ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
12 մայիսի 2023 թ. N 52-Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12 կետը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին խրախուսելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն Կարգով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները և կարգավորում է դրա հետ կապված հարաբերությունները:
2. Անվանական կրթաթոշակը տրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) այն սովորողներին, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.
1) հանդիսանում են Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,
2) հանդիսանում են դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,
գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,
եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։
3) հանդիսանում են դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (թվով առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.
առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,
երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,
երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ:
3. Սովորողը սույն կարգի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերից երկուսի կամ երեքի հիմքով կրթաթոշակ ստացողների ցանկում ընդգրկվելու դեպքում կարող է ստանալ դրանց չափերի հանրագումարի չափով կրթաթոշակ:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) հանրակրթության վարչությունը սույն կարգի 2-րդ կետում նշված չափանիշներին բավարարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում նախարարի ստորագրմանն է ներկայացնում անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին հրամանի նախագիծ։
5. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված հրամանների հիման վրա նախապատրաստում և նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրման է ներկայացնում համապատասխան հաստատությունների (Արցախի Հանրապետության դպրոցների աշակերտների մասով՝ «ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հետ) հետ կնքվող պայմանագրերը։
6. Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը սույն կարգի 4-րդ կետում նշված հրամանը հրապարակում է նախարարության պաշտոնական կայքում։
7. Սահմանել, որ.
1) անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա (12 ամսվա) հաշվարկով, ընդ որում, անկախ հաստատության կազմակերպական-իրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով,
2) անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա (12 ամսվա) համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ,
3) կրթաթոշակ ստացող սովորողների ցանկը ենթակա է հրապարակման նաև կրթաթոշակ տրամադրող ուսումնական հաստատությունների ինտերնետային կայքում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2023 թվական: