ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 փետրվարի 2023 թ. |
N 10-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ (ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.6-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը)՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` |
Ժ. Անդրեասյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 10-Ն հրամանի |
ԿԱՆՈՆՆԵՐ (ՎԱՐՔԱԿԱՆՈՆ)
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (այսուհետ՝ վարքականոն) բխում են «Հանրակրթության մասին» օրենքով, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրություններով, հանրակրթական պետական չափորոշիչներով, ուսուցչին ներկայացվող մասնագիտական չափանիշներով սահմանված պահանջներից:
2. Սույն հավելվածով սահմանվում է ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին համապատասխան վարքականոն, որի նպատակն է՝
1) ուղղորդել հաստատության խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողներին՝ ապահովելու պատշաճ վարքագիծ.
2) ամրապնդել հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ.
3) ապահովել վարքագծի սկզբունքների կիրառման միասնականությունը։
3. Հաստատությունում մանկավարժական խորհրդի որոշմամբ, ելնելով հաստատության առանձնահատկություններից, համայնքում գործող ավանդույթներից, կարող են սահմանվել վարքականոնի առանձին դրույթների հավելումներ և լրացումներ՝ ներքին կարգապահական կանոններում՝ սույն կարգում ամրագրված նպատակներին ու հիմնական սկզբունքներին չհակասելու պայմանով:
2. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԸ
4. Խորհրդի անդամը՝
1) պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծել պաշտոնեական դիրքը.
2) պետք է լինի անկողմնակալ, օրինապահ, զուսպ, բարեկիրթ, համբերատար, հարգալից վարվի այն բոլոր անձանց նկատմամբ, ում հետ առնչվում է իր գործառույթներն իրականացնելիս.
3) չպետք է օգտագործի պաշտոնեական դիրքը՝ իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և այլ նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որոնք կարող են վնասել հաստատության կրթության կառավարմանը.
4) հաստատությունում իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս պետք է դրսևորի քաղաքականապես չեզոքություն և զսպվածություն.
5) պետք է թույլ չտա, որ անձնական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան խորհրդի անդամների պարտականությունների կատարման վրա.
6) չպետք է ստեղծի բարոյահոգեբանական ճնշող մթնոլորտ, որն անմիջական ազդեցություն կարող է ունենալ գործընկերների վրա.
7) իր լիազորությունները կատարելիս պարտավոր է խուսափել այնպիսի հարաբերություններից, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել շահերի բախում կամ որոնց առկայության պայմաններում հնարավորություն չի ունենա անաչառ և անկողմնակալ կատարելու իր պարտականությունները.
8) պետք է նախատեսված ժամկետում մասնակցի խորհրդի նիստերին, չպետք է խոչընդոտի խորհրդի մյուս անդամների աշխատանքային պարտականությունների կատարմանը:
3. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ
5. Մանկավարժական աշխատողը՝
1) պետք է գիտակցի իր սոցիալական դերի, հետևաբար՝ հասարակության մեջ սոցիալական դերը գիտակցող անհատի ձևավորման գործում իր առաքելությունը.
2) պետք է հարգի սովորողի անհատականությունը՝ անկախ նրա ազգությունից, տարիքային, ֆիզիկական, մտավոր, անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ռասայից, սեռից, լեզվից, ընտանեկան և սոցիալական կարգավիճակից.
3) որոշումներ ընդունելիս պետք է գործի ազնվորեն՝ ցուցաբերելով քաղաքավարություն, ողջամտություն.
4) պարտավոր է հաստատության գույքը, ֆինանսական միջոցները, տեղեկատվական միջոցները, էլեկտրոնային համակարգերը օգտագործել ծառայողական նպատակներով.
5) պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում անձնական այնպիսի լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց, որոնք կարող են հաստատությանը, գործընկերներին կամ սովորողներին վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ, հաստատության մասին հրապարակումներում պետք է լինի զուսպ և անկողմնակալ.
6) պարտավոր է հաստատությունում դրսևորել քաղաքական չեզոքություն, հաստատությունից դուրս իր գործունեության ոլորտի շահառուների (սովորող, ծնող) նկատմամբ դրսևորել զսպվածություն.
7) պարտավոր է զերծ մնալ հաստատությունում կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելուց.
8) պարտավոր է խուսափել նվեր ընդունել կամ տալ, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է մասնագիտական պարտականությունների իրականացման հետ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել իր կողմից իրականացվող մասնագիտական գործունեության որակի կամ համապատասխանության վրա:
4. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ – ՍՈՎՈՐՈՂ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Մանկավարժական աշխատողը՝
1) սովորողների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա.
2) պետք է դասարանում ձևավորի բարենպաստ մթնոլորտ, որին կարող է հասնել նաև սովորողներին վարքագծի կանոնները սովորեցնելու, հետևողականորեն դրանց կիրառմանը ուղղորդելու՝ սեփական օրինակի ճանապարհով.
3) պետք է անաչառ ու բարյացակամ լինի բոլոր սովորողների նկատմամբ, հետևողական՝ նրանց կրթական պահանջների բավարարման գործում, պատրաստակամությամբ արձագանքի այդ առնչությամբ ծագած բոլոր խնդիրներին.
4) պետք է նպաստի սովորողների մեջ այնպիսի դրական անձնային հատկանիշների ձևավորմանը, ինչպիսիք են՝ ինքնակրթությունը, ուսման արժևորումը, ինքնադաստիարակությունը, ինքնուրույնությունը, ինքնավերահսկումը, պատասխանատվությունը.
5) պետք է նպաստի սովորողների ներանձնային և միջանձնային հարաբերություններում դրսևորվող դրական այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են համագործակցելու, ապրումակցման, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը.
6) սովորողի մեջ սերմանի պատասխանատվություն հաստատության և հանրային սեփականություն համարվող գույքի պահպանման համար.
7) պետք է հարգի սովորողների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն դարձնի նրանց արտահայտած կարծիքներին ու հայացքներին և նրանց չպարտադրի իր սեփական հայացքները.
8) յուրաքանչյուր սովորողի հիմնարար իրավունքները երաշխավորելու համար պետք է հարգի յուրաքանչյուր սովորողի անձնական կյանքը և չտարածի կամ չփոխանցի սովորողի կողմից սոցիալական կայքերում.
9) պետք է պահանջկոտ և հետևողական լինի բոլոր սովորողների նկատմամբ, ընդ որում՝ այդ պահանջկոտությունը պետք է հիմնավորված լինի և բխի գործընթացի կազմակերպման համընդհանուր շահերից.
10) պարտավոր է գաղտնի պահել սովորողի մասնավոր կյանքին առնչվող տեղեկությունը, ինչպես նաև նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Սովորողի անձին վերաբերող տեղեկությունը կարող է օգտագործվել բացառապես ի շահ սովորողի.
11) պետք է սովորողներին ծանոթացնի հաստատության սահմանած ներքին կարգապահական կանոններին, ուղղորդի, աջակցի և հետևի դրանց կատարմանը.
12) ելնելով իր, նաև ոլորտի հեղինակության պահպանման շահերից՝ պետք է անաչառ լինի սովորողներին գնահատելիս, գնահատումը պետք է լինի հիմնավորված և անկողմնակալ՝ բարոյական արժեքներին ու սկզբունքներին համապատասխան։ Սովորողների նվաճումները գնահատելիս ուսուցիչը պարտավոր է ձգտել օբյեկտիվության և արդարության։ Իրավունք չունի սեփական հայեցողությամբ բարձրացնելու կամ իջեցնելու սովորողների գնահատականները, առաջադիմությունն արհեստականորեն բարձրացնելու նպատակով նրանց փոխարեն ուղղելու թույլ տված սխալները կամ քողարկել դրանք.
13) չպետք է դրսևորի կոպիտ, արհամարհական վերաբերմունք սովորողի անձի նկատմամբ, պետք է զերծ մնա անհիմն, կրկնվող մեղադրանքներից:
5. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ - ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Մանկավարժական աշխատողը՝
1) պետք է ձգտի գործընկերների հետ ակտիվ համագործակցության, փոխադարձաբար հարգի և օգնի գործընկերոջը` ի շահ հաստատության։ Գործընկերներին պետք է միավորի փոխադարձ վստահությունը, թիմային համերաշխությունը, միմյանց աջակցելու ազնիվ մղումն ու պատրաստակամությունը.
2) պարտավոր է պաշտպանել ոչ միայն իր, այլև հաստատության, յուրաքանչյուր գործընկերոջ հեղինակությունը։ Սովորողների կամ այլ անձանց ներկայությամբ չպետք է քննադատի գործընկերներին.
3) գործընկերների և ղեկավարության աշխատանքային գործունեության գնահատումը մանկավարժական աշխատողի իրավունքն ու պարտականությունն է, ուստի արգելվում է քննադատության համար վերջինիս հետապնդումը։ Ցանկացած դիտարկում պետք է լինի հաստատության ներսում, անաչառ և հիմնավոր, արվի նրբանկատ կերպով, ոչ վիրավորական շեշտով։ Բամբասանքն անհանդուրժելի է հաստատությունում.
4) պարտավոր է խուսափել աղմկահարույց իրավիճակներ ստեղծելուց և ընդհարումներ հրահրելուց։ Տարաձայնությունների առաջացման դեպքում պետք է ձգտի հարթել դրանք` ցուցաբերելով կառուցողական մոտեցում.
5) չպետք է թաքցնի գործընկերների գործած սխալներն ու զանցանքները, չպետք է իր քաղաքական և կրոնական կողմնորոշումը պարտադրի այլ անձանց.
6) հանրակրթության ոլորտի աշխատակիցների, սեփական իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով կարող է համերաշխություն արտահայտել գործընկերների, նրանց միությունների օրինական պահանջներին:
6. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ - ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Մանկավարժական աշխատողը՝
1) պետք է հարգալից և փոխըմբռնումով վերաբերվի սովորողների ծնողներին, սովորողի կրթության իրավունքն իրացնելու գործում նրանց ընդունի որպես աջակից.
2) չպետք է հրապարակի ինչպես սովորողների, այնպես էլ ծնողների՝ միմյանց մասին իրեն վստահած կարծիքներն ու դիտարկումները.
3) ծնողների հետ մանկավարժական աշխատողի հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն սովորողների գնահատականի կամ կրթական այս կամ այն ծրագրերում նրանց չհիմնավորված ներառելու կամ չներառելու հանգամանքի վրա.
4) մանկավարժական աշխատող-սովորող փոխհարաբերությունների և սովորողների գնահատականների վրա ոչ մի կերպ չպետք է ազդի սովորողների ծնողների կողմից հաստատությանը ցուցաբերված աջակցությունը՝ անկախ դրա ձևից, չափից, կարևորությունից և բարդության աստիճանից.
5) սովորողի անվտանգության նկատառումներց ելնելով՝ խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում ցանկալի է, որ մանկավարժական աշխատողը հարցը պարզաբանի տվյալ սովորողի ծնողի հետ, անհամաձայնության դեպքում դիմի դասղեկին, հետո՝ հաստատության տնօրենի տեղակալին, տնօրենին.
6) պետք է ծնողին իրազեկի, որ խնդրահարույց հարցերի առկայության դեպքում ցանկալի է մինչև կրթության գերատեսչական մարմին դիմելը հարցը պարզաբանել հաստատությունում:
7. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
9. Հաստատությունում վարքականոնի կենսագործումն իրականացվում է անհատի գիտակցման, համարժեք վարքագծի դրսևորման, իսկ վերահսկողությունը՝ ինքնագնահատման, հասարակական կարծիքի զուգակցման ու համագործակցման միջոցով:
10. Հասարակական դերակատարումը պատշաճ իրականացնելու նպատակով մանկավարժական աշխատողի համար կարևոր է վարքականոնի կիրառումը իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս:
11. Հաստատությունում մանկավարժական աշխատողների գործունեությունն ու վարքագիծը վերահսկելու, կարողությունը խթանելու նպատակով հաստատության տնօրենը պարտավոր է իրականացնել փաստաթղթի դրույթների պատշաճ իրազեկում, որոնք հասցեատերը պարտավոր է յուրացնել ու դարձնել իր գործելակերպի և մտադրությունների ուղեցույց:
12. Հաստատության ղեկավարությունն իրավունք չունի ուսուցչից պահանջելու կամ սեփական նախաձեռնությամբ՝ առանց ուսուցչի գիտության, հավաքելու նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, եթե դա ուղղակիորեն չի առնչվում վերջինիս կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարմանը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2023 թվական: