ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«28» օգոստոսի 2024 թ. |
N 348-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Սահմանել շրջակա միջավայրի նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի։
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
«28» օգոստոսի 2024 թ. |
8/28/2024 |
Հավելված շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի օգոստոսի 28-ի N 348-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ
1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ISO 19115, ISO 19119 և ISO 19139 ստանդարտների հիման վրա շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ՝ Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
2. Մետատվյալներն ստեղծվում, պահպանվում և թարմացվում են Նախարարության կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի դրույթներին համապատասխան:
3. Մետատվյալների բազան ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները:
4. Մետատվյալներն ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:
5. Մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման համար պատասխանատու է Նախարարությունը:
6. Մետատվյալների բազան ստեղծվում և թարմացվում է էլեկտրոնային եղանակով` Նախարարության կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կադաստրի կոմիտե) ղեկավարի 2022 թվականի մարտի 31-ի N 76-Ն հրամանով սահմանված հավելվածի Ձևի։
7. Մետատվյալների բազան էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում։
8. Նախարարությունն օգտագործում է Մետատվյալներն իր լիազորություններն իրականացնելու համար, ապահովում է դրանց օրինականությունը, ճշգրտությունը, հուսալիությունն ու անվտանգությունը և տրամադրումը կամ հասանելիությունը ոլորտի լիազոր մարմնին՝ կադաստրի կոմիտեին։
9. Նախարարությունը տարածական տվյալների ենթակառուցվածքների՝ ոլորտային գեոպորտալի միջոցով, ապահովում է Մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները.
1) որոնման ծառայություն,
2) դիտման ծառայություն,
3) ներբեռնման ծառայություն,
4) փոխակերպման ծառայություն,
5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:
10. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները.
1) հիմնաբառ,
2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում,
3) աշխարհագրական դիրք (կոորդինատ),
4) որակի չափանիշ,
5) հանրային մուտքի նկատմամբ առկա սահմանափակում,
6) հասանելիության և օգտագործման նախադրյալ, ինչպես նաև համապատասխան դրամական վճարում,
7) սուբյեկտ, որը պատասխանատու է տարածական տվյալների հավաքման, կառավարման և տրամադրման համար:
11. Ծառայությունները պետք է ունենան հանրային հասանելիություն՝ էլեկտրոնային (առցանց) հարթակների միջոցով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2024 թվական: