության ոլորտներում:
62. Թեստը պարունակում է 30 հարց: Թեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:
63. Թեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ:
64. Թեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը՝ զրո միավոր:
65. Հայերեն լեզվին չտիրապետող թեկնածուների քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում, Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Հայերեն լեզվին չտիրապետող ղեկավարների թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետի թույլտվությամբ:
66. Քննությունն անցկացվում է առանձնացված սենյակում, որը վերահսկվում է տեսախցիկների միջոցով:
1) Թեկնածուին թույլատրվում է մուտք գործել քննության անցկացման սենյակ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում` ըստ ցուցակի նստեցնելով համապատասխան համակարգչի մոտ: Ուշացած թեկնածուների համար քննության տևողությունը չի երկարաձգվում:
2) Թեկնածուներին տրվում են բացատրություններ քննության անցկացման հետ կապված տեխնիկական հարցերի վերաբերյալ:
3) Քննության սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով` նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:
4) Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից (բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված էլեկտրոնային հաշվիչների), ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից և համարվում է բացասական արդյունք ապահոված:
5) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև քննության առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո թեկնածուին տրվում է իր հանձնած թեստի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն (երկու օրինակից), որտեղ արտացոլվում են թեկնածուի միավորները տոկոսային արտահայտությամբ: Հաշվետվությունները ստորագրվում են թեկնածուի կողմից. մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:
67. Թեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ.
ա) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է բացասական արդյունք ապահոված,
բ) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում թեկնածուն համարվում է դրական արդյունք ապահոված և նրան տրվում է որակավորման վկայական:
68. Թեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը:
69. Որակավորման վկայականը տրվում է քննության դրական արդյունք ապահոված թեկնածուներին՝ թղթային ձևով (համաձայն Հավելված 8-ի), քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում` «Որակավորման վկայական ունեցող անձինք» ցուցակում` քննությունը հանձնելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորված անձանց ցուցակը թարմացվում է որակավորված անձանց որակավորման ժամկետը լրանալու կամ որակավորումից զրկվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:
70. Բացասական արդյունք ապահոված թեկնածուները կրկին կարող են մասնակցել քննությանը` համապատասխան որակավորման վկայական ստանալու համար։
71. Որակավորման վկայականները տրվում են դրանց ստորագրման պահից հաշված 5 (հինգ) տարի ժամկետով: Ժամկետի լրանալուն պես որակավորման վկայականը անվավեր է:
71.1 Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները՝ քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ (համաձայն Հավելված 11-ի) կամ դիմումը լրացնելով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի համապատասխան էջում: Դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է բողոքարկողին բողոքարկման արդյունքների վերաբերյալ:
71.2 Որակավորված անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով գրավոր դիմում Կենտրոնական բանկի նախագահի անունով: Դիմումն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձին տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով, իսկ կորցրած վկայականը համարվում է անվավեր:
71.3 Բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալի, տնօրինության (վարչության) անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի և բանկի ու օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել որպես պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավար առանց պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի որակավորման վկայական ստանալու` ըստ համապատասխան որակավորման:»:
5) Կանոնակարգ 17-ի Հավելված 6-ը ուժը կորցրած ճանաչել:
6) Կանոնակարգ 17-ի Հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
7) Կանոնակարգ 17-ի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
8) Կանոնակարգ 17-ում լրացնել Հավելված 11-ը՝ համաձայն Հավելված 3-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|
ք. Երևան |
|
Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թ. դեկտեմբերի 1-ի թիվ 362-Ն որոշմամբ |
|
Հավելված 8 |
«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ
իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների
հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ
|
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N Սույն վկայականը տրվում է
Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ
պաշտոնում աշխատելու համար: Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «___» _____________ 20 թ.: ՀՀ կենտրոնական «___» __________20 թ. |
|
Հավելված 2
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թ. դեկտեմբերի 1-ի թիվ 362-Ն որոշմամբ |
|
Հավելված 9 |
«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ
իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների
հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյան
|
Լիցենզա-վորված իրավա-բանական անձի անվա-նումը |
Գրանց-ման հա-մարը |
Լիցեն-զիայի հա-մարը |
Լիցեն-զիան տրամա-դրելու մասին խորհրդի որոշման ամսա-թիվը և համարը |
Լիցեն-զիայի տրման ամսա-թիվը |
Գտն-վելու վայրը |
Գործու-նեության իրակա-նացման վայրը |
Գործու-նեության տեսակը, որի իրակա-նացման համար տրվել է լիցենզիա |
Տեղեկու-թյուններ լիցեն-զիայի վերաձե-վակերպ-ման մասին |
Մասնա-ճյուղի (ներկա-յացուց-չության) անվա-նումը |
Մասնա-ճյուղի (ներկայա-ցուց-չության) գտնվելու վայրը |
Մասնա-ճյուղի (ներկայա-ցուց-չության) հաշվառ-ման վկայա-կանի հա-մարը |
Մասնա-ճյուղի (ներկայա-ցուց-չության) հաշվառ-ման հա-մարը |
Մասնա-ճյուղի (ներկայա-ցուց-չության) գործու-նեության դադա-րեցման մասին տեղեկու-թյուններ |
Տեղեկու-թյուններ լիցեն-զիայի գործո-ղության կասեց-ման, դադա-րեցման մասին |
Կոդը |
Կոդի անվա-վեր ճանա-չելու հիմքը |
|
Հավելված 3
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թ. դեկտեմբերի 1-ի թիվ 362-Ն որոշմամբ |
|
Հավելված 11 |
«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ
իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների
հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
ԴԻՄՈՒՄ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ
Բողոքարկողի անուն, ազգանուն
Բողոքարկողի անձնագրային տվյալներ
Քննության անցկացման օր, ամիս, տարեթիվ
Որակավորման տեսակը
Հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե (առկայության դեպքում)
Բողոքարկման պատճառ հանդիսացած խնդրահարույց հարցի նկարագրությունը
|
Դիմող՝ |
«___» __________20 թ.: |