ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
01 հուլիսի 2022 թ. |
N 23-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 609-Ն հրամանի՝
1) վերնագրից հանել «լրացման,» բառը.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12.1 կետը՝»
3) 1-ին կետից հանել «բաշխման, լրացման» բառերը.
4) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով.
5) hավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 1-ի N 23-Ն հրամանի |
«Հավելված 1 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՎԻՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին տրամադրվող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի հաշվառման, ձևավորման, պահպանման և խոտանման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն) շրջանավարտների հիմնական կրթության վկայականները (այսուհետ` վկայական) և միջնակարգ կրթության ատեստատները (այսուհետ` ատեստատ, միասին՝ ավարտական փաստաթղթեր) Հայաստանի Հանրապետության պետական նմուշի հատուկ հաշվառման փաստաթղթեր են, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
3. Հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանն ավարտած և սահմանված կարգով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտին տրվում է վկայական, իսկ հանրակրթական ծրագրերի երրորդ աստիճանն ավարտած և սահմանված կարգով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտին` ատեստատ:
II. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
4. Վկայականը և ատեստատը ձևավորվում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ինքնաշխատ եղանակով, և ստորագրվում են կրթության կառավարման լիազոր մարմնի ղեկավարի և ուսումնական հաստատության տնօրենի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ։
5. Վկայականում լրացվում են ուսումնառության վերջին 2 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:
6. Ատեստատում լրացվում են ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և պետական ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները:
7. Ավարտական փաստաթղթերում յուրաքանչյուր ուսումնական առարկայի տարեկան, ինչպես նաև քննական գնահատականները լրացվում են բալային համակարգին համապատասխան` թվանշանով։
8. Ուսումնական որևէ առարկայից տարեկան չգնահատված սովորողի վկայականում և ատեստատում տվյալ առարկայի մասով նշում չի իրականացվում: Առողջական վիճակի պատճառով առանձին առարկաների պարապմունքներից ազատված սովորողների վկայականում և ատեստատում տվյալ առարկայի մասով նշում չի իրականացվում:
III. ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՏԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
9. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վկայականները և ատեստատները գրանցվում են համապատասխան բաշխման մատյաններում՝ ինքնաշխատ եղանակով:
10. Բաշխման մատյաններում գրանցվում է սովորողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, դպրոց ընդունվելու և ավարտելու տարին, վկայականի կամ ատեստատի համարը, տրման ամսաթիվը։ Տնօրենը բաշխման մատյանից ավարտական փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը տրամադրում է յուրաքանչյուր շրջանավարտի: Շրջանավարտը կամ նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը), ըստ անհրաժեշտության, կարող է verify.e-gov.am կայքում մուտքագրել ավարտական փաստաթղթի համարն ու ամսաթիվը և ներբեռնել ավարտական փաստաթուղթը:
11. Բաշխման մատյանները պահպանվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ՝ էլեկտրոնային տարբերակով։
12. Վկայականների և ատեստատների բաշխման մատյանները հասանելի են կրթության ոլորտում պետական լիազոր մարմնին և Կրթության տեսչական մարմնին՝ ամբողջությամբ, ուսումնական հաստատությանը՝ իր մասով, իսկ լիազորված մարմիններին՝ ըստ ենթակայության:
13. Վկայականները և ատեստատները պահպանվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հասանելի են Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգում (verify.e-gov.am):
14. Կրկնօրինակների տրամադրման համար նախատեսված վկայականները և ատեստատները պահպանվում են կրթության կառավարման պետական լիազոր մարմնի պետական նմուշի փաստաթղթերի վարման բաժնում` չհրկիզվող պահարաններում:
IV. ՎԿԱՅԱԿԱՆԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՏԻ ԽՈՏԱՆՈՒՄԸ
15. Էլեկտրոնային ավարտական փաստաթղթում սխալ հայտնաբերելիս կամ դրա ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է ակտով` համապատասխան փաստաթղթերի (գրություն-միջնորդագիր՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) անունով, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություններից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից, ակտ՝ խոտանման վերաբերյալ և խոտանված ատեստատի կամ վկայականի բնօրինակ) առկայության դեպքում, իսկ անձնական տվյալների փոփոխության դեպքում տրվում է տեղեկանք համապատասխան մարմինների կողմից` առկայության դեպքում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում խոտանված փաստաթղթի համար կատարվում է նշում՝ «անվավեր», և ձևավորվում է նոր փաստաթուղթ՝ սույն կարգին համապատասխան։
16. Կորած և խոտանված ավարտական փաստաթղթի կրկնօրինակի վրա դրվում է «Կրկնօրինակ» դրոշմը:
17. Մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ տրամադրված պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակները տրամադրվում են թղթային տարբերակով՝ սույն կարգի համաձայն։
18. Մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ լուծարված հաստատության իրավահաջորդի բացակայության պարագայում կրկնօրինակը տրամադրվում է նախարարության կողմից, տրամադրվող կրկնօրինակի վրա դրվում է նախարարության գլխավոր քարտուղարի կնիքը և ստորագրությունը:
19. Ավարտական փաստաթուղթը կորցրած անձը (կամ նրա ներկայացուցիչը` լիազորագրով) կրկնօրինակ ստանալու համար դիմում է այն ուսումնական հաստատություն, որն ավարտել է.
1) ուսումնական հաստատության տնօրենը դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում գրություն-միջնորդագրով դիմում է համապատասխան լիազոր մարմին` ներկայացնելով քաղաքացու դիմումը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականներով տեղեկանքը՝ դպրոցն ավարտելու ուսումնական տարվա և ստացած ավարտական փաստաթղթի համարի նշմամբ,
2) լիազոր մարմինը տնօրենի գրություն-միջնորդագիրը (կից` քաղաքացու դիմումը և գնահատականներով տեղեկանքը) ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, դիմում է նախարարություն` ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կրկնօրինակ տրամադրելու համար, իսկ նախարարության ենթակայության ուսումնական հաստատության տնօրենը 1 աշխատանքային օրվա ընթացքում գրություն-միջնորդագրով (կից` քաղաքացու դիմումը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը և տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականներով տեղեկանք) դիմում է նախարարություն,
3) գրություն-միջնորդագիրը նախարարություն մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, արխիվային հիմքերի առկայության դեպքում նախարարի հրամանով տրամադրվում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակ, որի մասին լիազոր մարմինը կամ նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ,
4) լիազոր մարմինը նախարարի հրամանով հատկացված կրկնօրինակի վերաբերյալ գրությունը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունից ստանում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը և 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնում համապատասխան ուսումնական հաստատության տնօրենին, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում և հանձնում է ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կամ նրա լիազորած ներկայացուցչին,
5) նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունը նախարարի հրամանով հատկացված կրկնօրինակի վերաբերյալ գրությունը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունից ստանում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը և 1 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում, հանձնում է ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կամ նրա ներկայացուցչին,
6) նախարարության արխիվային հիմքերի բացակայության դեպքում տվյալ ուսումնական հաստատությունը գրավոր կամ էլեկտրոնային փոստով 1 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացվում է` ներկայացնելու համապատասխան ուսումնական տարվա ավարտական փաստաթղթերի բաշխման մատյանի պատճենը՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո վերը նշված ընթացակարգով տրամադրվում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը:
20. Լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթուղթը կորցրած անձին արխիվային հիմքերի առկայության դեպքում տրվում է կրկնօրինակ`
1) ավարտական փաստաթուղթը կորցրած անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումի համաձայն լիազոր մարմնին (նախարարություն, Հայաստանի Հանրապետության մարզպետարան, Երևանի քաղաքապետարան) ներկայացնելով արխիվային տեղեկանք` գնահատականների նշումով,
2) լիազոր մարմինը դիմումը և արխիվային տեղեկանքը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրություն-միջնորդագրով դիմում է նախարարություն` ավարտական փաստաթուղթը կորցրած անձին կրկնօրինակ տրամադրելու համար,
3) գրություն-միջնորդագիրը նախարարություն մուտքագրվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով տրամադրվում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակ, որի մասին լիազոր մարմինը կամ դիմումատուն 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է գրությամբ,
4) լիազոր մարմինը նախարարի հրամանով հատկացված կրկնօրինակի մասին գրությունը ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունից ստանում է ավարտական փաստաթղթի կրկնօրինակը, 1 աշխատանքային օրվա ընթացքում լրացնում, դնում է աշխատակազմի կնիքը և ավարտական փաստաթուղթը հանձնում քաղաքացուն կամ նրա լիազորված ներկայացուցչին,
5) նախարարության ենթակայության ուսումնական հաստատության փաստաթուղթը կորցրած անձը կամ նրա լիազորված ներկայացուցիչը նախարարի հրամանով հատկացված կրկնօրինակի մասին գրությունը ստանալուց հետո՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունից ստանում է լրացված ավարտական փաստաթուղթը` նախարարության աշխատակազմի կնիքով,
6) լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթում սխալ գրառում հայտնաբերելիս կամ տարբեր պատճառներով ոչ պիտանի դառնալու դեպքում այն խոտանվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով, և տրվում է կրկնօրինակ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 01 հուլիսի 2022 թվական: