ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«20» նոյեմբերի 2024 թ. |
N 1512-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՉԿԱՏԱՐՎԱԾ (ՉՄԱՐՎԱԾ) ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով
Հրամայում եմ
1. Սահմանել`
1) մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հաշվառված և չկատարված (չմարված) հարկային պարտավորությունները հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում հաշվառելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ |
11/20/2024 |
|
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թ. նոյեմբերի 20-ի N 1512-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՉԿԱՏԱՐՎԱԾ (ՉՄԱՐՎԱԾ) ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇՎԻ ՔԱՐՏԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հարկի կամ վճարի գծով հաշվառված և չկատարված հարկային պարտավորությունները և 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա դեբետային գումարները (այսուհետ՝ հաշվառման ենթակա հարկային պարտավորություններ) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 319-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով վարվող` հարկ վճարողների ներկայացրած հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա անձնական հաշվի քարտում (այսուհետ` հարկատեսակների ԱՀՔ) և հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտում արտացոլված տվյալների հիման վրա անձնական հաշվի քարտում (այսուհետ` վարչական ակտի ԱՀՔ) հաշվառելու հետ կապված հարցերը:
2. Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հարկի կամ վճարի հարկային պարտավորությունների, դեբետային գումարների մասով կատարված գրանցումները պահպանվում են այդ քարտում և դրանք 2025 թվականի հունվարի 1-ից հետո վարվող հարկատեսակների ԱՀՔ կամ վարչական ակտի ԱՀՔ չեն տեղափոխվում, բացառությամբ հաշվառման ենթակա հարկային պարտավորությունների:
3. 2025 թվականի հունվարի 1-ից հետո հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունների, դեբետային գումարների մասով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը վարվող անձնական հաշվի քարտում գրանցումներ չեն կատարվում:
4. Հաշվառման ենթակա հարկային պարտավորությունները հաշվառվում են օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով վարվող հարկատեսակների ԱՀՔ-ում կամ վարչական ակտի ԱՀՔ-ում:
5. Հաշվառման ենթակա պարտավորություններից հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկի կամ վճարի գծով հարկային պարտավորությունները, դեբետային գումարները, որոնք օրենսգրքով սահմանված կարգով անբողոքարկելի համարվելուց հետո հարկ վճարողի անձնական հաշվի քարտում հաշվառվել են մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, հաշվառվում են վարչական ակտի ԱՀՔ-ում, իսկ հաշվառման ենթակա հարկային պարտավորությունների մնացած մասը հաշվառվում են հարկատեսակների ԱՀՔ-ում։
6. Հարկատեսակների ԱՀՔ-ում կամ վարչական ակտի ԱՀՔ-ում հաշվառման ենթակա պարտավորությունների սկզբնական մնացորդները հաշվառվում են 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ: Ընդ որում, հարկերի, տույժերի և տուգանքների գումարները հաշվառվում են առանձին-առանձին:
7. Սույն կարգի 5-րդ կետին համապատասխան հաշվառված` հաշվառման ենթակա պարտավորությունների մասով 2025 թվականի հունվարի 1-ից հետո կատարվող փոփոխությունները հաշվառվում են համապատասխանաբար հարկատեսակների ԱՀՔ-ում կամ վարչական ակտի ԱՀՔ-ում` դրանց վարման կարգերին համապատասխան:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: