Գլխավոր տեղեկություն
Համար
N 331-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.11.2023-14.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.12-2023.06.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2023
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.06.2023
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 հունիսի 2023 թ.
քաղ. Երևան

N 331-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել՝

1) արտոնագրված հաշտարարների որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները և պահանջվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի,

3) արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգման ընթացակարգը` համաձայն N 3 հավելվածի,

4) օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Արտոնագրված հաշտարարների որակավորման հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

3. Մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նոր կառավարման մարմինների ձևավորումը որակավորման հանձնաժողովում մեկ հաշտարարին Արդարադատության նախարարը նշանակում է միանձնյա:

4. Նախքան հաշտարարության առցանց հարթակի գործարկումը սույն հրամանով սահմանված որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումը, պահանջվող փաստաթղթերը ուղարկվում, իսկ դիմողի հետ հաղորդակցությունն իրականացվում են էլեկտրոնային փոստի միջոցով:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

Գ. Մինասյան

 

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2023 թվականի հունիսի 22-ի

N 331-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշտարարների որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) արդարադատության նախարարին (այսուհետ` նախարար) կից խորհրդակցական մարմին է, որն անցկացնում է հաշտարարների որակավորման ստուգումը (այսուհետ` որակավորման ստուգում):

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հաշտարարության մասին» օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովը բաղկացած է առնվազն 7 անդամից:

4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երկու ներկայացուցիչ նախարարությունից, որոնցից մեկը նախարարի տեղակալն է, մեկ դատավոր, մեկ գործող հաշտարար, մեկ իրավաբան գիտնական, մեկ ներկայացուցիչ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, մեկ հոգեբան: Հանձնաժողովում խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է ընդգրկվել ներկայացուցիչ հաշտարարական ուսուցում իրականացնող կազմակերպությունից:

5. Նախարարի տեղակալը ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն է:

6. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է իր կողմից որպես փոխարինող նշանակված հանձնաժողովի անդամը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Հանձնաժողովի նախագահին փոխարինող հանձնաժողովի անդամի ձայնը քվեարկության ժամանակ հաշվարկվում է միայն որպես հանձնաժողովի նախագահի ձայն:

7. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում և փոփոխվում է նախարարի հրամանով:

8. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու համար նախարարը`

1) արդարադատության նախարարության երկու ներկայացուցչին նշանակում է միանձնյա,

2) մեկ դատավորին նշանակում է Բարձրագույն դատական խորհրդի ներկայացմամբ,

3) մեկ գործող հաշտարարին նշանակում է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության առաջարկությամբ: Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից գործող հաշտարար ներկայացնելու անհնարինության դեպքում, նախարարը գործող հաշտարարին նշանակում է միանձնյա՝ արտոնագրված հաշտարարների ռեեստրից:

4) Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցչին նշանակում է Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարի ներկայացմամբ.

5) մեկ իրավաբան գիտնականին, մեկ հոգեբանին նշանակում է միանձնյա՝ վերջիններիս համաձայնությամբ։

(8-րդ կետը լրաց. 31.10.23 N 640-Ն)

9. Հանձնաժողովի աշխատանքներին որևէ անդամի հետագա մասնակցության անհնարինության դեպքում հանձնաժողովի կազմը փոփոխվում կամ համալրվում է` սույն կարգով սահմանված հանձնաժողովի անդամի նշանակման կանոնակարգումների համաձայն` տասն աշխատանքային օրվա ընթացքում:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Հանձնաժողովը`

1) անցկացնում է որակավորման ստուգումները,

2) ամփոփում է որակավորման ստուգման արդյունքները,

3) նախարարին ներկայացնում է առաջարկություն՝ հաշտարարի որակավորում շնորհելու վերաբերյալ.

4) իրականացնում է սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված այլ լիազորություններ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

14. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը,

2) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը,

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

4) անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր ստանալու նպատակով հարցումներ է ուղղում պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց,

5) իրականացնում է սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված և հանձնաժողովի ընթացիկ գործունեության ղեկավարմանն ուղղված այլ լիազորություններ:

15. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին և դրանցում անցկացվող քվեարկությանը,

2) ուսումնասիրում է հանձնաժողովում քննարկվող փաստաթղթերը,

3) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումները,

4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում դրանք,

5) իրականացնում է սույն հրամանի հավելված N 3-ով սահմանված այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովը կարող է դիմել նախարարին՝ հանձնաժողովի անդամին հանձնաժողովից հեռացնելու միջնորդությամբ, եթե այդ անդամը՝

1) երեք և ավելի անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.

2) երեք և ավելի անգամ հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստերի քվեարկությանը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ, այդ թվում՝ աշխատակարգային:

18. Հանձնաժողովի գործունեության կազմակերպման հետ կապված հարցերը լուծվում են հանձնաժողովի աշխատակարգային որոշումներով:

19. Հանձնաժողովն իր որոշումներն ընդունում է նիստերի ընթացքում:

20. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

21. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

22. Ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշում ունենալու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ գրավոր կարծիք։ Հատուկ կարծիքը ներկայացվում է հանձնաժողովի նիստում՝ այն ներկայացնող հանձնաժողովի անդամի ստորագրությամբ և կցվում է արձանագրությանը:

23. Եթե հանձնաժողովի անդամը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել իր կամ հանձնաժողովի այլ անդամի անկողմնակալության մեջ, նա պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել նախարարությանը:

24. Արդյունքների հետ կապված հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են գրավոր բողոքարկվել նախարարին՝ որոշումներն ստանալու պահից, իսկ գործողությունները կամ անգործությունը՝ համապատասխանաբար գործողության կատարման կամ անգործության դրսևորման պահից 10-օրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հրամանի հավելված 3-ով:

25. Բողոքը քննվում է նախարարություն մուտքագրվելուց հետո` 10-օրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հրամանի հավելված 3-ով: Բողոքի քննության արդյունքում նախարարի ընդունած որոշումը պարտադիր է հանձնաժողովի համար:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

26. Հանձնաժողովի գործունեությունն ապահովում է քարտուղարությունը, որի գործառույթներն իրականացնում է նախարարի կողմից որոշված ստորաբաժանումը:

27. Քարտուղարությունն ապահովում է`

1) հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումը,

2) հանձնաժողովի անդամների տեղեկացումը հանձնաժողովի նիստերի անցկացման մասին,

3) հանձնաժողովի նիստերի արձանագրումը և արձանագրությունների պահպանումը,

4) հանձնաժողովի որոշումների փոխանցումը նախարարին,

5) հանձնաժողովի նիստի օրակարգի և նյութերի փոխանցումը հանձնաժողովի անդամներին,

6) հանձնաժողովի ընթացիկ գործունեության հետ կապված այլ գործողությունների կատարումը:

(հավելվածը լրաց. 31.10.23 N 640-Ն)

 

 

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2023 թվականի հունիսի 22-ի

N 331-Ն հրամանի

 

ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ձև

 

Արդարադատության նախարարությանը

 

Դիմումատու՝

Անունը, ազգանունը, հայրանունը ______________

Ծննդյան օրը, ամիսը, տարին______________

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամսաթիվը _______________

Ծանուցման հասցեն _______________

Հեռախոսահամարը (հեռախոսահամարները) ______________

Էլեկտրոնային փոստի հասցեն ______________

Կապի այլ միջոցներ (առկայության դեպքում) ______________

 

ԴԻՄՈՒՄ

 

Հաշտարարի որակավորման ստուգմանը մասնակցելու

 

Ներկայացնելով սույն դիմումը` խնդրում եմ թույլ տալ մասնակցել 20____ թվականին կազմակերպվելիք՝ հաշտարարների որակավորման ստուգմանը:

Դիմումին կից ներկայացվում են (նշել համապատասխան վանդակները)`

□ գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի.

□ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

□ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

□ նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը.

□ որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը օրենքով սահմանված կարգով իմ անձնական տվյալների մշակման, ինչպես նաև դիմումի մեջ և կից փաստաթղթերում առկա տեղեկությունների ստուգման համար:

Տեղեկացված եմ, որ անհրաժեշտ ծանուցումները և փաստաթղթերը ուղարկվելու են դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին և հասանելի են լինելու էլեկտրոնային առցանց հարթակի միջոցով և դա համարվում է պատշաճ ծանուցում (հանձնում):

Սույնով հայտարարում եմ, որ դիմումի մեջ նշված և կից փաստաթղթերում առկա տեղեկությունները հավաստի են:

 

Դիմող՝

 

_______________

(ստորագրությունը)

_______________

(անունը, ազգանունը)

_______________

(օրը, ամիսը, տարին)

 

ՑԱՆԿ

 ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հաշտարարի որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին կցվում են`

1) դիմումատուի գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի,

2) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

3) դիմումատուի բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

4) նախարարի սահմանած կարգով դիմումատուի ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը, բացառությամբ այն դեպքերի, երբ «Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերին համապատասխան անձը ազատված է ուսուցում անցնելու պարտականությունից, որի դեպքում դիմումին կցվում են համապատասխանաբար օտարերկրյա պետությունում նմանատիպ դասընթաց անցած լինելու վկայագրի պատճենը կամ սույն հրամանի հավելված 4-ով սահմանված ցանկով նախատեսված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության հաշտարար հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք՝ տրված այդ կազմակերպության կողմից, և այն դեպքերի, երբ որակավորման ստուգմանը մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է մինչև ուսուցման դասընթացի ավարտը, որի դեպքում դիմումատուի ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը կարող է ներկայացվել ի լրումն ներկայացված դիմումի, բայց ոչ ուշ, քան մինչև հայտարարությամբ սահմանված վերջնաժամկետը,

5) նոտարական կարգով հաստատված դիմումատուի բանավոր հայտարարությունը «Հաշտարարության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին,

6) որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

(1-ին կետը լրաց. 31.10.23 N 640-Ն)

(հավելվածը լրաց. 31.10.23 N 640-Ն)

 

 

Հավելված N 3

Արդարադատության նախարարի

2023 թվականի հունիսի 22-ի

N 331-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

I. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ

 

1. Հաշտարարի որակավորումն իրականացնում է Արդարադատության նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` որակավորման ստուգման միջոցով, որն անցկացնում է որակավորման հանձնաժողովը:

2. Նախարարությունը որակավորման ստուգումն անցկացնելուց ոչ ուշ, քան 20 օր առաջ իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն (այսուհետ՝ հայտարարություն), որում նշվում են որակավորման ստուգման (փուլի) անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու եղանակը, վերջնաժամկետը և վայրը:

(2-րդ կետը փոփ. 31.10.23 N 640-Ն)

3. Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմողի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ դիմողի նշած էլեկտրոնային փոստի միջոցով և առցանց հարթակի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով:

4. Որակավորման ստուգմանը կարող է մասնակցել 25 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող անձը, ով նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում: «Հաշտարարության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերում անձն ազատվում է ուսուցման դասընթացներին մասնակցած լինելու պարտականությունից։

5. Որակավորման ստուգմանը մասնակցելու համար անձը հայտարարության մեջ նշված ժամկետում առցանց հարթակի միջոցով էլեկտրոնային եղանակով նախարարություն են ներկայացնում որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումը և պահանջվող փաստաթղթերը: Նույն օրացուցային տարվա ընթացքում որակավորման դասընթացների մասնակցության նպատակով սույն կարգի Հավելված 2-ով նախատեսված փաստաթղթերը ներկայացրած անձինք որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմում ներկայացնելիս ազատվում են կից փաստաթղթերը կրկին ներկայացնելու պահանջից:

6. Դիմումին կից փաստաթղթերի պատճենները էլեկտրոնային եղանակով ներկայացվելուց հետո դրանց բնօրինակները անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նախարարության կողմից՝ բովանդակության ստուգման նպատակով:

7. Դիմումի մեջ կամ դրան կից փաստաթղթերում թերությունների առկայության դեպքում դիմումը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան որակավորման ստուգման անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ դիմողը առցանց հարթակի միջոցով էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով տեղեկացվում է այդ մասին` նրան հնարավորություն ընձեռելով տեղեկացվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, շտկելու թերությունները:

8. Ներկայացված փաստաթղթերից կազմված` դիմողների անձնական գործերը վերցվում են հաշվառման և պահվում նախարարությունում:

9. Որակավորման ստուգմանը դիմողի մասնակցության դիմումը նախարարության կողմից մերժվում է, եթե`

1) դիմողի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) դիմողը հայտարարության մեջ նշված ժամկետում կամ սույն ընթացակարգի 6-7-րդ կետով սահմանված դեպքում` նույն կետով սահմանված ժամկետում չի ներկայացրել պահանջվող բոլոր փաստաթղթերը.

3) պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո պարզվել է, որ դիմողի տվյալները չեն բավարարում «Հաշտարարության մասին» օրենքի 13-րդ հոդվածի և սույն ընթացակարգի 4-րդ կետի պահանջները:

10. Սույն ընթացակարգի 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված հիմքերով դիմումը մերժելու դեպքում դիմումը մերժելու մասին որոշումն ուղարկվում է դիմողին ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ սույն ընթացակարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով մերժելու դեպքում՝ մերժման հիմքը հայտնաբերելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան որակավորման ստուգման անցկացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ: Որոշումն ուղարկվում է առցանց հարթակի միջոցով էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով:

 

II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

11. Որակավորման ստուգումն անցկացվում է առնվազն երկու տարին մեկ անգամ՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամիսը:

12. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով, երկու փուլով՝ գրավոր առաջադրանք, որը ներառում է նաև խնդրի լուծում և հարցազրույց, որը կարող է ներառել փորձնական հաշտարարություն:

13. Որակավորման ստուգումն անցկացվում է քննասենյակում:

14. Որակավորման ստուգման ժամանակ մասնակցին չի թույլատրվում`

1) քննասենյակ տանել որևէ նյութ, պայուսակ, հեռահաղորդակցման և համակարգչային սարքեր, այդ թվում` բջջային հեռախոս, ձայնագրիչներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ կամ այլ տեխնիկական սարքավորումներ, համակարգչում տեղադրված իրավական ակտերի և այլ նյութերի,

2) քննասենյակում և դրա հարակից տարածքներում այլ մասնակցի հետ խոսել կամ ժեստերով և (կամ) որևէ այլ կերպ հաղորդակցվել,

3) ծխելը կամ ծխելու պատրվակով դուրս գալը,

4) քննության ընթացքում, բացի սանհանգույցից, այլ տարածք մուտք գործելը,

5) աշխատանքը հանձնելուց հետո քննասենյակում կամ անմիջապես հարակից տարածքներում մնալը:

15. Որակավորման ստուգման գրավոր առաջադրանքի ժամանակ համակարգչով աշխատելիս մասնակցին չի թույլատրվում օգտվել ինտերնետային կայքերից (ինտերնետ հասանելիությունը սահմանափակվում է), օգտագործել իրավական ակտեր, մեկնաբանության գրքեր, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, նախապես կազմված գրառումներ կամ այլ նյութեր, այդ թվում` այդպիսի տեղեկություններ պարունակող կամ տրամադրող ձայնային կամ այլ տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ, բացառությամբ մասնակցին հատկացված: Թույլատրվում է օգտվել համակարգչում տեղադրված իրավական ակտերից (օրենսգրքերից, օրենքներից, այլ իրավական ակտերից):

16. Որակավորման ստուգումն սկսվելուց հետո մասնակիցը կարող է դուրս գալ քննասենյակից միայն հանձնաժողովի նախագահի կամ նախարարության ներկայացուցչի թույլտվությամբ, որը պարտավոր է ողջամիտ միջոցներ ձեռնարկել այլ անձանց հետ հավակնորդի շփումը բացառելու նպատակով:

17. Սույն ընթացակարգի 14-րդ կետի 1-5-րդ ենթակետերով, 15-16-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում խախտում թույլ տված մասնակիցը հեռացվում է քննասենյակից: Մասնակցին քննասենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Խախտում թույլ տված մասնակիցը համարվում է որակավորման ստուգման համապատասխան փուլը չհաղթահարած:

18. Որակավորման ստուգման ընթացքում մասնակցի անձի կամ քննության ընթացքի հետ կապված արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հանձնաժողովը, կազմելով համապատասխան արձանագրություն, այդ հանգամանքների տևողության չափով երկարաձգում է որակավորման ստուգման տվյալ փուլի համար հատկացված ժամանակը քննասենյակում ներկա համապատասխանաբար բոլոր կամ առանձին մասնակիցների համար: Արձանագրությունը ստորագրում են նաև քննասենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ:

19. Սույն ընթացակարգի 12-18-րդ կետերով նախատեսված կարգավորումները տարածվում են որակավորման ստուգման բոլոր փուլերի նկատմամբ:

20. Որակավորման ստուգման առաջին փուլն անցկացվում է համակարգչի միջոցով:

21. Գրավոր առաջադրանքները կարող են պարունակել իրավիճակային խնդիրներ՝ ուղղված հաշտարարի գործունեությանն առնչվող փաստական հանգամանքների շրջանակում կոնֆլիկտի լուծմանը (այդ թվում՝ իրավունքի վերաբերելի նորմեր կիրառելով) կամ կազմվել իրավական հարցերի վերաբերյալ թեստային առաջադրանքների ձևաչափով՝ դրանց ճիշտ լուծումները մասնակցի կողմից ընտրելու պահանջով: Գրավոր առաջադրանքները կարող են կազմվել նշված երկու եղանակի զուգակցմամբ, որի դեպքում թեստային հարցերը և իրավիճակային խնդիրը համարվում են մեկ ամբողջական քննական առաջադրանք: Առաջադրանքները, բացի նեղ մասնագիտական ոլորտներում տեսական գիտելիքների ստուգումից, ուղղված են որակավորման ստուգման մասնակցի՝ վեճի հանգամանքների հաշվառմամբ հաշտարարության հմտություններ կիրառելու կարողությունների ստուգմանը:

22. Որակավորման ստուգման առաջին փուլը գրավոր առաջադրանքների միջոցով իրականացնելիս գրավոր առաջադրանքը կազմվում է համակարգչում զետեղված հարցաշարից պատահական ընտրված 30 թեստային հարցից: Յուրաքանչյուր թեստային հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը պետք է լինի միանշանակ ճիշտ պատասխանը: Թեստային յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր:

23. Իրավիճակային խնդրի դեպքում առաջադրվում են փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջներ: Խնդիրը, բացի նեղ մասնագիտական ոլորտներում տեսական իրավական գիտելիքների ստուգումից, ուղղված է որակավորման ստուգման մասնակցի վերլուծական և իրավակիրառ կարողությունների ստուգմանը:

24. Որակավորման ստուգման առաջին փուլը թեստային առաջադրանքների և իրավիճակային խնդիրների զուգակցմամբ անցկացվելու դեպքում քննական առաջադրանքում ներառված գրավոր խնդիրը մասնակիցները լուծում են թեստավորումն ավարտելուց և աշխատանքը հանձնելուց հետո:

25. Թեստային հարցերը և իրավիճակային խնդիրը կազմում է նախարարությունը։

26. Առաջին փուլի քննական առաջադրանքի նմուշը ոչ ուշ, քան որակավորման ստուգումն անցկացնելուց տասն օր առաջ հրապարակվում է նախարարության կայքում:

27. Առաջին փուլին մասնակցելու համար մասնակիցը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Նախարարության ներկայացուցիչը ստուգում է թեկնածուի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել որակավորման ստուգման անցկացման սենյակ, որտեղ մասնակիցը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Անձը հաստատող փաստաթուղթ չներկայացրած, ինչպես նաև ստուգումն սկսելուց հետո ներկայացած հավակնորդի մուտքը քննասենյակ արգելվում է:

28. Մինչև առաջին փուլով նախատեսված ստուգումն սկսելը՝ նախարարության ներկայացուցիչը մասնակիցներին համառոտ պարզաբանում է որակավորման ստուգման գործընթացը, փուլերը, որակավորման ստուգման և դրանց փուլերի տևողությունը, ինչպես նաև հաղորդում է որակավորման ստուգումը պատշաճ ձևով անցկացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

29. Թեստային հարցերի և իրավիճակային խնդրի առաջադրանքի տարբերակը որոշելու նպատակով քննասենյակում անցկացվում է վիճակահանություն հետևյալ կարգով. մասնակիցներից մեկը փակ ծրարներով սեղանին դրված քննական առաջադրանքների երեք տարբերակներից ընտրում է որևէ մեկը (ցանկացածը) և ընտրված տարբերակը համարվում է քննական: Համապատասխան քննական առաջադրանքի տարբերակով ծրարը բացվում է, և համապատասխան տարբերակի քննական առաջադրանքը տրամադրվում է մասնակիցներին:

30. Որակավորման առաջին փուլն անցկացվում է մասնակիցների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

31. Կազմակերպչական գործողություններն իրականացնելուց հետո նախարարության ներկայացուցիչը հայտարարում է որակավորման ստուգման առաջին փուլը սկսված և ավարտի ժամանակը սկսվում է հաշվարկվել այդ պահից:

32. Առաջին փուլի քննական առաջադրանքի լուծման համար ընդհանուր հատկացվում է 180 րոպե ժամանակ:

33. Առաջին փուլը հաղթահարելու նպատակով թեստային առաջադրանք և իրավիճակային խնդիր նախատեսված լինելու դեպքում մասնակից առաջին հերթին լուծում է թեստային առաջադրանքը: Թեստային առաջադրանքների լուծումը կատարվում է նախարարության կողմից տրամադրված ամփոփաթերթի հիմնական մասում նախատեսված համապատասխան վանդակում նշում կատարելու միջոցով` ընտրելով մեկ պատասխան: Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում մասնակիցը կարող է ոչ ավելի, քան մեկ անգամ փոխել ամփոփաթերթը, այլապես տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան: Սխալ պատասխաններ են համարվում նաև մեկից ավելի պատասխաններ նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

34. Թեստային առաջադրանքի լուծումն ավարտելուց (դադարեցնելուց) հետո, ինչպես նաև որակավորման ստուգման համար հատկացված ժամանակն սպառելուց հետո մասնակիցը, նախարարության ներկայացուցչի թույլտվությամբ, ամփոփաթերթի բնօրինակը տեղադրում է թափանցիկ և կնքված արկղի մեջ, իսկ կրկնօրինակը տրամադրվում է իրեն: Մասնակցի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է զրո միավոր: Սույն կետում նշված արկղը թույլատրվում է բացել առաջին փուլի արդյունքները հրապարակելիս: Ամփոփաթերթի օրինակը հանձնելուց հետո մասնակիցը համարվում է թեստային առաջադրանքները կատարած, որից հետո ամփոփաթերթում փոփոխություններ կատարելը կամ նոր ամփոփաթերթ ներկայացնելը արգելվում է:

35. Խնդրի լուծման ժամանակ մասնակցին էլեկտրոնային եղանակով տրամադրվում են խնդրի տարբերակը և խնդրի լուծման համար անհրաժեշտ իրավական ակտերը (օրենսգրքերը, օրենքները, այլ իրավական ակտերը) և այլ նյութեր, որոնց շրջանակը որոշում է նախարարությունը:

36. Մասնակիցները խնդրի լուծումը շարադրում են համակարգչով` Microsoft Word ծրագրի միջոցով` պահպանելով փաստաթղթի հետևյալ ձևաչափը`

1) տառատեսակը` GHEA Grapalat.

2) տառաչափը` 12.

3) տողերի հեռավորությունը` 1,15 սմ.

4) լուսանցքները` վերևից` 2 սմ, ներքևից` 2 սմ, աջից` 3 սմ, ձախից` 1,5 սմ.

5) նոր պարբերության խորությունը` 1 սմ.

6) էջերը` համարակալված 1-ից, էջի ստորին կենտրոնական մասում.

7) խնդրի հարցադրումներին պատասխանելու հաջորդականությունը` ըստ առաջադրանքի:

37. Արգելվում է համակարգչի էլեկտրոնային փաստաթղթում (գրավոր աշխատանքի մեջ) կամ համակարգչային ֆայլի անվանման մեջ գրել իրենց անունը կամ կատարել որևէ այլ նշում, որը կարող է անհատականացնել գրավոր աշխատանքը: Աշխատանքն անհատականացնող նշաններ են համարվում, ի թիվս այլնի, նաև` սույն ընթացակարգի 36-րդ կետի պահանջները խախտելը, շարադրանքում որևէ եղանակով բառերի համակարգչային ընդգծումը (մգեցում, շեղատառ, ընդգծում, խոշոր կամ այլ տառատեսակների կիրառում և այլն), շարադրանքի հետ առնչություն չունեցող բառեր, տառեր կամ թվեր օգտագործելը, միմյանց հաջորդող կրկնվող բառեր, տառեր, կետադրական նշաններ օգտագործելը, իրավական ակտերի անվանումների անթույլատրելի կրճատումներ կատարելը կամ հապավումներ կիրառելը, «հոդված», «մաս», «կետ», «ենթակետ» բառերի կրճատումները, ծալված կամ ջրի, թանաքի կամ այլ նյութերի հետքեր պարունակող աշխատանք հանձնելը:

38. Խնդրի լուծման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո մասնակիցը պարտավոր է դադարեցնել աշխատանքը:

39. Խնդրի լուծումն ավարտելուց (դադարեցնելուց) հետո մասնակիցը, նախարարության ներկայացուցչի թույլտվությամբ, տպիչի միջոցով տպում է այն երկու օրինակից: Այնուհետև մասնակցին տրամադրվում է ծածկագիր պարունակող կտրոն, որը կազմված է հիմնական և կտրվող մասերից: Մասնակիցը կտրոնի կտրվող մասում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և գցում է կտրոնների համար նախատեսված արկղի մեջ: Օրինակներից մեկի վրա մասնակիցը նշում է իր անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրում է բոլոր էջերը, և այն տեղադրվում է թափանցիկ արկղի մեջ: Մյուս օրինակի վրա փակցվում է կտրոնի հիմնական մասը և խնդրի լուծումը գնահատելու համար նախատեսված` չլրացված ստուգաթերթը, իսկ օրինակը տեղադրվում է ծրարի մեջ, ծրարը փակվում է, կնքվում և տեղադրվում է թափանցիկ արկղի մեջ: Սույն կետում նշված արկղերը և ծրարը թույլատրվում է բացել առաջին փուլի արդյունքները հրապարակելիս:

40. Առաջին փուլի ավարտից անմիջապես հետո հրապարակվում են քննական առաջադրանքի՝ թեստավորման հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշը:

41. Առաջին փուլի աշխատանքների ստուգումը, գնահատումն ու ամփոփումն իրականացվում է երկշաբաթյա ժամկետում: Գրավոր աշխատանքները ստուգում և գնահատում են հանձնաժողովի դռնփակ նիստին ներկա բոլոր անդամները:

42. Գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման համար հանձնաժողովն ապահովվում է թեստային առաջադրանքների ճիշտ պատասխաններով:

43. Քննական առաջադրանքի թեստային յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավորով (ընդհանուր՝ 30 միավոր), իսկ խնդրում առաջադրված հարցադրումներից յուրաքանչյուրի պատասխանը գնահատվում է առավելագույնը 10 միավորով (ընդհանուր՝ 20 միավոր, միավորների քայլը` 1):

44. Գնահատման ժամանակ խնդրի յուրաքանչյուր հարցադրում գնահատվում է հետևյալ չափորոշիչներով և առավելագույն միավորներով՝

1) հաշտարարության իրականացման համար անհրաժեշտ իրավական և ոլորտային այլ գիտելիքի կիրառություն՝ 10 միավոր,

2) կոնֆլիկտի և դրա լուծման վերլուծության ունակություն, կոնֆլիկտի լուծում՝ 10 միավոր,

45. Ստուգված խնդրին կցվում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների կողմից լրացված ստուգաթերթը, որը կարող է պարունակել նաև աշխատանքում առկա թերությունների վերաբերյալ ստուգողի կատարած համապատասխան նշումները:

46. Քննական առաջադրանքի թեստային հարցերի համար մասնակցի վերջնական գնահատականը որոշվում է ճիշտ պատասխանած հարցերի համար տրված միավորների հանրագումարով, իսկ խնդրի համար մասնակցի վերջնական գնահատականը որոշվում է առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով:

47. Ստուգման արդյունքներն ամփոփելու և մասնակիցներին ներկայացնելու նպատակով նախարարությունը մասնակիցներին հրավիրում է արդյունքների հրապարակմանը: Արդյունքները հրապարակելու նպատակով բացվում է մասնակիցների անունները պարունակող կտրոնների արկղը` կտրոնները տրամադրելով համապատասխան մասնակիցներին: Մասնակիցներից յուրաքանչյուրը ջնջում է իրեն տրամադրված կտրոնի վրա առկա անթափանց ծածկաշերտը` իրեն հատկացված համարին ծանոթանալու նպատակով: Այնուհետև նախարարության ներկայացուցիչը ջնջում է ստուգված աշխատանքների վրա փակցված անթափանց ծածկաշերտերը` հայտարարելով յուրաքանչյուր աշխատանքին համապատասխանող ծածկագիրը: Մասնակիցներին տրամադրված կտրոնի վրա առկա ծածկագրի և աշխատանքի վրա առկա և հրապարակված ծածկագրի համապատասխանեցման միջոցով իրականացվում է աշխատանքների հեղինակների նույնականացումը` հայտարարելով նրանց ստացած միավորների քանակը համապատասխանաբար թեստային հարցերի և խնդրի լուծման համար:

48. Արդյունքները հրապարակելուց հետո կազմվում է հանձնաժողովի արձանագրություն, որը պետք է տեղեկություններ պարունակի թեստային յուրաքանչյուր առաջադրանքի և խնդրի յուրաքանչյուր հարցադրման համար մասնակցի ստացած միավորների և դրանց հանրագումարի մասին: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին մասնակցած և աշխատանքները ստուգած բոլոր անդամները:

49. Գրավոր աշխատանքների ստուգումը, գնահատումը և ամփոփումն ավարտելուց հետո հանձնաժողովի արձանագրությունը` գրավոր աշխատանքների և այլ փաստաթղթերի հետ, տրամադրվում են քարտուղարությանը:

50. Առաջին փուլի արդյունքների մասին մասնակիցը պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան գրավոր աշխատանքների ստուգումն ու գնահատումն ամփոփելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

51. Մասնակցի գրավոր դիմումի հիման վրա վերջինիս երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են գրավոր աշխատանքի ստուգման արդյունքում հանձնաժողովի անդամների կողմից լրացված ստուգաթերթերի պատճենները:

52. Մասնակիցը գնահատման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին՝ արդյունքների մասին տեղեկացվելուց հետո՝ չորս աշխատանքային օրվա ընթացքում:

53. Բողոքարկումը թեստային առաջադրանքների, խնդիրների կամ դրանց ենթադրյալ պատասխանների ճշտության, ինչպես նաև թեստային առաջադրանքների և խնդիրների լուծման արդյունքում մասնակցի միավորները հաշվարկելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

54. Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է բողոքը ստանալուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում թեկնածուի գնահատականը չի նվազեցվում:

55. Եթե հանձնաժողովը գտնում է, որ թեստավորման կամ խնդրի արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա բավարարում է մասնակցի բողոքը և կատարում է թեստավորման կամ խնդրի արդյունքների ճիշտ հաշվարկ:

56. Եթե մասնակցի բողոքը բավարարվում է, և որևէ հարցը կամ ենթադրյալ պատասխանը համարվում է սխալ, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով, եթե նրանց կատարած սխալը պայմանավորված էր տվյալ սխալ հարցի կամ ենթադրյալ պատասխանի հետ՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնելով համապատասխան մասնակիցներին::

57. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը հաստատում է որակավորման ստուգման հաջորդ փուլ անցած մասնակիցների ցանկը և տրամադրում է քարտուղարությանը: Որակավորման ստուգման հաջորդ փուլ անցած մասնակիցների ցանկը սույն կետով սահմանված ժամկետում հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում և ուղարկվում է մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև արտացոլվում է առցանց հարթակում մասնակցի ունեցած անձնական էջում:

58. Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստային առաջադրանքներից առնվազն քսանհինգ և խնդրի լուծման արդյունքում առնվազն տասնհինգ միավոր ստացած մասնակիցները:

59. Հարցազրույցի փուլում նախարարության որոշմամբ կարող է իրականացվել փորձնական հաշտարարություն։ Փորձնական հաշտարարության փուլն անցկացվում է ոչ ուշ, քան որակավորման ստուգման առաջին փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում: Փորձնական հաշտարարության փուլի անցկացման օրվա մասին մասնակիցները տեղեկացվում են ոչ ուշ, քան երկրորդ փուլն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ:

60. Փորձնական հաշտարարության նպատակն է որպես հաշտարար արդյունավետ գործելու համար մասնակցի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են մասնակցի մասնագիտական աշխատանքի փորձառությունը, վարքագծի կանոններին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, պատասխանատվության զգացում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և հաշտարարի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով:

61. Փորձնական հաշտարարությունն անցկացնում է հանձնաժողովը:

62. Փորձնական հաշտարարության ընթացքում հաշտարարին ներկայացվում է հիպոթետիկ իրավիճակ, որում մասնակիցը հանդես է գալիս որպես հաշտարար՝ փորձելով հաշտարարության իրականացման միջոցով լուծել կողմերի միջև ծագած վեճը՝ վարքագծի կանոնների իմացությունը, որպես հաշտարար գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, բանակցություններ վարելու, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտությունները ու որակները ցուցադրելու համար:

63. Փորձնական հաշտարարությանը պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է 30 րոպե ժամանակ՝ գործի (վեճի) փաստական հանգամանքներին և նյութերին ծանոթանալու համար:

64. Յուրաքանչյուր հավակնորդի կողմից փորձնական հաշտարարության առավելագույն տևողությունը 30 րոպե է:

65. Յուրաքանչյուր թեկնածուի հետ անցկացվող փորձնական հաշտարարությունը տեսագրվում է:

66. Փորձնական հաշտարարության ժամանակ հանձնաժողովի անդամներին նախարարության կողմից տրամադրվում է ստուգաթերթ, որտեղ նշվում են գնահատման ենթակա չափանիշները:

67. Փորձնական հաշտարարության փուլը յուրաքանչյուր մասնակցի համար գնահատվում է առավելագույնը 20 միավորով: Գնահատումն իրականացվում է հետևյալ չափորոշիչների հաշվառմամբ. հաշտարարի համար անհրաժեշտ հմտությունների տիրապետում, կողմերի միջև հաշտարարությամբ վեճը լուծելու մթնոլորտի ձևավորում և պահպանում, հաշտարարության վերաբերյալ իրավական ակտերի տիրապետման մակարդակ, հաշտարարության գործընթացի իրականացումը ողջամիտ ժամկետում կառավարելու հմտությունները, հաշտության հանգուցալուծմանը ուղղված քայլերի արդյունավետություն: Գնահատման մեջ հաշվի է առնվում նաև հաշտարարական ուսուցումն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի խորհրդատվական կարծիքը։

68. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր մասնակցի՝ նշելով իր նկատառումները գնահատվող չափանիշների վերաբերյալ:

69. Բոլոր մասնակիցների փորձնական հաշտարարության ավարտից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացնում են փորձնական հաշտարարության արդյունքների ամփոփիչ քննարկում:

70. Փորձնական հաշտարարության փուլի համար մասնակցի վերջնական գնահատականը որոշում է հանձնաժողովը՝ քվեարկությամբ, հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով:

71. Ստուգման արդյունքներն ամփոփելուց հետո կազմվում է հանձնաժողովի արձանագրություն, որը պետք է պարունակի տեղեկություններ յուրաքանչյուր մասնակցի ստացած միավորների և դրանց հանրագումարի մասին: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները:

72. Որակավորման ստուգման բոլոր փուլերը հաղթահարած են համարվում փորձնական հաշտարարության փուլի արդյունքներով առնվազն տասներկու միավոր ստացած մասնակիցները:

73. Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է սույն ընթացակարգի 72-րդ կետում նշված մասնակիցների ցանկը և առաջարկում նախարարին` ցանկում նշված մասնակիցներին շնորհել հաշտարարի որակավորում:

74. Հանձնաժողովի` սույն ընթացակարգի 73-րդ կետով սահմանված որոշմանը կցվում է որակավորման ստուգմանը մասնակցած և որակավորման ստուգման նախորդ փուլերը չհաղթահարած մասնակիցների ցանկը` համապատասխան փուլերի արդյունքների մասին նշումներով:

75. Հանձնաժողովի առաջարկության հիման վրա նախարարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում շնորհում է հաշտարարի որակավորում կամ պատճառաբանված որոշմամբ մերժում է որակավորման շնորհումը:

76. Մասնակիցը պատշաճ ձևով տեղեկացվում է որակավորման ստուգման արդյունքների և որակավորում շնորհվելու կամ շնորհումը մերժելու մասին` համապատասխան որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

77. Որակավորման ստուգման արդյունքներով որակավորում շնորհված մասնակիցների տվյալները սույն ընթացակարգի 76-րդ կետով սահմանված ժամկետում հրապարակվում են նախարարության պաշտոնական կայքում:

79. Որակավորման ստուգման արդյունքներով որակավորման շնորհումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

80. Որակավորում շնորհելու մասին որոշում կայացվելու դեպքում համապատասխան մասնակցին տրվում է որակավորման վկայագիր` անժամկետ:

81. Որակավորման վկայագիրը տրամադրվում է որակավորման ստուգման արդյունքների մասին մասնակցին տեղեկացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

82. Որակավորման վկայագրում նշվում են`

1) որակավորման վկայագրի համարը,

2) որակավորման վկայագիր ստացած անձի անունը, ազգանունը, հայրանունը,

3) որակավորման վկայագիր տվող մարմնի անվանումը,

4) որակավորման վկայագիր տալու օրը, ամիսը, տարեթիվը,

83. Որակավորման վկայագիրը տրվում է մեկ օրինակից, որը վավերացվում է հանձնաժողովի նախագահի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությամբ և նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

84. Որակավորման վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում անձը դրա մասին դիմում է ներկայացնում նախարարություն: Նախարարությունը արտոնագրի կրկնօրինակը դիմողին տրամադրում է դիմումը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման վկայագրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

85. Որակավորման վկայագրի ստացած անձի անվան, ազգանվան փոփոխման դեպքում տվյալ անձը պարտավոր է այդ փոփոխության կատարման օրվանից տասը աշխատանքային օրվա ընթացքում դիմել նախարարություն` արտոնագրում համապատասխան փոփոխություն կատարելու կամ նոր որակավորման վկայագրի ստանալու համար: Սույն կետում նախատեսված դեպքում համապատասխան փոփոխությունները կատարվում են դիմումը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(հավելվածը փոփ. 31.10.23 N 640-Ն)

 

 

Հավելված N 4

Արդարադատության նախարարի

2023 թվականի հունիսի 22-ի

N 331-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Արբիտրների լիազորված ինստիտուտ (Chartered Institute of Arbitrators)

2. Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն (Centre of Effective Dispute Resolution)

3. Հաշտարարների հասարակություն (The Society of Mediators)

4. Մեդիտացիայի միջազգային ինստիտուտ (International Mediation Institute)

5. Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի ակադեմիա

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.05.2024, N 281-Ն 14.05.2024, N 331-Ն
31.10.2023, N 640-Ն 01.11.2023, N 331-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան