ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«29» նոյեմբերի 2023 թ. |
N 142-Ն |
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի «Նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» 76-Ն հրամանի հավելվածի՝
1) 7-րդ կետում «սեպտեմբերի 1-ից» բառերից հետո լրացնել «և ավարտվում է օգոստոսի 31-ին:» բառերով.
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10․ Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է.
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի երեխաներին.
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի երեխաներին.
3) զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայողի երեխաներին.
6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.
8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաներին:».
3) 8-րդ կետից հանել «. ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների» բառերը.
4) 8-րդ կետից հետո լրացնել նոր՝ 8.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8.1) Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ հաստատություններում ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում:».
5) 16-րդ կետի 3-րդ ենթակետում «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «(բնօրինակները մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը ներկայացվում են հաստատություն)».
6) 16-րդ կետից հետո լրացնել նոր՝ 16.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«16.1. սույն կարգով սահմանված առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումն իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը:»
7) 21-րդ կետի 5-րդ ենթակետում «վկայագիր» բառը փոխարինել՝ «տարածքային մանկավարահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացություն» բառերով.
8) 24-րդ կետում «օգոստոսի 20-ից մինչև 30-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը» բառերով:
9) 27-րդ կետից հետո լրացնել նոր՝ 27.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«27.1. Ոչ պետական և բնակավայրում միակը հանդիսացող համայնքային հաստատություններում կարող են ձևավորվել եռակազմ և քառակազմ տարատարիք խմբեր՝
1) եռակազմ խմբերում՝ առավելագույնը 25 սան.
2) քառակազմ խմբերում՝ առավելագույնը 20 սան:»
10) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Բնակավայրի բոլոր հաստատությունների սահմանային թվերի համալրված լինելու դեպքում տարիքային խմբերի սահմանաչափը կարող է գերազանցվել առավելագույնը 10 %-ով՝ բացառապես զինվորական ծառայության վայրը փոխած անձի երեխայի համալրման դեպքերում։
2. Սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված առաջնահերթությունները տարածվում են մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը հերթագրման դիմում ներկայացրած անձանց վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2023 թվական: